ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի խաղարկությունը կարող է դառնալ լիգա

ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի խաղարկությունը կարող է դառնալ լիգա

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի խաղարկությունը կարող է ընդլայնվել և դառնալ մեծ լիգա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը: «Ընդհանուր առմամբ, հյուրերը շատ գոհ են հեռանում Հայաստանից: Նպատակ ունենք ԵԱՏՄ գավաթի խաղարկությունը մեծացնել և դարձնել առանձին լիգա: Մի բան մեզ համար հստակ է` «Ուրարտու»-ն պատրաստ է միջազգային ասպարեզներում հանդես գալուն»,- ասաց Գիլոյանը:

Խոսելով ակումբի երեք խաղերի մասին` «Ուրարտու»-ի նախագահը փաստեց, որ մեկնարկում «տան պատերը» չէին օգնում բասկետբոլիստներին, քանի որ լարվածությունն ու պատասխանատվության զգացումը մեծ էր:

ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի առաջին խաղարկության հաղթողը Երևանի «Ուրարտու»-ն է, որը որոշիչ խաղում մրցեց և հաղթեց ռուսաստանյան «Արսենալ»-ին: Առաջին քառորդում գրեթե հավասար պայքար էր ծավալվել և միայն վերջնամասում «Ուրարտու»-ն առաջ անցավ հաշվի մեջ` 20:12: Երկրորդ քառորդում երևանյան ակումբի խաղացողներն սխալվում էին պաշտպանությունում: Սակայն «Ուրարտու»-ն պահպանեց հաշվի մեջ ունեցած առավելությունը, և թիմերը մեծ հանգստի գնացին 10 միավորի տարբերությամբ` 46:36:

Երրորդ քառորդը լի էր փոխադարձ սխալներով: Ռուսական թիմին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, և խաղակեսն ավարտվեց 64:57 հաշվով՝ հօգուտ «Ուրարտու»-ի: Առավել լարված չորրորդ քառորդն ավարտվեց «Ուրարտու»-ի առավելությամբ և թիմն, ի վերջո, խաղը շահեց 92:73 հաշվով` հաղթելով առաջին անգամ անցկացվող ԵԱՏՄ գավաթի խաղարկությունում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում