Հայ մարզիկները հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել

Հայ մարզիկները հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբու Դաբիում 2019 թվականի մարտի 8-22-ը անցկացվող հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում հայ մարզիկները երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լողորդ Ռոբերտ Պետրոսյանը 50 մ թիկնալող վարժությունում դարձել է խաղերի հաղթող, իսկ 50 մ ազատ ոճի լող վարժությունում գրավել է 6-րդ տեղը (մարզիչ՝ Հմայակ Հայրապետյան): Ատլետիկայի մրցումներում վազորդ Գևորգ Մանուկյանը հավասարը չի ունեցել 100 մ վազք մրցաձևում՝ դառնալով ոսկե մեդալակիր, իսկ թափավազքով հեռացատկ վարժությունում բրոնզ մեդալ է նվաճել (մարզիչ՝ Էրիկ Մարտիրոսյան):

Խաղերին մասնակցած հայ մարզիկները ներկայացնում են «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը, որը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից յուրաքանչյուր տարի ստանում է 2 մլն դրամ պետական աջակցություն՝ ՀՀ առաջնություններ կազմակերպելու և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար:

Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերն անցկացվում են օլիմպիական ցիկլով: 2019 թվականի հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին մասնակցել են 190 երկրի 7500 մարզիկներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում