Արցախի թիմը ֆուտբոլի Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությանը կներկայանա արցախցի ֆուտբոլիստներով

Արցախի թիմը ֆուտբոլի Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությանը կներկայանա արցախցի ֆուտբոլիստներով

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությանը Արցախի թիմը կներկայանա բացառապես արցախցի ֆուտբոլիստներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն, Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը:

«Արցախի Հանրապետությունը, լինելով ազգային եւ համամարդկային արժեքների կրող, կարեւորելով եւ ողջունելով ֆուտբոլի միջոցով բոլորին միավորելու և երկրների և ժողովուրդների միջև կամուրջներ գցելու Conifa-ի նախաձեռնությունը, իր պատրաստակամությունն է հայտնել ընդունել առաջնությունը»,- ասաց նախարար Նարինե Աղաբալյանը: Վերջինիս խոսքով` այս առաջնության պատմության մեջ խաղերը կկազմակերպեն միաժամանակ 4 մարզադաշտում` Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու դաշտերում:

«Մեզ համար բացառիկ հնարավորություն է ներկայացնելու Արցախն այնպիսին, ինչպիսին կա։ Ցավալիորեն, վերջին տասնամյակների ընթացքում Արցախը միշտ ներկայանում է քաղաքական շղարշի տակ, ինչը թույլ չի տալիս ճանաչելու իրական Արցախը»,-շեշտեց Աղաբալյանը:

Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանի խոսքով Արցախի թիմն արդեն իսկ սկսել է նախապատրաստվել առաջնությանը:

«Արցախի թիմի բոլոր ֆուտբոլիստները արցախցիներ են», -շեշտեց Դանիելյանը:

Արցախում կայանալիք գավաթի խաղարկությանը կմասնակցի ընդհանուր առմամբ 12 թիմ, որոնք բաժանված են 4 ենթախմբի:

Խմբերում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը դուրս կգան հաջորդ` ¼ փուլ: Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության բոլորը հանդիպումները կանցկացվեն Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում:

Թիմերն ըստ խմբերի բաժանվել են.

A խումբ – Արցախ, Լապլանդիա, Լուգանսկ
B խումբ – Աբխազիա, Նիսի կոմսություն, Չամերիա
C խումբ – Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա
D խումբ – Սեկեյների երկիր, Արեւմտյան Հայաստան, Հարավային Օսիա։

Գավաթի խաղարկությունը կանցկացվի հունիսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում