«Ման. Սիթի»-«Չելսի»՝ 1-1. Լեմպարդն «ազնվականներին» զրկեց հաղթանակից (տեսանյութ)

Ով կմտածեր, որ օրերից մի օր «Չելսիի» լեգենդ Ֆրենկ Լեմպարդը ոչ թե կօգնի լոնդոնցիներին միավորներ վաստակել, այլ կզրկի նրանց միավորներից:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում վարձավճարով «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես եկող կիսապաշտպանը հենց այդպես էլ արեց՝ 85-րդ րոպեին խփելով իր թիմի պատասխան գնդակը:

Համառ պայքարում անցած մրցավեճում առաջինը իրենց ստեղծած վտանգավոր պահը գոլի վերածեցին լոնդոնցիները. Նրանց կազմում 70-րդ րոպեին աչքի ընկավ Անդրե Շյուռլեն: Մինչ այդ՝ 65-րդ րոպեին «քաղաքաբնակները» 10 հոգով էին մնացել. 2-րդ դեղինը ստանալով՝ խաղադաշտից ժամանակից շուտ լքել էր Պաբլո Սաբալետան:

Այդուհանդերձ, ո՛չ մեկ ֆուտբոլիստ պակաս ունենալու, և ո՛չ էլ 0-1 հաշվով պարտվելու հանգամանքը չընկճեց տանտերերին: Նրանք շարունակեցին ուղիներ փնտրել դեպի մրցակցի դարպասը, և վտանգավոր գրոհներից մեկի ժամանակ իր նախկին թիմի դարպասը գրավեց փոխարինման դուրս եկած Ֆրենկ Լեմպարդը, ով, իհարկե, չտոնեց խփած գնդակը: 1-1, և Մանուել Պելեգրինիի սաներն ընդհատում են «Չելսիի» հաղթական շարքը:

Այս խաղից հետո «Չելսին» ունի 13 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Սիթին» 8 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի»-«Չելսի»` 1:1

Գոլերը` Լեմպարդ 85՛ – Շյուռլե 70՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում