Ըստ Ֆլորենտինո Պերեսի՝ երկրպագուները չափն անցնում են

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ընդգծել է, որ թիմի ավագ Իկեր Կասիլյասին ուղղած սուլոցները չեն կարող առողջ քննադատություն համարվել, և ավելի ճիշտ կլինի, որ թույլ տան ֆուտբոլիստին հանգիստ մարզվել:

«Կասիլյասի մասին կարող եմ ասել, որ նա արժանի է մեր հարգանքին: Նա 15 տարի է անցկացրել մեր թիմում և արժանի չէ վերջերս իրեն ուղղված սուլոցներին: Ըստ իս՝ այդ սուլոցները չեն օգնում մեզ ավելի ուժեղ դառնալ: Եկե՛ք թողնենք, որ նա աշխատի առանց ճնշման, և որ մարզիչն անի այն, ինչ պետք է անի»,-Պերեսի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Վերջին ժամանակներս «Ռեալի» կազմում միայն Կասիլյասը չէ, որ սուլոցների արժանանում. հանդիպումների ժամանակ Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում հավաքված երկրպագուները հաճախ են սուլում և քննադատական խոսքեր վանկարկում թիմի և ակումբի ղեկավարության հասցեին: Այս ամենը, Պերեսի կարծիքով, ողջունելի չէ:

«Չպետք է անցնենք այն սահմանը, որը, մեզ ավելի ուժեղ դարձնելու փոխարեն, թուլացնում է: Բերնաբեուում չափից շատ սուլոցներ եմ լսում: Չպետք է թակարդն ընկնենք, քանի որ արդեն նկատելի է, որ այս ամենը սկսել է թուլացնել մեզ: Պետք է միասնական լինենք, որպեսզի պաշտպանվենք նրանցից, ովքեր «Ռեալ Մադրիդի» կողմից չեն կամ փորձում են ինչ-որ կերպով ազդել թիմի վրա: Մեր ուժը միասնության մեջ է: Թույլ չտանք, որ օգտագործեն մեզ»,-ասել է Պերեսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում