Մոուրինյո. «Չելսիի» հետ Լեմպարդի սիրո պատմությունն ավարտված է

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ, եթե իրեն խնդրեն խոսել թիմի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի մասին, ապա նա կարող է անդրադառնալ միայն նրա՝ «Չելսիում» անցկացրած տարիներին, իսկ այսօրվա Լեմպարդի մասին ոչինչ ասել չի կարող, քանի որ նա այլևս իր խաղացողը չէ:

«Ֆրենկ Լեմպարդը «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է: Այն պահին, երբ նա որոշեց միանալ մեր ուղղակի մրցակիցներին, նրա սիրո պատմությունը «Չելսիի» հետ ավարտվեց: Չեմ հավատում կրքին և սրտին նվիրված պատմություններին. գուցե ֆուտբոլում ես շատ պրագմատիկ եմ: Նա կատարեց իր աշխատանքը որպես պրոֆեսիոնալ: Խոսել Ֆրենկի մասին նշանակում է խոսել նրա հետ ունեցած անցյալի մասին՝ այն մասին, թե ինչպիսի ֆուտբոլիստ էր նա ինձ համար և ինչ նշանակություն ուներ իմ կարիերայում: Չեմ հոգնի այդ մասին խոսելուց, բայց այն պահից, ինչ նա «Սիթիի» խաղացող է, նրա մասին չեմ խոսում. ես չեմ խոսում այլ թիմերի խաղացողների մասին»,-Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

ԱՊԼ 5-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» խաղում Ֆրենկ Լեմպարդը խփեց իր թիմի պատասխան գնդակը՝ հաշիվը դարձնելով 1-1 և իր նախկին թիմին զրկելով հաղթանակից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում