Անչելոտի. Իկերը շատ լավ մարզավիճակում է

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ գոհ է դարպասապահ Իկեր Կասիլյասի խաղից և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի օրինակին հետևելով՝ ընդգծել է միասնականության կարևորությունը:

«Իկերը շատ լավ մարզավիճակում է: Ինչպես երեկ նախագահն ասաց միասնականությունը շատ կարևոր է: Երեք կարևոր բաղադրիչներ կան՝ ակումբը, խաղացողները և երկրպագուները: Միասնական լինելով ավելի հեշտությամբ կհասնենք մեր նպատակներին: Նախորդ մրցաշրջանի վերջում մենք համախմբված էինք, և համոզված եմ, որ դրա շնորհիվ նվաճեցինք այն, ինչ նվաճեցինք»,-Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:

Երեկ «արքայական ակումբի» նախագահ Ֆորենտինո Պերեսը նշել էր, որ երկրպագուները ֆուտբոլիստներին և ակումբի ղեկավարությանն ուղղված իրենց քննադատություններով արդեն անցնում են թույլատրելիի սահմանները, և դա ավելի շատ վնասում է թիմին, քան օգնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում