Հայտնի են Իսպանիայի 2013-14թթ. առաջնության լավագույնները

Այս գիշեր Մադրիդում կայացել է Իսպանիայի 2013-14թթ. առաջնության մրցանակաբաշխությունը:

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հաղթող է ճանաչվել միանգամից 3 անվանակարգում: 29-ամյա պորտուգալացին ճանաչվել է առաջնության լավագույն ֆուտբոլիստ, լավագույն ռմբարկու և լավագույն գոլի հեղինակ (ավագույնն է ճանաչվել Ռոնալդուի` «Վալենսիայի» դարպասը խփած գոլը):

2013-14թթ. առաջնության լավագույն մարզիչը Դիեգո Սիմեոնեն է, ում գլխավորությամբ Մադրիդի «Ատլետիկոն» հաղթեց Իսպանիայի առաջնության չեմպիոնական պայքարում: Նախորդ մրցաշրջանի արդյունքներով Պրիմերայի լավագույն պաշտպան է ճանաչվել «Ռեալից» Սերխիո Ռամոսը: Լավագույն պաշտպանավողական ոճի կիսապաշտպանը ևս «Ռեալից» է` Լուկա Մոդրիչը, իսկ լավագույն հարձակվողական ոճի կիսապաշտպանի կոչմանն արժանացել է «Բարսելոնայից» Անդրես Ինյեստան:

Լավագույն դարպասապահի կոչման համար պայքարում հաղթող է ճանաչվել Կեյլոր Նավասը, ով այժմ հանդես է գալիս «Ռեալում», իսկ նախորդ մրցաշրջանում պաշտպանում էր «Լևանտեի» գույները:

Մրցաշրջանի հայտնություն անվանակարգում տիտղոսը շնորհվել է Ռաֆայել Ալկանտարային («Սելտա», «Բարսելոնա»):  «Ռեալ Սոսյեդադն» արժանացել է ֆեյր-փլեյի մրցանակի: Մրցանակ է սահմանվել նաև Իսպանիայի առաջնության լավագույն աֆրիկացի և հարավամերիկացի ֆուտբոլիստների համար: Առաջին անվանակարգում հաղթել է «Պորտուի» կիսապաշտպան Յասիմ Բրաիմին, ով խաղում էր «Գրանադայում», իսկ երկրորդում` «Սևիլյայից» Կարլոս Բակկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում