«Մոնակոն» հետաքրքրված է Օզբիլիզի ծառայություններով

Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը «Ֆուտբոլ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Դորտմունդի «Բորուսսիա» տեղափոխության մասին:

– Երեք տարի առաջ ես անմիջական մասնակցություն եմ ունեցել, որպեսզի Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվի դոնեցկյան ակումբ: Ես գոհ եմ «Շախտյորում» Մխիթարյանի խաղից , քանի որ նա «Շախտյորին» միայն հաղթանակներ ու դրական էմոցիաներ է պարգևել: «Շախտյորն» էլ Մխիթարյանին մեծատառով ֆուտբոլիստ է դարձրել, ով արդեն տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսսիա»: Կարծում եմ, որ այդ տրանսֆերը բոլորի համար շատ լավ էր:

– Իսկ ի՞նչ կասեք բանակցությունների մասին: Ինչպե՞ս ստացվեց, որ «Բորուսսիան» «Լիվերպուլի» քթի տակից տարավ Մխիթարյանին:

– «Լիվերպուլի» պարագայում ես բանակցություններ էի վարում մինչ այն պահը, երբ Հենրիխի հետ կապված որոշակի ինտրիգներ սկսվեցին: Սկզբունքորեն, «Լիվերպուլը» շատ վաղուց հետաքրքրվում էր Մխիթարյանի ծառայություններով: Նրանք պատրաստ էին 25մլն եվրոյի սահմաններում գնել նրան: Անկասկած, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դորտմունդի «Բորուսսիան», ով ավելի շատ ֆուտբոլիստներ էր վաճառել ու ավելի շատ գումար էր ստացել, նրանք 27.5մլն եվրոյով իրենց ակումբի համար ռեկորդ սահմանեցին: Կարծում եմ, որ Դորտմունդը երբեք իր պատմության ընթացքում այդպիսի գումարով ֆուտբոլիստ չի գնել:

– Եթե խոսենք թվերի լեզվով 27,5մլն եվրոն շա՞տ է, թե՞քիչ այնպիսի ֆուտբոլիստի համար, ինչպիսին Մխիթարյանն է:

– «Բորուսսիայի» համար դա ռեկորդային գումար է, բայց մենք տեսնում ենք, որ «Շախտյորը» Եվրոպայի առաջատար ակումբերից մեկն է, ոչ միայն ֆուտբոլում, այլև ֆուտբոլիստների վաճառքի հարցում, որը շատ գրավիչ պահ է ակումբի տրանսֆերային քաղաքականության առումով: Այդ իսկ պատճառով հենց վաճառքը, այլ ոչ թե գնում է հանդիսանում այդ չափանիշը, որով գնահատում են ֆուտբոլային ակումբի աշխատանքը:

– Այդ գումարի ո՞ր մասն է «Շախտյորը» ստացել՝ հաշվի առնելով այն փաստը, որ թիմին էր պատկանում ֆուտբոլիստի իրավունքների միայն մի մասը:

– Սկզբում՝ դեռ երեք տարի առաջ, երբ ֆուտբոլիստի և «Շախտյորի» միջև պայմանագիր էր կնքվել, որին մասնակցել էր նաև Մկրտչյանը, պայմանագրում նշված էր, որ ֆուտբոլիստի իրավունքների 50 %-ը տնօրինում է «Շախտյորը», իսկ մյուս կեսը պատկանում է Մկրտչյանին: 50 % իրավունքների համար «Շախտյորը» վճարել է 7.5մլն եվրոն, երբ Հենրիխը դեռ այսօրվա Հենրիխը չէր: Հաշվի առնելով, որ «Շախտյորը», որ գործնական հարաբերություններում իրեն շատ ազնիվ ու ճիշտ է պահում, ապա Մկրտչյանը լրացուցիչ ևս 13.750.000 եվրո կստանա: Այսօր աշխարհում շատ տարածված է այդ պրակտիկան, երբ ֆուտբոլիստի իրավունքների մի մասը տնօրինում են այլ ընկերություններ, անձիք, ովքեր պատրաստ են ֆուտբոլիստների վրա ներդրումներ կատարել: Երբ Հենրիխը տեղափոխվեց «Շախտյոր», նույն Մկրտչյանը իրավունքների 50 %-ի վրա ներդրում էր կատարել:

Շատ կարևոր է գործ ունենալ այնպիսի մարդկանց ու ակումբի հետ, օրինակ «Շախտյորի» հետ: Այդ թիմը Մկրտչյանի հետ համաձայնեցնում էր ցանկացած մանրուք, քանի որ դոնեցկյան ակումբը բիզնեսի բնագավառում նույնպես շատ ազնիվ գործընկեր է: Նույնը չէի ասի Մկրտչյանի վերաբերյալ: Ես նրա հետ գործնական հարաբերություններ ունեմ կապված հավաքականի ֆուտբոլիստ Օզբիլիզի հետ: Նա Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ է, որի հանդեպ իրավունքները հավասարապես կիսված են: Այժմ «Կուբանը» Օզբիլիզին վաճառելու երկու առաջարկ է ստացել, մեկը «Մոնակոյից»: Բայց ցավոք, պարոն Մկրտչյանը «Շախտյորի» նման չի գործում՝ մաքուր, թափանցիկ և բաց, նա նույնիսկ ինձ, որպես գործընկեր ինձ ոչինչ չի հայտնել: Այնպես որ այդպիսի երկակի ստանդարտներ էլ են պատահում: Բայց մեզ դատարանը կդատի, դա արդեն գործի երկրորդ մասն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում