Հայաստանի կրթության համակարգում վիրաբուժական միջամտությունների ժամանակն է. Արմեն Աշոտյան

Հայաստանի կրթության համակարգում բավականին լուրջ վիրաբուժական միջամտությունների անհրաժեշտություն կա: Նման տեսակետ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Ուսման վարձերի թանկացման որոշումը բուհերինն է: Բայց պետք է խոստովանեմ, որ երկար տարիներ փորձել ենք զսպել այդ գործընթացն ու խն դրել ռեկտորներին նման որոշում չկայացնել, թեպետ նրանք ունեցել են լուրջ հիմքեր դրա համար: Թանկացման կարևոր հիմքերից է այն, որ բուհերի ֆինանսատնտեսական վիճակը մոտ ապագայում վատթարանալու է և պետք է նշեմ, որ արդեն վատթարացել է’ կապված բուհերի թերհամալրման հետ: Մյուս կողմից’ բավականին մեծ են պրոֆեսորադասախոսական, ինչպես նաև սպասարկող աշխատակիցների կազմերը, որոնց կրճատմանը մենք չենք գնացել հասկանալի պատճառներով: Բայց եթե այսօր չկարողանանք կտրուկ քայլեր ձեռնարկել, մոտ ապագայում համակարգը կկանգնի լուրջ ճգնաժամի առջև»,-Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքերով’ կրթությունը Հայաստանում թանկ էր նաև մինչ այս որոշումը: «Կրթությունը մատչելի չէր ամբողջությամբ բոլոր խավերի համար: Նոմինալ արժեքով Հայաստանում կրթությունը էժան է, երբ այն վերածում ենք արժույթի, համեմատում ենք այլ երկրների հետ, տեսնում ենք, որ Հայաստանում մասնագիտական կրթության միջինացված գինը 1200 դոլար է, ինչը նշանում է, որ մեզ մոտ կրթությունը շատ էժան է, քան բազմաթիվ եվրոպական երկրներում, Ռուսաստանում, Վրաստանում: Բայց երբ համեմատում ենք մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդյունք) մեջ ուսանողի վարձրավճարի պոտենցիալ տոկոսը, ապա տեսնում ենք, որ այն շուրջ 20 տոկոս է կազմում: Ակնհայտ է, որ սա բավականին մեծ ցուցանիշ է»,-նշեց Արմեն Աշոտյանը: Նա նաև հավելեց, որ թանկացման որոշումը իրենց համար առիթ է, որ կրթության ոլորտում ծրագրավորվող քաղաքականությունն ավելի արագ իրականացնեն:

2013-2014 ուսումնական տարվանից սկսած’ բարձրացվել են բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձրավճարները: ԵՊՀ-ում վարձավճարների նվազագույն շեմը նախկին 300 հազար դրամի փոխարեն դարձել է 400 հազար դրամ: Տնտեսագիտական համալսարանի վարձավճարներն ավելացել են 100-150 հազար դրամով, նախկին տարեկան 400-450 հազար դրամի փոխարեն դառնալով 500-600 հազար դրամ: Կոնսերվատորիայում վարձն ավելացել է 100-200 հազար դրամով՝ նախկին տարեկան 600 հազար դրամի փոխարեն դառնալով 700-800 հազար դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում