Հայաստանը ավիացիոն հանգույցի վերածվելու բավական ներուժ կունենա. Արման Խաչատրյան

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դեկտեմբերի 24-ին կնքվել է օդային ծառայությունների ազատականացման մասին պայմանագիր: Այսօր  Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը ռուսական «Коммерсант» պարբերականին տված հարցազրույցում մեկնաբանել է, թե ինչու է Հայաստանը որոշել արմատական ազատականացման գնալ քաղաքացիական ավիացիայի բնագավառում: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

-Ի՞նչը ստիպեց Հայաստանին բացել երկինքը:

-Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարության’ տնտեսական զարգացման տեսլականը քաղաքացիական ավիացիայի զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելն է’ երկրի շրջափակմամբ պայմանավորված տնտեսական կորուստները փոխհատուցելու նպատակով: Իսկ ազգային ավիափոխադրողի («Արմավիա») սնանկացումը խթանեց բարեփոխումների գործընթացը: Մյուս գործոններն են ավիատոմսերի բարձր գինը, չվացուցակի անհարմարությունը և իրականացվող թռիչքների աշխարհագրական սահմանափակվածությունն առհասարակ:

Պետության և մասնավոր սեկտորի աջակցությամբ քաղաքացիական ավիացիայի բնագավառում իրականացվել է համապարփակ ուսումնասիրություն: Գործընթացում անմիջական մասնակցություն է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և մասնավոր հատվածի ներկայացուցիչ Ռուբեն Վարդանյանը: Արդյունքում, հոկտեմբերի 23-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է մրցունակության ապահովման և շարունակական ավիափոխադրումների իրականացման ծրագիրն’ ամբողջովին ազատականացնելով քաղավիացիայի ոլորտը:

-Ի՞նչ առավելություններ է Հայաստանն ակնկալում ստանալ այս համաձայնագրից:

-Առաջին հերթին, «բաց երկնքի» քաղաքականությունը ենթադրում է առավելագույնս վերացնել հնարավոր սահմանափակումները, որ մասնավորապես վերաբերում են ավիափոխադրողների քանակին, թռիչքների պարբերականությանը, ավիաուղիների քանակին, երթուղիներին և օդանավերի տեսակներին’ դրանով իսկ ստեղծելով բաց և կանխատեսելի գործարար միջավայր հետաքրքրված և հավաստագրված անձանց համար: Երկրորդ, հստակ տարանջատում կդրվի քաղաքականությունը մշակող մարմնի և այն իրականացնող գրասենյակի միջև: Երրորդ, գործընկերության հիման վրա կստեղծվի տեղական ավիաընկերությ ունների լիցենզավորման խորհուրդ: Չորրորդ, կրկին գործընկերության հիման վրա կստեղծվի երկրի զարգացման հիմնադրամ, որն անմիջականորեն կխթանի ավիափոխադրողներին’ միաժամանակ ապահովելով Հայաստանի առաջխաղացումը միջազգային շուկաներում: Արդյունքում, նախատեսվում է ապահովել ՀՆԱ-ի տարեկան 1,5 տոկոս աճ, ավելի քան 20 հազար նոր աշխատատեղեր, ինչպես նաև 25 տոկոսով բարձրացնել ուղևորափոխադրումների ծավալը և 10-50 տոկոսով նվազեցնել տոմսերի գները: Մեր նպատակն է ընդլայնել օդային սպասարկման աշխարհագրությունը, խթանել արտահանումը և զբոսաշրջության զարգացումը:

-Նախատեսո՞ւմ եք ավիացիոն հանգույց ստեղծել Զվարթնոցում:

-Ես բավականին լավատեսական եմ այդ հարցում: Կարծում եմ, ապագայում Հայաստանը ավիացիոն հանգույցի վերածվելու բավական ներուժ կունենա: Ինտեգրումը նոր տնտեսական տարածություններին և ստեղծվելիք ենթակառուցվածքը, կարծում եմ, հնարավորություն կտան վերաիմսատավորելու մեր աշխարհագրական նշանակությունը: Ներկա փուլում, սակայն, առաջնային են օդային կապերի ազատականացումը և համապատասխան ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացումը:

– Հայաստանյան ի՞նչ ավիափոխադրողներ են գործելու:

-«Բաց երկնքի» քաղաքականությունը գործում է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ավիափոխադրողների համար: Հետևաբար, ավիափոխադրողների քանակի որեւէ սահմանափակում չպետք է լինի: Ազգային ավիափոխադրող նույնպես չի նախատեսվում, և որևէ նախապատվություն չի տրվի այս կամ այն ավիափոխադրողին: Ստեղծվելու է բաց, մրցունակ գործարար միջավայր’ հետաքրքրված և հավաստագրված ավիափոխադրող ընկերությունների համար: Ժամանակը ցույց կտա թե Հայաստանում կոնկրետ որքան ավիաընկերություններ կգործեն:

-Նախատեսում ե՞ք ապագայում «բաց երկնքի» քաղաքականություն վարել Ուկրաինայի, Բելառուսի և առհասարակ ԱՊՀ երկրների հետ:

-Ավիացիոն ոլորտի մեր ռազմավարությունը որակապես նոր համագործակցություն է ենթադրում բոլոր երկրների հետ: Անշուշտ, ԱՊՀ անդամ պետությունները և Մաքսային միության անդամ երկրները’ մասնավորապես, հատուկ նշանակություն ունեն մեզ համար’ ինչպես պատմականորեն ձևավորված կապերի և այդ երկրներում բնակվող մեծ սփյուռքի, այնպես և առևտրային պայմանների խթանման և առևտրաշրջանառության աճի տեսնակյունից: Արդեն սկսվել են բանակցությունները Քաղաքացիական ավիացիայի ոլորտում Հայաստանի հետ միջպետական համաձայնագրեր ունեցող երկրների հետ’ վերոնշյսլ սահմանափակումների վերացման վերաբերյալ

Հետևեք մեզ նաև Telegram-ում