Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2014–2016 թվականներին կանխատեսել է 5 տոկոս տնտեսական աճ

Համաշխարհային բանկը Հայաստանի 2014–2016 թվականների տնտեսական աճը գնահատել է 5 տոկոսի սահմանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունվարյան զեկույցում։

ՀԲ փորձագետները կանխատեսել են, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը ընթացիկ տարում կաճեն’ հասնելով 3,4 տոկոսի: Աճի սկզբնական արագացումը մեծ մասամբ կապահովեն եկամուտների բարձր մակարդակ ունեցող երկրները։ Սակայն Ռուսաստանում սպասվածից կտրուկ անկումը մեծ ռիսկեր է պարունակում ԱՊՀ շատ երկրների համար’ հատկապես նայն երկրների, որոնք մեծապես կախված են Ռուսաստանից ներմուծման, փոխանցման հոսքերի և օտարերկրյա ներդրումների տեսանկյունից. դրանք են Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը և Ուզբեկստանը:

Զարգացող երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերը կավելանան 2014 թվականին’ 2013 թվականին գրանցված 4,8 տոկոսից հասնելով 5,3 տոկոսի, իսկ հետո’ 2015թ.-ին կհասնեն 5,5 տոկոսի և 2016թ.-ին’ 5,7 տոկոսի։ Հայաստանի ՀՆԱ-ի ամենամյա աճը շուկայական գներով’ 2013թ.-ին գնահատվել է 3.2 տոկոս, 2014, 2015 և 2016թթ.-ին’5:

Ըստ զեկույցի’վերջին տարիներին մի շարք զարգացող երկրներում շատ արագ աճել է ներքին վարկավորումը’ մեծացնելով որոշ տնտեսությունների խոցելիությունը արագորեն կենտրոնացող ֆինանսավորման պայմանների նկատմամբ: Ամենակտրուկ աճն արձանագրվել է Թաիլանդում, Հայաստանում, Չինաստանում, Մալայզիայում, Մարոկկոյում և Թուրքիայում: Իրական վարկավորման աճը շարունակվել է 2012 և 2013 թվականներին Կամբոջայում, Արգենտինայում, Հայաստանում, Ինդոնեզիայում և Պարագվայում:

Հայաստանի ներքին վարկավորման միջին աճն ամսական կտրվածքով 2012-2013 թվականների ընթացքում կազմել է 27 տոկոս:

Հայաստանի ընթացիկ հաշվի հաշվեկշռի հարաբերակցությունն անվանական ՀՆԱ-ին 2013թ.-ի համար գնահատվել է -10.6, 2014-ին’ -10.0, 2015-ին’ -9.2 և 2016-ին’ -8.0: ՀՆԱ – ի արտադրության հնարավոր աճը 2013թ.-ի համար գնահատվել է 4.8 տոկոս, 2014թ.-ի’ 5.8 տոկոս, 2015թ.-ի’ 6.9 տոկոս և 2016թ.-ի համար’ 7.8 տոկոս:

Իսկ ԱՊՀ երկրներում 2013 թվականին ՀՆԱ-ի աճը Համաշխարհային բանկը գնահատում է հետևյալ կերպ’ Թուրքմենստան’ 10,1 տոկոս, Ուզբեկստան’ 7,4 տոկոս, Տաջիկստան’ 7 տոկոս, Ղազախստան’ 6 տոկոս, Մոլդովա’ 5,5 տոկոս, Ադրբեջան’ 4,9 տոկոս, Բելառուս’ 1 տոկոս, Ուկրաինա’ 1,1 տոկոս, Վրաստան’ 2,5 տոկոս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում