«Բանանց»-«Գանձասար», «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղերում հաղթողներ չեղան

Հայաստանի  Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի շրջանակում այսօր կայացան երկու հանդիպում:

Երևանի «Բանանցը» սեփական հարկի տակ ընդունեց Կապանի «Գանձասարին»: Խաղի ընթացքում հյուրերը Գեղամ Հարությունյանի, Արտակ Գրիգորյանի և Խորեն Վերանյանի գոլերի շնորհիվ երեք գոլի առավելություն ստացան, սակայն երկրորդ կեսի ընթացքում «Բանանցի» ֆուտբոլիստները կարողացան հետ բերել այդ տարբերությունը: Նախ 52-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը, 84-րդ րոպեին Վահագն Այվազյանը խփեց երկրորդ գնդակը, իսկ վերջին րոպեին Ավետիսյանը դուբլ ձևակերպեց և իր թիմին փրկեց պարտությունից: Այս խաղից հետո «Գանձասարը» վաստակեց 15 միավոր, ու ընթանում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում, իսկ «Բանանցը» 12 միավորով 7-րդն է:

«Բանանց» – «Գանձասար»` 3-3
Գոլերը` Ավետիսյան 54, 90,  Այվազյան 85 –  Հարությունյան 9, Գրիգորյան 45+1, Վերանյան 52

Գյումրիի «Շիրակն» էլ հյուրընկալել էր «Ալաշկերտին»: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով.  թիմերը մեկական գնդակ փոխանակեցին տասնմեկմետրանոց հարվածներով: Նախ հյուրերի կազմում աչքի ընկավ Էդգար Մալաքյանը, իսկ դաշտի տերերի կազմում պատասխան տուգանայինն իրացրեց Ժան-Ժակ Բուգուին: Ադ դրվագում կարմիր քարտ ստացավ «Ալաշկերտի» դարպասապահ Ստեփան Ղազարյանը, և գյումրեցիները ամբողջ երկրորդ կեսում մեկ ֆուտբոլիստի առավելություն ունեցան, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում «Ալաշկերտը» մնաց 9 ֆուտբոլիստով: Այժմ «Շիրակը» 18 միավորով 3-րդն է, իսկ «Ալաշկերտը» զբաղեցնում է 5-րդ տեղը` ակտիվում ունենակով 15 միավոր:

«Շիրակ» – «Ալաշկերտ» 1-1
Գոլերը` Բուգուհի 45+3 – Մալաքյան 30

Հետևեք մեզ նաև Telegram-ում