Չեդոմիր Տոմչիչ. Ինձ հաճելիորեն զարմացրեց Հայաստանի առաջնության խաղամակարդակը

Չեդոմիր Տոմչիչ. Ինձ հաճելիորեն զարմացրեց Հայաստանի առաջնության խաղամակարդակը

Սերբ ֆուտբոլիստ Չեդոմիր Տոմչիչը համալրել է «Արարատի» կազմն ընթացիկ մրցաշրջանից առաջ արդեն դարձել թիմի առանցքային խաղացողներից մեկը: 195 սմ հասակ ունեցող 27-ամյա ֆուտբոլիստն առանձնանում է իր գրագետ խաղով և «Արարատում» հասցրել է խաղալ երեք տարբեր դիրքերում: Երևանյան ակումբի պաշտոնական կայքը ներկայացնում է սերբ ֆուտբոլիստի հետ հարցազրույցը։

Չեդո, ինչո՞վ կարող ես բացատրել «Արարատի» անհաջող մրցելույթներն ընթացիկ առաջնությունում:

-«Արարատը» լավ թիմ է: Սակայն, մրցաշրջանից առաջ նոր թիմ պետք է ձևավորվեր: Իսկ մի քանի ամսում միանգամայն նոր թիմ հավաքագրելը շատ բարդ գործընթաց է: Նոր ֆուտբոլիստներ տարբեր երկրներից, նոր մարզիչներ. Այս հանգամանքներով է պայմանավորված այն փաստը, որ մենք ստաբիլ չենք խաղում և այսքան շատ պարտություններ ենք կրել: Սակայն, պետք է ասեմ, որ խաղից խաղ մենք բարելավում ենք համագործակցությունը խաղադաշտում, մինչև վերջ պայքարում ենք ամեն խաղում և հուսով եմ, որ շատ շուտով կսկսենք հաղթանակներ տանել: Եթե ձմեռային ընդմիջման ընթացքում մեր թիմի կազմը համալրեն մի քանի փորձառու ֆուտբոլիստներ, կկարողանանք պայքարել բարձր հորիզոնականների համար:

-Վերջին հանդիպումներում «Արարատը» շատ գոլեր է խփում, բայց միևնույն ժամանակ ավելի շատ գնդակներ է ընդունում սեփական դարպասը:

-Ամեն խաղում փոփոխություններ են լինում թիմի մարտավարության և ֆուտբոլիստների դասավորվածության մեջ: Կարելի է ասել, որ մենք օպտիմալ տարբերակի որոնումների մեջ ենք: «Արարատը» փորձառու մարզիչ ունի և վստահ եմ, որ նա կգտնի այդ տարբերակը, մենք էլ մեր հերթին կաշխատենք ուրախացնել թիմի երկրպագուներին:

-«Փյունիկի» հետ խաղում կարծես որոշ չափով կարգավորվել էր խաղը պաշտպանությունում:

-Մենք ավելի շատ էինք ուշադրություն դարձնում պաշտպանությանը և գործում էինք հակագրոհների մարտավարությամբ: 0:1 հաշվի ժամանակ նետվեցինք առաջ` խաղը փրկելու, սակայն փոխարենը երկու ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք ավելացված ժամանակում:

 

-«Արարատում» հասցրել ես խաղալ կենտրոնական պաշտպանի, հենակետային կիսապաշտպանի և նույնիսկ հարձակվողի դիրքում: Ո՞ր խաղային դիրքն է քեզ ավելի հոգեհարազատ:

-Նախկինում ես հիմնականում խաղացել եմ հենակետային կիսապաշտպանի դիրքում, սակայն «Արարատում» բավականին հաջող է ստացվում նաև կենտրոնական պաշտպանի դիրքում գործելը: Ինչ վերաբերում է հարձակման գծում խաղալուն, ապա դա ուղղակի թիմի շահերից էր բխում: Պատրաստ եմ խաղալ նույնիսկ դարպասապահի դիրքում, եթե դրանով օգուտ կտամ «Արարատին»:

Կարո՞ղ ես համեմատել Սերբիայի և Հայաստանի առաջնությունների խաղամակարդակները:

-Սերբիայում ավելի շատ ուշադրություն են դարձնում ֆիզիկական և տակտիկական պատրաստվածությանը, իսկ Հայաստանում շեշտը դրվում է տեխնիկական պատրաստվածության վրա: Պետք է նշեմ, որ ինձ հաճելիորեն զարմացրեց Հայաստանի առաջնության խաղամակարդակը: Այստեղ բավականին լավ թիմեր և խաղացողներ կան:

-Մոտ մեկ ամիս առաջ Երևանում ներկա ես գտնվել Հայաստան – Սերբիա հանդիպմանը: Ի՞նչ տպավորորթյուններ ստացար այդ խաղից:

-Շատ լավ խաղ ստացվեց: Հայաստանի հավաքականը հիանալի տպավորություն թողեց: Չնայած նրան, որ բացակայում էին ձեր թիմի մի քանի առանցքային ֆուտբոլիստներ, Հայաստանի հավաքականն իսկական թիմի պես գործեց, բոլոր ֆուտբոլիստները խաղում էին 200 տոկոս նվիրվածությամբ: Միգուցե, Սերբիայի կազմն ավելի զորեղ էր, սակայն խաղադաշտում դա չերևաց:

-Գիտեմ, որ Սերբիայի հավաքականի խաղացողներից ոմանց հետ նախկինում խաղացել ես: Արդյո՞ք հանդիպեցիր նրանց:

-Անգլիական «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Դուշան Տադիչի և իտալական «Ուդինեզեի» դարպասապահ Ժելկո Բրկիչի հետ ժամանականին հանդես ենք եկել «Վոյվոդինայի» կազմում: Հանդիպեցինք խաղից առաջ: Շատ հաճելի էր տեսնել նրանց Երևանում:

-Իսկ դու երբևէ հրավիրվե՞լ ես Սերբիայի պատանեկան կամ երիտասարդական հավաքականներ:

-Այո, ժամանակին խաղացել եմ Սերբիայի Մ-18 պատանեկան հավաքականում:

 

-Քո կենսագրության մեջ կա ևս մեկ հետաքրքիր փաստ: Դու ուսում ես ստացել և միևնույն ժամանակ խաղացել ես ԱՄՆ-ում:

-Ես սովորում էի Հարթֆորդի համալսարանում` տնտեսագիտության և ֆինանսների ֆակուլտետում: Սերբիայում հնարավոր չէր համատեղել ֆուտբոլն ու ուսումը և քանի որ ես ուզում էի բարձրագույն կրթություն ստանալ և միևնույն ժամանակ շարունակել ֆուտբոլիստի կարիերան, ընտրեցի այս տարբերակը: Խաղում էի «Հարթֆորդ Հոքս» թիմում: Պետք է ասեմ, որ ֆուտբոլային մրցաշարը բավականին բարձր մակարդակ ուներ: Այնտեղ խաղում էին բազմաթիվ արտասահմանցի ֆուտբոլիստներ` Անգլիայից, Աֆրիկայից, Ճամայկայից, որոնք նախկինում հանդես էին եկել կամ շարունակում էին խաղալ իրենց երկրների ազգային կամ երիտասարդական հավաքականներում: ԱՄՆ-ում անցկացրած տարիներն անգնահատելի փորձ էին ինձ համար:

-Ինչպե՞ս ես քեզ զգում Երևանում և որտե՞ղ ես անցկացնում ազատ ժամանակդ:

-Ինձ շատ է դուր գալիս Երևանը, որն ինձ հիշեցնում է իմ հարազատ քաղաքը` Նովի Սադը: Միակ բացասական բանը, թերևս, կայանում է նրանում, որ այստեղ չափազանց արագ են երթևեկում (ժպտում է): Ազատ ժամանակն անցկացնում եմ «Արարատում» հանդես եկող իմ սերբ խաղընկերների հետ. Քայլում ենք, սրճարաններ հաճախում, լավ ժամանակ ենք անցկացնում Կասկադում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում