Զիդանը, Մալդինին և ևս 5 ֆուտբոլային «հայրեր և որդիներ»

Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի որդին սկսեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան հոր գլխավորած «Ռեալ Մադրիդի Կաստիլյայում»։ Ներկայացնում ենք այլ ֆուտբոլիստների, ովքեր խաղացել են իրենց հայրերի ղեկավարությամբ։

Յոհան և Յորդան Կրույֆ

Յորդան Կրույֆը միացավ «Բարսելոնայի» երիտասարդական կազմին, երբ նրա հայրը գլխավորում էր կատալոնական ակումբը։ 20 տարեկանում Կրույֆ-կրտսերը նորամուտը նշեց թիմի հիմնական կազմում, սակայն հաջողություններ չունեցավ։ Շատերը քննադատեցին Յոհանին որդուն ակումբ թողնելու որոշման համար։ Կրույֆ-ավագի հեռանալուց հետո նրա որդին ուղևորվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։

Չեզարե և Պաոլո Մալդինի

Պաոլոն Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում նորամուտը նշեց հենց հոր ղեկավարությամբ, ով քննադատության տարափի տակ հայտնվեց այդ որոշման համար։ Բայց պատանի Մալդինին միշտ արդարացնում էր հոր վստահությունն ու արդյունքում «Միլանի» հետ նվաճեց բոլոր գոյություն ունեցող տիտղոսները։

Միչել և Ադրիան Գոնսալես

Միչելը, ով այժմ մարզում է «Օլիմպիակոսը», աշխատել է նաև «Խետաֆեում», ուր խաղում էր իր որդին՝ Ադրիանը։ Ճիշտ է, այդ շրջանը և´ ֆուտբոլիստի, և´ մարզչի համար լուրջ փորձություն դարձավ, քանի որ «Խետաֆեի» նախագահը որոշեց հրաժարվել Ադրիանի ծառայություններից, ինչի արդյունքում փչացան նրա հարաբերությունները նաև Միչելի հետ։

Բոբ և Մայքլ Բրեդլի

2006 թվականին Բոբ Բրեդլին ստացավ ԱՄՆ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, և նրա առաջին քայլերից եղավ որդուն հավաքական հրավիրելը։ Այդ քայլի համար Բոբին ոչ մի քննադատության չարժանացավ, քանի որ Մայքլը չափազանց հաջող և որակյալ ֆուտբոլ էր ցուցադրում։

Բրայան և Նայջել Քլաֆ

Բրայան Քլաֆը Անգլիայի լեգենդար մարզիչներից մեկն է համարվում։ Նրա ղեկավարությամբ «Նոթինգհեմ Ֆորեսթը» նվաճել է Չեմպիոնների գավաթն ու ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, հաղթել է Անգլիայի բոլոր մրցաշարերում։ Քլաֆի ղեկավարությամբ պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջին քայլերն էկատարել նրա որդի Նայջելը։ Հայր ու որդի «Նոթինգեմ Ֆորեսթից» հեռացել են 1993-ին։

Պետեր և Ջինո Բոշ

21-ամյա Ջինոն շատ հանդիպումներ էր անցկացրել «Վիտեսի» երիտասարդական թիմում, բայց նրա հայրը՝ Պետերը, հրաժարվում էր նրան հնարավորություն տալ խաղալու թիմի առաջին կազմում։ Մարզիչը վախենում էր, որ իրեն կմեղադրեն կողմնապահության մեջ, բայց ի վերջո տեղի տվեց։ Ճիշտ է, նա առայժմ միայն մեկ րոպեով է որդուն դաշտ մտցրել, այն էլ մի խաղում, որի ելքը վաղուց վճռված էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում