Սամվել Դարբինյան. Խոստանում եմ` այլ «Արարատ» եք տեսնելու

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի «Ալաշկերտ»-«Արարատ» խաղին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հյուրերի գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանն ասաց, որ թիմի վերջին անհաջողություններից հետո շատ էին ցանկանում միավոր վաստակել:

«Խաղի լավ էր սկսվել. գոլ խփեցինք, պետք է հաջողությունը զարգացնեինք, բայց երկրորդ խաղակեսում մնացինք 10 հոգով: Տղաները ցույց տվեցին կամային հատկանիշներ, աշխատեցին, և ես գոհ եմ: Թիմում փոփոխություններ էին եղել. երիտասարդ խաղացողներ դուրս եկան խաղադաշտ: Աշխատեցին, ուրախացրին մեզ իրենց աշխատանքով, տրամադրությամբ, նվիրվածությամբ»,-ասաց Դարբինյանը:

Դավիթ Ղանդիլյանի խաղի մասին խոսելով` Սամվել Դարբինյանն ասաց, որ Առաջին խմբի առաջնության խաղերի ժամանակ նրան պատրաստել են, իսկ այսօր խաղադաշտ դուրս գալու հնարավորություն տվել.  «Գոհ եմ նրա խաղից: Լավ կլիներ, որ կարողանար գոլային պահն իրացնել, դա մեծ խթան կլիներ իր համար: Գոհ եմ նաև Մհերի խաղից: Այսօր ամբողջ թիմն աշխատեց, ցուցադրեցին թիմային ոգի»:

Սամվել Դարբինյանը նաև ասաց, որ դեռևս չեն պատրաստվում հանգստանալ. պետք է աշխատեն լավ մարզավիճակ ձեռք բերելու համար. «Մենք առայժմ արձակուրդ չենք գնում, շարուանկելու ենք մարզվել: Լեգիոներները կմեկնեն հանգստի, իսկ տեղի ֆուտբոլիստների հետ կշարունակենք աշխատել»:

Վերջում «Արարատի» գլխավոր մարզիչը խոստոցավ, որ ձմեռային դադարից հետո իր թիմը նոր տեսք է ունենալու. «Կլինեն և՛ հայեր, և՛ արտասահմանցիներ: Այլ «Արարատ» է լինելու` ավելի լավը: Ես խոստանում եմ: Պինդ թիմ է լինելու և լավ խաղ է ցուցադրելու, որպեսզի ժողովուրդը գա և ուրախանա մեր խաղով: Ամեն ինչ անելու ենք դրա համար»,-ասաց Սամվել Դարբինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում