Բարձրագույն խմբի առաջնություն. Ո՞վ որտե՞ղ է առաջին կեսից հետո

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրով ավարտվեց մրցաշրջանի առաջին հատվածը: Թիմերը 3 ամիս կլինեն հարաբերական հանգստի մեջ, ժամանակ կունենան փոփոխություններ կատարելու` նոր խաղացողների հրավիրելով, հրաժարվելով իրենց չարդարացրած ֆուտբոլիստների ծառայություններից, իսկ մարտին կվերադառնան թարմ ուժերով և կշարունակեն չեմպիոնական պայքարը: 

«Ուլիս»: Անցյալ առաջնության հետնապահն այս տարի ներկայացավ այլ կազմով և զարմացրեց կայուն և գեղեցիկ խաղով: Մինչ 13-րդ տուրն «Ուլիսն» անպարտելի էր: 12-րդ տուրի «Ուլիս»-«Ալաշկերտ» խաղից հետո (5:1) լրագրողների հետ զրույցում թիմի առաջատարներից Աղվան Պապիկյանն ասաց, որ փորձելու են յուրօրինակ ռեկորդ սահմանել. «Եթե չեմ սխալվում` Հայաստանի առաջնություններում դեռ չի եղել այնպիսի թիմ, որն առաջնությունն առանց պարտության ավարտի: Մենք ուզում ենք առաջին թիմը լինել»:

Չստացվեց. հենց հաջորդ տուրում «Միկան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Ուլիսին»: Հաջորդ 2 տուրերում ևս առաջատարը պարտություն կրեց` նախ «Շիրակից», ապա «Փյունիկից»: 15-րդ տուրի «Փյունիկ»-«Ուլիս» խաղից հետո (3:0) հյուրերի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը հակիրճ բնորոշեց թիմի 3 պարտությունների պատճառը. «Եթե մրցաշրջանը դեռ չավարտված ֆուտբոլիստներն իրենց չեմպիոն են զգում, ահա այսպիսի ձախողված խաղեր են լինում»:
Ինչևէ, 15 տուրից հետո «Ուլիսն» ունի 34 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Փյունիկ»: Այս մրցաշրջանում «Փյունիկը» հրաժարվեց լեգիոներների հետ պայմանագրեր չկնքելու քաղաքականությունից, կազմը համալրեց մեքսիկացի հարձակվող Սեսար Ռոմերոյով և ավելի քան շահեց համագործակցությունից: Սեսարն արդարացրեց դեռևս մրցաշրջանի սկզբում իր հասցեին Սարգիս Հովսեփյանի ասած գովեստի խոսքերը: 15 տուրում Ռոմերոն 17 գոլ է խփել և գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Պատահական չէ, որ «Բանանց»-«Փյունիկ» խաղից հետո «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակն ասաց` Սեսարը «Փյունիկի» 70 տոկոսն է: 15-րդ տուրում տուրում «Ուլիսի» նկատմամբ տարած հաղթանակը «Փյունիկին» հնարավորություն տվեց արձակուրդի գնալ` առաջատարին զիջելով ընդամենը մեկ միավոր:

«Շիրակ»: Գյումրեցիները 25 միավորով մրցաշարային այղուսակի 3-րդ հորիզոնականում են: Առաջնության սկզբից Վարդան Բիչախչյանի սաները հանդես եկան մեկընդմեջ հաջողություններով` ընդհանուր առմամբ տոնելով 7 հաղթանակ,  4 անգամ պարտվելով և 4 անգամ խաղալով ոչ-ոքի: 

«Գանձասար»: Կապանցիները 19 միավորով 4-րդ են և միավորային հաշվարկով բավականին մոտ են իրենց հետապնդողներին: 15 խաղում կապանցիները տարել են 5 հաղթանակ, 4 խաղ ավարտել են ոչ-ոքի արդյուքնով, իսկ 6 անգամ խաղադաշտից պարտված են հեռացել:

«Ալաշկերտ»: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին Աբրահամ Խաշմանյանով փոխարինած «Ալաշկերտը» մրցաշրջանի առաջին հատվածում բավարավեց 17 միավորով և 5-րդ հորիզոնականով: 15-րդ տուրի` «Արարատ»-«Ալաշկերտ» խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշեց, որ թիմը արձակուրդի ընթացքում կհամալրվի նոր ֆուտբոլիստներով, իսկ իրենց չարդարացրած ֆուտբոլիստները կհեռանան թիմից:

«Միկա»: Առաջնության սկզբնամասում «Միկան» հանդես էր գալիս, մեղմ ասած, ոչ այնքան լավ, այնուհետև եղան փոփոխական հաջողություններ: Այժմ Արամ Ոսկանյանի սաները 17 միավորով 6-րդ են: «Միկան» 15 խաղում 4 հաղթանակ է տոնել, որոնցից մեկը առաջատար «Ուլիսի» նկատմամբ` 3:0 խոշոր հաշվով:

«Բանանց»: Գործող չեմպիոնի գործերն այս մրցաշրջանում լավ չեն: Թիմից հեռացան առաջատարներ Հովհաննես Համբարձումյանն ու Ռումյան Հովսեփյանը, իսկ նրանց փոխարինման եկած ֆուտբոլիստները չկարողացան լրացնել առաջացած բացը: Ամեն խաղից հետո Ժոլտ Հոռնյակն ասում է, որ գոհ է իր տղաների խաղադաշտում կատարած նվիրված աշխատանքից, սակայն որպես եզրափակում` գոլ չկա… «Բանանց» արձակուրդ է գնում` ակտիվում ունենալով ընդամենը 3 հաղթանակ ու 14 միավոր՝ զբաղեցնելով նախավերջին հորիզոնականը:

«Արարատ»: Խոստումներ, խոստումներ, խոստումներ… 15 տուրից հետո 7 միավոր. 2 հաղթանակ, 12 պարտություն և 1 ոչ-ոքի: Անցյալ մրցաշրջանում «Արարատին» ընդամենը մեկ քայլ էր բաժանում չեմպիոնությունից, իսկ այս մրցաշրջանում վերադարձավ նախկին մարզիչ Դուշան Միյիչը, ում ղեկավարությամբ թիմը ընդամենը 1 հաղթանակ տարավ՝ պարտվելով մյուս խաղերում: Միյիչն ամեն տուրից հետո նշում էր, որ թիմում չհասկացվածության խնդիր կա, ֆուտբոլիստները դեռ պետք է վարժվեն միմյանց, սովորեն փոխկապակցված գործել, սակայն մասնագետին չհաջողվեց լուծել այս խնդիրները, և նրան փոխարնինման եկավ Սամվել Դարբինյանը: Վերջինս բավականին ուշագրավ հայտարարություն արեց «Միկա»-«Արարատ» խաղից հետո. «Կարող եմ ասել, որ «Արարատ» եկած լեգիոներները փոքր ինչ մեծամիտ են ու արհամարհանքով են վերաբերվում մրցակից թիմերի խաղացողներին: Նրանց կողմից արհամարհանք կա դեպի հայկական ֆուտբոլը… Հավանաբար, դա է պարտության պատճառը»:

Իսկ 15-րդ տուրի` «Ալաշկերտի» հետ խաղից հետո Սամվել Դարբինյանը խոսք տվեց, որ գարնանն այլ թիմ ենք տեսնելու. «Այլ «Արարատ» է լինելու` ավելի լավը: Ես խոստանում եմ: Պինդ թիմ է լինելու և լավ խաղ է ցուցադրելու, որպեսզի ժողովուրդը գա և ուրախանա մեր խաղով: Ամեն ինչ անելու ենք դրա համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում