«Սպարտակը» ոչ-ոքի խաղաց, Մովսիսյանը խաղաժամանակ ստացավ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել էր «Ռոստովին»:

Հանդիպման առաջին կեսում թիմերը գոլեր չխփեցին, թեպետ աչքի ընկնելու հնարավորություններ ունեցան դաշտի տերերից Պրոմեսը, հյուրերից` Կանգան, իսկ խաղակեսի վերջնամասում Ալեքսանդր Բուխարովի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Պոլոզի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից:

Տրիբունաներից խաղին հետևող «Սպարտակի» երկրպագուները դժգոհ էին սիրելի ֆուտբոլիստների գործողություններից, սակայն վերջիններիս վրա դա ազդեցություն չունեցավ: Խաղի հաշիվը բացվեց միայն 71-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Դմիտրի Տորբինսկին: «Սպարտակի» պատասխանը շատ չուշացավ. 75-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Դենիս Գլուշակովը: Ընդհանուր առմամբ, խաղը տպավորիչ համարել հնարավոր չէր, իսկ «Սպարտակը», կարծես, չէր էլ ձգտում հաղթանակ տոնել:

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հանդիպմանը մասնակցում էր մեկնարկային րոպեներից, սակայն 63-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Պատրիկ Էբերտին:

Այս ոչ-ոքիից հետո «Սպարտակն» ունի 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Ռոստովը» նախավերջին` 15-րդ տեղում է` ակտիվում ունենալով 11 միավոր:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր

«Սպարտակ»-«Ռոստով»` 1:1
Գոլերը` Գլուշակով 75՛ – Տորբինսկի 71՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում