Անրին հեռանում է ֆուտբոլից և ընտրում հեռուստատեսությունը (տեսանյութ)

Անրին հեռանում է ֆուտբոլից և ընտրում հեռուստատեսությունը (տեսանյութ)

«Մոնակոյի», «Յուվենտուսի», «Արսենալի», «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Թյերի Անրին հրաժեշտ է տալիս ֆուտբոլին և սկսում աշխատանքը բրիտանական «Sky Sports» հեռուստաընկերությունում՝ որպես ֆուտբոլային փորձագետ։

Այնտեղ են աշխատում նաև Գարի Նևիլը, Ջեյմի Կարագերը, Ջեյմի Ռեդնապը և Գրեմ Սունեսը։ Ֆրանսիացին կսկսի աշխատել 2015 թ. սկզբից։

-Իմ բախտը բերել է, ես փայլուն կարիերա եմ ունեցել, բազմաթիվ հրաշալի հիողություններ են մնացել։ Հիմա ես անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ կյանքումս նոր էջ կբացեմ «Sky Sports»-ում։ Ես լավագույն ակումբներում եմ խաղացել, և հիմա միանում եմ հեռուստատեսային լավագույն թիմին,-ասել է Անրին։

Անրին «Մոնակոյի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, «Արսենալի» կազմում՝ Անգլիայի կրկնակի չեմպիոն, «Բարսելոնայի» հետ՝ Իսպանիայի առաջնության կրկնակի, Չեմպիոնների լիգայի հաղթող։ Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում