Հաջողություն, լեգե՛նդ. Թյերի Անրիի կարիերայի առանցքային խաղերը (տեսանյութեր)

Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» խորհրդանիշներից մեկը՝ «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճած Թյերի Անրին օրերս հայտարարեց ֆուտբոլային կարիերան ավարտելու որոշման մասին: Վերհիշենք Անրիի կարիերայի առավել վառ հանդիպումները:

1998 թվականի հունիսի 12, Ֆրանսիա-ՀԱՀ 3:0, Աշխարհի առաջնության խմբային փուլ

Դեռ մեկ տարի էլ չէր անցել հավաքականում նորամուտից, երբ 20-ամյա Անրին ամբողջ ձայնով հայտարարեց իր մասին: ՀԱՀ-ի դեմ խաղում նա խփեց Ֆրանսիայի հավաքականի երրորդ գոլը, որը նրա համար դեբյուտային էր ազգային ընտրանու կազմում: Դրան հաջորդեցին նաև երկու գնդակներ Սաուդյան Արաբիայի դեմ խաղում: Տնային առաջնությունը հարձակվողն ավարտեց հավաքականի լավագույն ռմբարկուի կարգավիճակով: Նա արդյունավետ իրացրեց նաև Իտալիայի դեմ ¼ եզրափակիչ խաղի 11 մետրանոց հարվածը:

2000 թվականի հունիսի 28, Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ` Ֆրանսիա-Պորտուգալիա` 2:1 (լրացուցիչ ժամանակ)

Անրին առանցքային դեր էր կատարում Ֆրանսիայի հավաքականում, որը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Բելգիայում և Հոլանդիայում կայացած առաջնությունում Անրին 3 գոլի հեղինակ դարձավ, որոնցից վերջինը խփելով` նա հավասարեցեց Պորտուգալիայի հետ խաղի հաշիվը, որն առաջ էր անցել Նունու Գոմեշի ջանքերով: Նիկոլյա Անելկան, փոխանցում ստանալով Լիլիան Տյուրմայից, գնդակը 11-մետրանոցի նշագծի մոտ ուղարկեց, և Անրին հստակ հարմածով գրավեց պորտուգալացիների դարպասը:

2005 թվականի հոկտեմբերի 18, «Սպարտա Պրահա» -«Արսենալ» 0:2, ՉԼ-ի խմբային փուլ

«Յուվենտուսից» տեղափոխվելուց հետո Անրիից 6 տարի պահանջվեց «Արսենալի» պատմության լավագույն ռմբարկուն դառնալու համար: Այդ կոչումը նրան բերեց չեխական թիմի հետ խաղում ձևակերպած դուբլը: Առաջին գոլը նրան հավասարեցրեց Իյան Ռայթի հետ (185 գնդակ), իսկ վճռորոշ գնդակը ֆրանսիացին խփեց 74-րդ րոպեին և դարձավ բացարձակ ռեկորդակիր:

Ընդհանուր առմամբ 1999-2007 թթ. Անրին «Արսենալի» կազմում 226 գնդակ է խփել, որից հետո օգնել է «Բարսելոնային» և «Նյու-Յորք Ռեդ Բուլսին»: 2012-ին նա վարձավճարի դիմաց վերադարձավ Լոնդոն և ևս երկու անգամ աչքի ընկավ հարազառ թիմի կազմում: «Արսենալում» ձեռքբերումների պատվին ակումբի մարզադաշտի տարածքում Անրիի արձանն է կանգնեցված:

2006 թվականի հուլիսի 1, Ֆրանսիա-Բրազիլիա` 1:0, Աշխարհի առաջնության ¼ եզրափակիչ

Չնայած Անրին Ֆրանսիայի հավաքականի կազմում հաղթել է Մունդիալ 1998-ում և Եվրո 2000-ում, դրանից հետո խաղացել Մունդիալ 2002-ում և Եվրո 2004-ում, եզրափակիչ մրցաշարերում նա ընդամենը մեկ անգամ է գոլ խփել Զինեդին Զիդանի փոխանցումից հետո: Սա անավատալի փաստ է` հաշվի առնելով այս ֆուտբոլիստների ընդունակություններն ու ոգին: Ֆրանկֆուրտում կայացած խաղում խփած այդ գնդակը շատ կարևոր էր, քանի որ ֆրանսիացիներին Մունդիալի կիսաեզրափակչի ուղեգիր բերեց:

2009 թվականի մարտի 11, «Բարսելոնա»-«Լիոն»` 5:2, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ

Անրիի փայլուն խաղն օգնեց «Բարսելոնային» դուրս գալ մրցաշարի ¼ եզրափակիչ: 25-րդ րոպեին հարձակվողն առաջ մղեց կատալոնացիներին: Մի փոքր անց նաև դուբլ ձևակերպեց: Արդյունքում Անրին «Բարսելոնայում» իր երկրորդ մրցաշրջանն ավարտեց Չեմպիոնների լիգայում հաղթանակով:

2009 թվական հոկտեմբերի 14, Ֆրանսիա-Ավստրիա` 3:1, Աշխարհի առաջնության նախընտրական փուլ

«Ստադ դե Ֆրանսում» կայացած խաղում Անրին 11 մետրանոց հարվածով Ֆրանսիայի հավաքականում իր 51-րդ գնդակը խփեց: Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն հենց Անրին է. նա 10 խաղով առաջ է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիից և 17-ով գոլով` Մունդիալ 1998-ի ու Եվրո 2000-ի չեմպիոն Դավիդ Տրեզեգեից:

2014 թվականի հոկտեմբերի 4, «Նյու-Յորք Ռեդ Բուլս»-«Հյուսթոն Դինամո»` 1:0, ՄԼՍ

Լլոյդ Սեմի փոխանցումից հետո ֆրանսիացին Անրին խփեց ակումբային պրոֆեսիոնալ կարիերայում իր 350-րդ գոլը: Անրին ցույց տվեց` հմտությունները չի կորցրել նույնիսկ 37 տարեկանում, իսկ հսկայական փորձը նրա թիմի համար մեծ առավելություն էր:

2014 թվականի նոյեմբերի 29, «Նյու-Ինգլենդ Ռևոլյուշն»-«Նյու-Յորք Ռեդ Բուլս»` 2:2 (ընդհանուր 4:3), ՄԼՍ-ի Հարավային կոնֆերնցիայի եզրափակիչ

Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Անրին 14 արդյունավետ փոխանցում է կատարել ու լիգայում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել այդ ցուցանիշով: Հետո փլեյ-օֆֆ փուլում նա կատարեց ևս 5 գոլային փոխանցում: Ֆրանսիացին կարիերայի ընթացքում վերջին անգամ գոլային փոխանցումով աչքի ընկավ` գնդակն էլեգանտ ձևով հասցեագրելով Թիմ Կեյհիլին, ով բացեց հաշիվը «Նյու-Ինգլենդ Ռևոլյուշնի» դեմ պատասխան խաղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում