ԱԱԱ եզրափակչին ընդառաջ. Տիտղոս, որը «Ռեալը» չի նվաճել

Մադրիդի «Ռեալը» դեռ չի հաղթել Աշխարհի ակումբային առաջնությունում: Դեկտեմբերի 20-ին «Ռեալը» մրցելու է արգենտինական «Սան Լորենցոյի» հետ և փորձելու է առաջին անգամ հաղթել այս մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնությանը նախորդել է Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունը, որը նոր մրցաշարին առաջին անգամ դիրքերը զիջեց 2000 թվականին, իսկ 5 տարի անց հրաժեշտ տվեց ֆուտբոլասերներին: Ներկայացնում ենք մրցաշարի պատմության առանցքային դրվագները:

Առաջին տարիները

Առաջին անգամ Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունն անցկացվել է 1960 թվականին: «Ռեալը», որն ավելի վաղ Չեմպիոնների գավաթում 7:3 հաշվով հաղթել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», այդ մրցաշարին մասնակցել է` մրցելով ուրուգվայական «Պենյարոլի» հետ: Մոնտեվիդեոյում կայացած խաղում գոլեր չեն գրանցվել, իսկ պատասխան խաղում հաջողությունը ժպտացել է մադրիդցիներին: Խաղի ելքը վճռվել է մեկնարկային 8 րոպեի ընթացքում, երբ «Ռեալը» 3 գոլ է խփել, որից 2-ը` Ֆերենց Պուշկաշը: Արդյունքում գրանցվել է 5:1 հաշիվ, իսկ տիտղոսն ուղևորվել է «Ռեալի» թանգարան:

Հաջորդ տարի «Պենյարոլը» հասավ ցանկալի արդյունքի` առավելության հասնելով «Բենֆիկայի» նկատմամբ, իսկ դրանից հետո երկու տարի անընդմեջ Միջմայրցամաքային գավաթը Պելեի «Սանթոսինն» էր: Եվրոպան վերադարձրեց գավաթը «Ինտերի» շնորհիվ, որը երկու անգամ անընդմեջ հաղթեց «Ինդեպենդյենտեին»: Սակայն հաջորդ հաղթանակին Հին աշխարհի ներկայացուցիչները սպասեցին երեք տարի: Կրկին ջանքեր գործադրեցին Միլանի ներկայացուցիչները. «Միլանը» 1969 թվականին ընդհանուր 4:2 հաշվով հաղթեց «Էստուդիանտեսին»:

Եվրոպական անկում

«Միլանից» հետո գավաթը նվաճեցին «Ֆեյենորդը», «Այաքսը», «Ատլետիկոն» և «Բավարիան», իսկ 70-ականների վերջին ու 80-ականների սկզբին թելադրողի դերում հարավամերիկյան թիմերն էին: 1976 թվականին «Բավարիայի»` Գերդ Մյուլլերի և Յուպ Կապպելմանիի գոլերի շնորհիվ «Կրուզեյրոյի» դեմ տոնած հաղթանակից հետո Միջմայրցամաքային գավաթը մնաց օվկիանոսից այն կողմ  մինչև 1985 թվականը, երբ Միշել Պլատինիի օգնությամբ «Յուվենտուսը» հաղթեց «Արգենտինոս Խունիորսին»:

«Միլանը» և «Ռեալը» տեմպ են հաղորդում

«Ռեալը» հաղթեց մրցաշարի անցակցման առաջին իսկ տարում` 1960 թվականին, սակայն հաջորդ տիտղոսին սպասեց 38 տարի: Տոկիոյում, որտեղ Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունն անցկացվեց 1980-2001 թվականների ընթացքում, Ռաուլ Գոնսալես Բլանկոն «Ռեալին» հաղթանակ պարգևեց «Վասկո դա Գամայի» հետ խաղում` 2:1, իսկ 2002 թվականին առավելության հասնելով «Օլիմպիայի» նկատմամբ` մադրիդցիները մրցաշարում տոնած չեմպիոնության քանակով «Միլանի» հետ դարձան համառեկորդակիր:

«Միլանն» առաջին անգամ հաղթեց Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում 1969 թվականին, իսկ հետո 1989-ին և 1990-ին` առավելության հասնելով համապատասախանաբար` «Ատլետիկո Նասյոնալի» և «Օլիմպիայի» նկատմամբ: Մրցաշարի նոր ձևաչափով 2007 թվականին «Միլանը» հաղթեց «Բոկա Խունիորսին»: Եթե հաշվենք և՛ Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունը, և՛ դրան հաջորդած Աշխարհի ակումբային առաջնությունը, ապա «Միլանը» բացարձակ ռեկորդակիր է այս մրցաշարում տոնած չեմպիոնությունների քանակով:

Նոր ժամանակաշրջան

Աշխարհի ակումբային առաջնության հիմքը դրվեց 2000 թվականին: Այդ ժամանակ «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» Բրազիլիայում մասնակցեցին 8 թիմից բաղկացած մրցաշարին: Ներկայացուցիչներ ունեին Հարավային և Հյուսիսային Ամերիկաները, Աֆրիկան, Ասիան և Օվկիանիան: Եզրափակչում հանդիպեցին երկու բրազիլական թիմեր. «Վասկո դա Գամայի» և «Կորինտիանսի» պայքարում հաղթեց «Կորինտիանսը»: «Մանչեսթեր Յունայթեդը» ձախողեց մրցաշարը, իսկ «Ռեալը» զբաղեցրեց ընդամենը չորրորդ հորիզոնականը` բրոնզե մեդալի համար խաղում պարտվելով մեքսիկական «Նեկակսային»:

Եվրոպական գերիշխանություն

Աշխարհի ակումբային առաջին 3 առաջնություններում (2000, 2005, 2006) հաղթում էին Բրազիլիան ներկայացնող թիմերը, սակայն դրանից հետո Չեմպիոնների լիգայի գավաթակիրների գերիշխանությունը կարողացավ ընդհատել միայն «Կորինտիանսը»` 2012 թվականին հաղթելով «Չելսիին»: 2009, 2011 թվականներին հաղթեց «Բարսելոնան», մեկական անգամ հաղթել են «Միլանը», «Ինտերը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան»: Այս պահի դրությամբ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվել է 10 անգամ, որից 3 դեպքում հաղթել են իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի թիմերը` 2 անգամ «Բարսելոնան» և անցյալ տարի «Բավարիան»: «Ռեալի» կազմում Թոնի Կրոսը, Կրիշտիանու Ռոնալդուն և գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իրենց նախկին ակումբներում հաղթել են այս մրցաշարում:

Աշխարհի ակումբային առաջնության հաղթական ընթացքը վերջ դրեց հին ու բարի Միջմայրցամաքային գավաթի խաղարկությանը, որը վերջին անգամ անցկացվեց 2004 թվականին. «Պորտուն» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով եզրափակչում հաղթեց կոլումբիական «Օնսե Կալդասին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում