2014-ի ցնցող սպորտային իրադարձությունները (լուսանկարներ)

2014-ը հարուստ էր մարզական անակնկալներով ու ցնցումներով։ Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ձեզ։

Կինն աղբարկղում Աշխարհի 2014 թ. առաջնության բացման օրը

Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնությունը նախորդվեց և ուղեկցվեց բողոքի բուռն ցույցերով։ Բրազիլացիները հիմնականում դժգոհում էին, որ պետությունը հսկայական գումարներ է ծախսում այդ մրցաշարի կազմակերպման վրա, մինչդեռ երկրում սոցիալական բազմաթիվ խնդիրների համար գումար չի գտնվում։

Ռորի Մակելռոյն ու Կարոլին Վոզնյացկին բաժանվեցին

Մարզաշխարհի ամենահայտնի զույգերից մեկը՝ թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկին և գոլֆիստ Ռորի Մակելռոյը, ովքեր Ամանորին հայտարարել էին իրենց նշանադրության մասին, բաժանվեցին՝ անակնկալի բերելով բազմաթիվ երկրպագուների։

«Ատլետիկոն» դարձավ Իսպանիայի չեմպիոն

Համեստ ֆինանսական հնարավորություններով Մադրիդի «Ատլետիկոն», որին այնքան էլ լուրջ չէին ընդունում Իսպանիայում, ընդհատեց Պրիմերայում տիրող երկիշխանությունը։ Ակումբը տարին ավարտեց առաջին հորիզոնականում՝ հետևում թողնելով «Բարսելոնային» և Մադրիդի «Ռեալին», և հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այ դա շատ քչերը կսպասեին։

Ջերրարդի սայթաքումը ճակատագրական դարձավ «Լիվերպուլի» համար

Անցյալ մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլն» այնքան մոտ էր Պրեմիեր լիգայի չեմպիոնությանը։ Դա կլիներ առաջինը թիմի ավագ և լեգենդ Սթիվեն Ջերրարդի համար։ Ճակատագրի չար կատակով հենց առաջատարի սայթաքումը «Չելսիի» դեմ խաղում, որն ավարտվեց մրցակցի գոլով, «մերսիսայդցիներին» զրկեց բաղձալի չեմպիոնական գավաթից։

Ստեն Վավրինկան հաղթեց «Australian Open-ում

Շվեյցարացի թենիսիստ Ստեն Վավրինկան ցնցեց թենիսի երկրպագուներին՝ անակնկալ հաղթանակ տանելով «Մեծ սաղավարտի» մրցաշարում։ Ավստրալիայի բաց առաջնությունը դարձավ թենիսիստի կարիերայի գագաթնակետը, երբ նա պայքարից դուրս թողեց համաշխարհային դասակարգման առաջատար քառյակին և դարձավ մրցաշարի չեմպիոն։

Նիկո Ռոսբերգը պայքարից հանեց թիմակցին՝ Լյուիս Հեմիլթոնին

Ավտոսպորտի տարվա շոկը կարելի է համարել Բելգիայի Գրան-Պրիում «Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգի կողմից թիմակցին՝ Լյուիս Հեմիլթոնին պայքարից հանելը դեռ մրցարշավի սկզբում։ Թերևս ավտոսպորտի սիրահարները նման բան չէին տեսել լեգենդար Այրտոն Սենայի և Ալան Պրոստի տարաձայնություններից այս կողմ։

Բրազիլիան տնային Մունդիալում 1։7 հաշվով պարտություն կրեց

2014 թ. Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում ֆուտբոլային տարվա ամենացնցող իրադարձություններից մեկը տեղի ունեցավ։ Մրցաշարը հյուրընկալող բրազիլացիները ճանապարհը զիջեցին ապագա չեմպիոն Գերմանիային՝ պարտվելով 6 հնդակի տարբերությամբ։ Դավիդ Լուիսի այս լուսանկարն արդեն ամեն ինչ ասում է հանդիպման մասին։

Լուիս Սուարեսը կծեց Ջորջիո Կյելինիին

Մունդիալի ևս մեկ աչքի ընկնող իրադարձության ականատես եղանք Աշխարհի 2014 թ. առաջնության Իտալիա-Ուրուգվայ հանդիպման ժամանակ, երբ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կծեց մրցակցի պաշտպան Ջորջիո Կյելինիի ուսը։ Կրքերին տիրապետել չկարողանալն ուրուգվայցի հարձակվողին չորս ամսվա որակազրկում արժեցավ։

Սուարեսը հերքեց, որ կծել է Կյելինիին

Թերևս վերոնշյալից ոչ պակաս շոկային էր Լուիս Սուարեսի հայտարարությունը, թե ինքը ոչ թե կծել է Կյելինիին, այլ կորցրել հավասարակշռությունն ու ընկել նրա վրա, ինչի պատճառով ցավեցրել է ատամները։

«Մանչեսթեր Յունայթեդը» 5։3 հաշվով զիջեց «Լեսթերին»

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանն անհաջող մեկնարկած «Մանչեսթեր Յունայթեդը» նոր գլխավոր մարզիչ Լուի վան Գալի ղեկավարությամբ անակնկալ պարտություն կրեց «Լեսթեր Սիթիից»։ Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած խաղում «Կարմիր սատանաները» հաղթում էին 3։1 հաշվով, սակայն հանդիպումն ավարտվեց 5։3 հաշվով՝ հօգուտ մրցակցի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում