Միխայել Շումախեր` մրցուղու հսկան

Միխայել Շումախեր` մրցուղու հսկան

Ինձ համար շատ կարևոր է այն, որ ես ազատություն ունեմ:
Միխայել Շումախեր

 

 Ամեն ինչ սկսվեց 1969 թվականի հունվարի երրորդ օրը: Ռոլֆ և Էլիզաբեթ Շումախերների տանը տղա ծնվեց: Այդ ժամանակ դեռ որևէ մեկը պատկերացնել չէր կարող, որ փոքրիկ Միխայելը ապագա չեմպիոն է ու դառնալու է երկրագնդի ամենաճանաչված մարդկանցից մեկը:  Միխայելը ղեկի դիմաց առաջին անգամ նստեց 4 տարեկանում, հարազատ քաղաքի` Կերպենի խաղահրապարակում էր: Առաջին մանկական մեքենան նրան հայրը նվիրեց: Միխայելը շատ լուրջ էր վերաբերում նոր նվերին և իր համար անընդհատ ավտոարշավներ էր կազմակերպում: Մեքենաներից բացի Շումախերին նաև ձյուդոն էր հետաքրքրում, բայց դա մասնագիտություն չդարձավ: 

 Սկսած 10 տարեկանից Շումախերի կյանքը ուղիղ գծով կապվեց մեքենաների, ավտոարշավների, մրցաշարերի հետ: Զբաղմունքն աստիճանաբար դարձավ մասնագիտություն, մի ամբողջ կյանք ու… ճակատագիր: 14 տարեկանում Շումախերն արդեն որակավորվեց որպես ավտոարշավորդ: Պետք է նշել, որ դպրոցում և քոլեջում Միխայելը չփայլեց առաջադիմությամբ: Երիտասարդ մարզիկը ժամանակի պակասի պատճառով երկրորդ պլան մղեց ուսումը: Ծնողները ևս մեծ տեղ չտվեցին իրենց որդու ուսմանը` հասկանալով, որ նրա ապագան մրցուղին էր:

 Շումախերի պրոֆեսիոնալ կարիերային սկիզբ դրվեց 1984 թվականին: 1987-ից սկսած նա մրցանակներ նվաճեց ու հայտնվեց խոշոր ընկերությունների ուշադրության կենտրոնում, որոնք համագործակցության պայմանագրեր առաջարկեցին երիտասարդ, բայց շատ խոստումնալից մարզիկին: 1990 թվականին Շումախերն արդեն «Ֆորմուլա 3»-ի չեմպիոն դարձավ: 1992-ին նա մասնակցեց «Ֆորմուլա 1»-ին ու դարձավ երրորդ մրցանակակիր Բելգիայի Գրան-պրիում: Երիտասարդ արշավորդի համար դա, անկասկած, մեծ ձեռքբերում եղավ: Վառ դեղին հագուստը, լայն ժպիտը հենց այդ ժամանակ Շումախերին արժանացրին «Արևային տղա» կոչմանը:

 1993-ին տարին Շումախերն ամփոփեց 4-րդ տեղում, Պորտուգալիայում տարած հաղթանակով: Հաջորդ տարի նա առաջին անգամ հաղթանակ տարավ «Բենետոն» թիմի կազմում: 1995 թվականի կեսերին Շումախերը պայմանագիր կնքեց «Ֆերրարիի» հետ: Այդ ժամանակ թիմը 16 տարի միանձնյա որևէ տիտղոս չէր նվաճել: Թիմի ավտոարշավորդները վերջին անգամ մրցանակի համար պայքարել էին 1990 թվականին, երբ թիմի կազմում էր Ալեն Պրոստը: Իսկ Շումախերը հենց առաջին տարում 3 տիտղոս բերեց (Գրան-պրի Իսպանիա, Բելգիա, Իտալիա):

 1998-ին նա դարձավ միակ ավտոարշավորդը, ով կարողացավ մրցակցության մեջ մտնել մրցուղու «Մաքլարենի» հետ, սակայն ամփոփիչ արդյունքով տաեվերջում մնաց երկրորդը տեղում: Հաջորդ տարում Մեծ Բրիտանիայի ավտովթարն ու կոտրված ոտքը նրան զրկեցին երրորդ անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց: Վթարից հետո նա 6 արշավ բաց թողեց, սակայն մրցաշրջանի ավարտին կարողացավ վերադառնալ ու թիմին օգնել նվաճել Կոնստրուկտորների գավաթը, որը վերջին անգամ «Ֆերրարիինն» էր եղել 1983-ին:

 «Ֆերրարիի» 21 տարվա սպասումից հետո Շումախերը 2000 թվականին նվաճեց իր երրորդ չեմպիոնական տիտղոսն աշխարհի մակարդակով: Նա վաղաժամ չեմպիոն հռչակվեց` 17 արշավից 9-ում հաղթանակ տանելով: Հաջորդ տարի նա շրջանցեց Ալեն Պրիի ռեկորդը Գրան-պրիների հաղթանակների քանակով, նվաճեց չորրորդ տիտղոսը, 2002-ին նվաճեց հինգերորդը, հաջորդ տարի` վեցերորդ տիտղոսով նա գերազանցեց նաև Ֆանհիոյի ռեկորդը: «Ֆորմուլա 1»-ի հաջորդ ռեկորդը նա սահմանեց 2004-ին` դառնալով 7-ակի չեմպիոն:

 2006-ի սեպեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ Շումախերը հեռանում է մեծ սպորտից: Ղեկը բաց թողնելով` Շումախերը սկսեց թիմում որպես խորհրդատու և փորձագետ աշխատել: 2009-ին հայտարարվեց, որ Ֆելիպե Մասսային փոխարինելու համար Շումախերը վերադառնում է, որպեսզի մասնակցի Եվրոպայի Գրան-պրիին, սակայն մոտոցիկլից ընկնելու հետևանքով ստացած պարանոցի վնասվածքը խանգարեց հսկայի վերադարձին: Այն հետաձգվեց մինչև 2010 թվականը:

 Վերադարձն անցած ուղու պես փայլուն չստացվեց, քանի որ դադարն իր խոսքն ասել էր: Շումախերը ելույթներ ունեցավ, սակայն չեմպիոնի տիտղոս այլևս չնվաճեց: 2012-ի հոկտեմբերի 4-ին Ճապոնիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ չեմպիոնը հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտը կազդարարի նաև իր կարիերայի պաշտոնական ավարտը:

 «Որոշել եմ լքել «Ֆորմուլա 1»-ը, թեև դեռ ընդունակ եմ պայքարելու աշխարհի լավագույն ավտոարշավորդների հետ: Դա ինձ հպարտության զգացում է տալիս, ես երբեք չեմ զղջալու իմ վերադարձի համար: Գոհ եմ վերջին տարիների աշխատանքիցս, սակայն ժամանակն է, որ ես հրաժեշտ տամ:  Վերջին ամսներին վստահ չէի, որ կկարողանամ մոտիվացիա գտնել կարիերաս շարունակելու համար: Այսօրվա հայտարարությունն ինձ ազատում է այդ մտքերից: Պարզապես մրցուղով ընթանալն ինձ համար չէ. ցանկանում եմ պայքարել, տիտղոսներ նվաճել»,-ասաց Շումախերը մամուլի ասուլիսի ժամանակ:

 Թվում էր` Շումախերի անունն այլևս նախկինի պես չի շրջանառվի, կարիերայի ավարտից հետո նա մի փոքր կուլիսային դեր էր կատարում: Սակայն 2013 թվականի դեկտեմբերի 29-ը ճակատագրական օր դարձավ թե՛ լեգենդի, թե՛ նրա ընտանիքի ու երկրպագուների համար: Մելբուրնի հանգիստն իսկական մղձավանջի վերածվեց. դահուկներով սահելու ժամանակ Շումախերն ընկավ, գլխի ծանր վնասվածք ստացավ և հայտնվեց կոմայի մեջ: Շումախերի վիճակը սկզբում հուսադրող չէր: Ընտանիքն ու բժիշկները հրաժարվում էին մեկնաբանություններ տալ, կանխատեսումներ անել: Մի քանի ամիս Գրենբոլի հիվանդանոցում մնալուց հետո Շումախերը կոմայից դուրս գալու նշաններ ցույց տվեց, սակայն ամբողջ կյանքում հաշմանդամության կարգավիճակով ապրելուց խուսափել չի հաջողվում: 2014-ի սեպտեմբերի 9-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Շումախերը տուն է վերադառնում, բուժման կուրսն այնտեղ շարունակելու համար:

 «Իմ մեջ ատելություն չկա… Այն ինձ համար չափազանց տարօրինակ զգացմունք է: Սակայն երևույթներ կան, որ մարդկանց մեջ չեմ սիրում: Չեմ սիրում, երբ մարդկանց նեղացնում են, անտեսում մարդկային արժանիքները: Դա անընդունելի»:

 Այսպիսին է «Ֆորմուլա 1»-ի 7-ակի չեմպիոնը, ով արժանի չէր իրադարձությւնների նման զարգացմանը: Վստահաբար, դեռ երկար ժամանակ նա օրինակ կհանդիսանա երիտասարդ սերնդի համար, դեռ երկար ժամանակ նրան որպես մրցուղու հսկայի կամ պարզապես «Արևային տղայի» կհիշեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում