Հավաքական` կազմված 2014-ին կարիերան ավարտած ֆուտբոլիստներից

Հավաքական` կազմված 2014-ին կարիերան ավարտած ֆուտբոլիստներից

Վստահաբար կարելի է ասել, որ 2014 թվականին ֆուտբոլային մի ամբողջ սերունդ հրաժեշտ տվեց խաղադաշտին: Այդ ֆուտբոլիստներից կարելի էր 2000-ականների «երազանքի թիմը» ստանալ, սակայն այժմ կարող ենք ներկայացնել անցյալ տարի կարիերան ավարտած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:

Դարպասապահ` Ռոժերիո Սենի

Լեգենդար դարպասապահը, կարծես, մոռացել էր, որ դեռևս 2013-ին հայտարարել էր` հեռանում է ֆուտբոլից, ու ևս մեկ տարի մնաց դաշտում: Խաղաց ու չմոռացվեց: 41-ամյա դարպասապահի կարիարյի ընթացքում 123 գոլ է խփել (համաշխարհային ռեկորդ) և մի շարք այլ հաջողությունների է հասնել: Հատկանշական է 2014-ի հոկտեմբերը, երբ նա կրկնեց, ապա գերազանցեց Ռայան Գիգզի ռեկորդը` մեկ թիմում տոնած հաղթանակների թվով (590 այդ պահին):

Ձախ պաշտպան` Էրիկ Աբիդալ

Աբիդալի կարիերայի ավարտն անսպասելի չէր: Նա կարող էր նույնիսկ երկու տարի առաջ ավարտել կարիերան, երբ ֆուտբոլիստի մոտ երիկամների քաղցկեղ էր հայտնաբերվել: Միայն ֆուտբոլի հանդեպ անսահման սիրով կարելի է բացատրել Էրիկի կարիերայի վերսկսումը, սակայն ամեն դեպքում հրաժեշտի պահը եկավ…

Կենտրոնական պաշտպան` Գաբրիել Հայնցե

Գաբրիել Հայնցեն բավականին վաղ` 36 տարեկանում ավարտեց կարիերան, սակայն այս դեպքում էլ անսպասելի որոշում չէր: 2 տարի առաջ արգենտինացին հեռացավ Եվրոպայից, որտեղ խաղացել էր «Ռեալում», «Պարի Սեն Ժերմենում», «Ռոմայում», «Մարսելում» ու «Մանչեսթեր Յունայթեդում», և վերադարձավ հարազատ ակումբ` «Նյուելս Օլդ Բոյս»: Նա այստեղ կարողացավ տիտղոս նվաճել` դառնալով երկրի չեմպիոն ու կարիերան ավարտեց մայիսի 9-ին:

Կենտրոնական պաշտպան` Կառլես Պույոլ

«Բարսելոնայի» ավագի հեռանալը տարվա անսպասելի իրադարձություններից էր: Կենտրոնական պաշտպանի համար 36-ը տարիք չէ, բայց Կառլեսը վնասվածքներ ուներ:
Պույոլը վախեցավ իր վնասվածքներից. «Առյուծի սիրտը» ճիշտ գնահատեց հետագա հնարավորությունները` հասկանալով, որ այլևս չի կարող ակումբին համապատասխան մակարդակով խաղալ: Արդյունքում նա ավարտեց կարիերան` ակտիվում ունենալով «Բարսելոնայի» կազմում նվաճախ 21 տիտղոս:

Աջ պաշտպան` Խավիեր Ձանետի

Այն ֆուտբոլիստներից է, ովքեր հզորացրել են 1990-2000-ականների ֆուտբոլը: 19 տարի «Ինտերում», 858 խաղ և 16 տիտղոս: Նրա հեռանալն անսպասելի էր, քանի որ որևէ մեկը ուշադրություն չէր դարձնում Ձանետիի տարիքին: Մարդիկ կատակում էին` ասելով, որ նա 10 տարի առաջ էլ, 5 տարի առաջ էլ ու 2014-ին էլ նույն կերպ էր խաղում: Անցյալ տարի լրացավ նրա 41 տարին, ու արգենտինացին կատարեց այդ բարդ քայլը:

Ձախ կիսապաշտպան` Ռայան Գիգզ

Ֆուտբոլային հանրության ևս մեկ խորհրդանիշ: Մարդ, ով իր կյանքը նվիրեց «Մանչեսթեր Յունայթեդին» և «Ուելսի» հավաքականին` չկարողանալով իր խոսքն ասել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում: Ակումբային կարիերայում Գիգզը հասավ բարձունքին. «Ման. Յունայթեդի» հետ ԱՊԼ-ի 13 տիտղոս, Չեմպիոնների երկու գավաթ ու դա բավական է լեգենդի կարգավիճակով համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ մտնելու համար:

Կենտրոնական կիսապաշտպան` Խուան Սեբաստյան Վերոն

Վերոնը կարիերան երկրորդ փորձից ավարտեց: Առաջինը տեղի ունեցավ 2012-ին, երբ եվրոպական ակումբներից հետո նա վերադարձավ Լա-Պլատայի հարազատ ակումբ` «Էստուդիանտես»: Նա դարձավ ակումբի մարզական տնօրենը, իսկ սիրողական մակարդակով հանդես եկավ «Բրանդսենում»: Վերոնը վերսկսեց կարիերան «Էստուդիանտեսում»: Կարիերան երկրորդ անգամ ավարտելուց հետո դարձավ ակումբի տնօրենը` ստանալով ակումբի անդամների ձայների 70 տոկոսը:

Կենտրոնական կիսապաշտպան` Կլարենս Զեեդորֆ

Ծագումով Աֆրիկայից այս հոլանդացին միակն է, ով երեք տարբեր ակումբների («Այաքս», «Միլան», «Ռեալ») կազմերում հաղթել է Չեմպիոնների լիգայում: Նա կարիերան ավարտեց 2014-ի սկզբում: Խաղալով բրազիլական «Բոտաֆոգոյի» կազմում` Զեեդորֆը այնպիսի առաջարկ ստացավ, որից հրաժարվել չէր կարելի… Նրան հարազատ «Միլանից» հրավիրեցին որպես մարզիչ: Առանց որևէ փորձի: Ամեն ինչ ավարտվեց այնքան արագ, որքան սկսել էր. 4 ամիս անց նրան հեռացրին ակումբից:

Աջ կիսապաշտպան` Մաուրո Կամորանեզի

Կամորանեզին առավել հայտնի է «Յուվենտուսի» կազմում իր ելույթներով: Նա կարիերան ավարտեց 38 տարեկանում` այն դեպքում, երբ կիսապաշտպանի դիրքը պահանջում է ֆիզիկական տվյալներ ու արագություն: «Յուվենտուսից» հետո նա տեղափոխվեց «Շտուդգարտ», իսկ 2011-ին վերադարձավ հարազատ Արգենտինա ու հանդես եկավ «Լանուսում» և «Ռասինգում»: Մի հարց է մնում Կամորանեզիի կարիերան հետ կապված. Իտալիայի հավաքականում 56 խաղ անցկացրած ֆուտբոլիստն իտալացի՞ է արգենտինական ծագմամբ, թե՞ հակառակը:

Հարձակվող` Թյերի Անրի

Ֆուտբոլից հեռանալու մասին Անրին հայտարարեց դեկտեմբերի 1-ին: Եվրոպայից նա վաղուց էր հեռացել և 2010-ից իր ելույթներով երջանկացնում էր «Նյու-Յորք Ռեդ Բուլսի» երկրպագուներին:

Հարձակվող` Ռիվալդո

«Կորինտիանսի», «Պալմեյրասի», «Դեպորտիվոյի», «Բարսելոնայի», «Միլանի», «Օլիմպիակոսի» և «Բունյոդկորի» բրազիլացի աստղը անցյալ տարվա մարտին հայտարարեց հեռանալու մասին, չնայած կարելի էր նաև նրա կարիերան վաղուց համարել ավարտված: Ռիվալդինյոյի ֆուտբոլային կարիերան տևեց 24 տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում