Մարզիչներ, ովքեր գլխավորում են այն թիմերը, որոնցում խաղացել են

Մարզիչներ, ովքեր գլխավորում են այն թիմերը, որոնցում խաղացել են

Դիեգո Սիմեոնեն, Սինիշա Միխայլովիչը, Ալան Պարդյուն և ոչ միայն… Ներկայացնում ենք եվրոպական թոփ-առաջնությունների այն մարզիչներին, ովքեր մարզում են իրենց հարազատ թիմերը:

Լուիս Էնրիկե 

Խաղացել է «Բարսելոնայում» 1996-2004 թվականներին. ուղիղ 300 խաղ, 109 գոլ, Իսպանիայի 2 չեմպիոնություն, Իսպանիայի 2 գավաթ, Գավաթակիների գավաթ և երկու Սուպերգավաթ: Հարձակողական ոճի կիսապաշտպան, ով 90-ականների վերջին չվախեցավ «Ռեալը» փոխել «Բարսելոնայով»:

Մարզում է «Բարսելոնան» սկսած 2014 թվականից: Տիտղոսներ դեռ չկան, սակայն այս տեմպերով շարունակելու դեպքում` հաստատ կլինեն:

Դիեգո Սիմեոնե

Խաղացել է «Ատլետիկոյում» 1994-1997թթ., 2003-2005թթ.: Ավելի քան 100 խաղ և 20 գոլ, Իսպանիայի չեմպիոնի 1 տիտղոս, Իսպանիայի մեկ գավաթ: Կենտրոնական կիսապաշտպան է` հարուստ և բազմազան կարիերայով:

Մարզում է «Ատլետիկոն» սկսած 2011-ից, այս ընթացքում` հաղթանակ Իսպանիայի առաջնությունում, հաղթանակ Իսպանիայի գավաթում, Եվրոպա լիգայում, Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակցություն, երկու Սուպերգավաթ: Վերջին 3 տարիներին Եվրոպայի լավագույն մարզիչներից է:

Գաիսկա Գարիտանո

Խաղացել է «Էյբարում» 1998-1999թթ., 2001-2005թթ., մոտ 150 խաղ իսպանական երկրորդ դիվիզիոնում:

Մարզում է «Էյբարը» սկսած 2012 թվականից: Նրա գլխավորությամբ առաջին անգամ պատմության մեջ «Էյբարը» հայտնվեց Լա լիգայում և հրաժարվեց հետ դառնալ:

Էդուարդո Բերիցցո

Արգենտինացի կենտրոնական պաշտպան, ով խաղացել է «Սելտայում» 2001-2005 թվականներին, ավելի քան 100 խաղ Լա լիգայում:

Մարզում է «Սելտան» սկսած 2014 թվականի ամռանից, փոխարինում է «Բարսելոնա» տեղափոխված Լուիս Էնրիկեին:

Սերխիո Գոնսալես 

Խաղացել է «Էսպանյոլում» 1998-2001 թվականներին: Հաղթել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում: Կենտրոնական կիսապաշտպան է, ով ավելի հայտնի է Խավյեր Իրուրետի «Դեպորտիվոյից»:

Մարզում է «Էսպանյոլը» սկսած 2014 թվականից, երբ փոխարինեց Խավյեր Ագիրեին: Մինչ այդ գլխավորել է «Էսպանյոլի» երկրորդ թիմը:

Պակո Խեմես 

Խաղացել է «Ռայո Վալյեկանոյում» 1992-1993թթ. և 2004-ին: Կենտրոնական պաշտպան է, ով հաջողությունների է հասել, սակայն ոչ «Ռայո Վալյեկանոյի» կազմում, այլ «Դեպորտիվոյում» և «Սարագոսայում»: Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 2000-ին: 

Մարզում է «Ռայո Վալյեկանոն» սկսած 2012-ից: Ցածրակարգ առաջնություններում աշխատելուց հետո բարձր կարգ ունեցող թիմ տեղափոխվեց ու գլուխ հանեց. արդեն 3-րդ մրցաշրջանն է, ինչ «Ռայո Վալեյկանոն» առաջնության մրցաշարային աղյուսակի միջնամասում է:

Էրնեստո Վալվերդե 

Խաղացել է «Ատլետիկում»1990-1996 թվականներին: Հարձակվող է եղել, ով Իսպանիայի առաջնությունում «Ատլետիկի» կազմում ավելի քան 40 գոլ է խփել:

Մարզել է «Ատլետիկը» 2003-2005թթ. և սկսած 2013-ից: Մարզելով «Վալենսիան» և «Օլիմպիակոսը»` վերադարձել է «Ատլետիկ» և առաջին փորձից էլ թիմին դուրս է բերել ՉԼ.սակայն երկրորդ մրցաշրջանը դեռ այնքան էլ բարեհաջող չի ընթանում:

Տեղափոխվում ենք Իտալիա

Սինիշա Միխայելովիչ 

Խաղացել է «Սամպդորիայում» 1994-1998թթ., ավելի քան 100 խաղ և 10 գոլ: Սերբ կենտրոնական պաշտպան, ով հիանալի էր իրացնում տուգանային հարվածները:

Մարզում է «Սամպդորիան» սկսած 2013 թվականից: Անցյալ մրցաշրջանում խուսափեց դուրս Բ Սերիա տեղափոխվելուց, իսկ հիմա պայքարում է թիմին եվրագավաթային ուղեգիր պարգևելու համար:

Ֆիլիպո Ինձագի 

Խաղացել է «Միլանում» 2001-2012 թվականներին, 300 խաղ և 126 գոլ, Չեմպիոնների լիգայի 2 գավաթ, Իտալիայի առաջնության 2 չեմպիոնություն, Իտալիայի 2 գավաթ, Աշխարհի ակումբային առաջնության հաղթանակ, երկու Սուպերգավաթ:

Մարզում է «Միլանը» սկսած 2014-ից: Աշխատել է երիտասարդական թիմի հետ, իսկ անցյալ ամռանը գլխավոր մարզչի դերում փոխարինելու եկավ Զեեդորֆին: Դեռևս ամեն ինչ վատ է ընթանում, և չի բացառվում` Ինձագիի համար ընթացիկ մրցաշրջանը վերջինը լինի «Միլանի» գլխավոր մարզչի կարգավիճակում:

Ջուզեպե Յակինի 

Խաղացել է «Պալերմոյում» 1994-1996 թվականներին: Կիսապաշտպան է, ով «Պալերմոյի» կազմում խաղացել է Բ Սերիայում:

Մարզում է «Պալերմոն» սկսած 2013-ից: Անցյալ մրցաշրջանում «Պալերմոյին» A սերիա տարավ: Քչերն էին կասկածում, որ Յակինին վաղուց պետք է հեռացված լիներ, սակայն «Պալերմոն» աղյուսակում է ու մարզիչն էլ դեռ իր տեղում:

Ռոլանդո Մարան 

Խաղացել է «Կիևոյում» 1986-1995 թվականներին, միշտ ցածրակարգ դիվիզիոներում:

Մարզում է «Կիևոն» սկսած 2014 թվականի հոկտեմբերից: Անցյալ մրցաշրջանի սկզբին փոխարինեց Էուդժենիո Կորինին և «Կիևոյին» դուրս բերեց վտանգավոր գոտուց:

Ջանֆրանկո Ձոլա 

Խաղացել է «Կալյարիիում» 2003-2005 թվականներին: Հենց «Կալյարիում» նա ավարտեց կարիերան և վերջում թիմին օգնեց վերադառնալ Սերիա Ա:

Մեկ ամիս առաջ փոխարինեց Զդենեկ Զեմանին: Սկսեց «Պալերմոյից» կրած 0:5 հաշվով պարտությունից, բայց հետո հաղթեց «Չեզենային» և չպարտվեց «Ուդինեզեին»:

Այժմ տեղափոխվում ենք Գերմանիա

Վիկտոր Սկրիպնիկ 

«Վերդերում» խաղացել է 1996-2004 թվականներին: Թիմում 50 խաղ է անցկացրել և 2004-ին ոսկե դուբլի է մասնակից է դարձել` հաղթելով Բունդեսլիգայում և Գերմանիայի գավաթի խաղարկությունում: 1999-ին ևս Գերմանիայի գավաթակիր է դարձել:

Մարզում է «Վերդերը» սկսած 2014-ի հոկտեմբերից: Երիտասարդական թիմից հրավիրվեց փրկելու «Վերդերը»: Վատ չսկսեց ու պահպանեց Թոմաս Շաֆի հետ համեմատությունը:

Կրիստիան Շտրայխ 

Խաղացել է «Ֆրայբուրգում» 1987-1988 թվականներին: Կիսապաշտպան է, հարուստ կարիերա չի ունեցել, ավելի շատ խաղացել է Ֆրայբուրգի մյուս` «Ֆրայբուրգեր» ակումբում:

Մարզում է «Ֆրայբուրգը» 2011 թվականի դեկտեմբերից: Շտրայխը, կարելի է ասել, հրաշքներ գործեց «Ֆրայբուրգում», ճանաչվեց Բւոնդեսլիգայի լավագույն մարզիչ, սակայն վերջին շրջանում գործերը վատ են ընթանում:

Վերջին կանգառ` Անգլիայի Պրեմիեր լիգա

Հարրի Մոնկ «Սուոնսի»

Խաղացել է «Սուոնսիում» 2004-2014 թվականներին: Պաշտպան, ով «Սուոնսիի» հետ խաղացել է անգլիական պրոֆեսիոնալ բոլոր լիգաներում` Լիգա 2-ից մինչև էլիտա, իսկ վերջում`2013-ին նվաճել է լիգայի գավաթը:

Մարզում է «Սուոնսին» սկսած 2014-ի փետրվարից: Լաուդրուպից «խլեց» ակումբն ու ղեկավարությանը համոզեց, որ կարող է ոչ թե ժամանակավոր, այլ մշտական մարզիչ լինել:

Ալան Պարդյու «Քրիսթալ Փելաս»

Խաղացել է «Քրիսթալ Փելասում» 1987-1991 թվականներին: Կիսապաշտպան, ով շատ ակումբներում է խաղացել, սակայն լավագույն տարիներն անց է կացրել «Փելասում»: Թիմին օգնել է հասնել էլիտ դիվիզիոն և խաղալ Անգլիայի գավաթի եզրափակչում:

Մարզում է «Քրիսթալ Փելասը» 2015-ի հունվարից: «Նյուքասլից» բաժանվեց` ավելի ցածրակարգ ակումբ տեղափոխվելով ու սկսեց երեք հաղթանակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում