Յակին. «Ուլիսի» հետ խաղը դրական տպավորություն թողեց

Յակին. «Ուլիսի» հետ խաղը դրական տպավորություն թողեց

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է ստուգողական խաղում «Ուլիսի» նկատմամբ 3:1 հաշվով տոնած հաղթանակից:

Թուրքիայի ուսումնամարզական հավաքի շրջանակում «Սպարտակը» երկրորդ հաղթանակը տոնեց: Շնորհավորում ենք: Գո՞հ եք Ձեր սաների գործողություններից:

-Ընդհանուր առմամբ հանդիպումը դրական տպավորություն թողեց: Մենք կարողացանք լավ ռիթմ ապահովել: Իհարկե, շատ գոլային պահեր ստեղծեցինք և կարող էինք ավելի շատ հնարավորություններ օգտագործել, բայց այդպես չարեցինք: Եթե այդ հնարավորություններն իրացվեին, խաղի վերաբերյալ իմ գնահատականն ավելի բարձր կլիներ: Ամեն դեպքում, ես գոհ եմ: Այսօր 60-70 րոպեի ընթացքում խաղաժամանակ տրամադրեցինք այն ֆուտբոլիստներին, որոնց, կարծում ենք, դա անհրաժեշտ է: Դեռ ընդմիջման ժամանակ մի քանի փոփոխություն կատարեցինք, որոնք պայմանավորված էին Գլուշակովի, Կրոտովի և Ժոաո Կարլոսի փոքրի վնասվածքներով:

-Այսօր մրցակիցը գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում խաղում էր պաշտպանությունից: Ձեզ չի՞ անհանգստացնում, որ ստուգողական խաղերում «Սպարտակը» հենց նման մրցակիցներ է ունենում:

-Մենք դեռ հինգ հանդիպում ունենք: Հույս ունեմ` կկարողանանք այլ տարբերակներ կիրառել: Բայց կարծում եմ` մրցակիցներն այդպես են խաղում նաև մեր խաղի պատճառով: Մրցակիցները ստիպված են լինում հետ քաշվել և կենտրոնանալ պաշտպանության վրա: Առաջնության երկրորդ հատվածը սկսելու ենք երկու տնային խաղով և մեզ համար շատ կարևոր է հարձակվողական ֆուտբոլի ռիթմը գտնելը: Կարծում եմ` այս փուլում մեր խաղը վատը չէ: Ըստ իս, մենք շարժվում ենք այն ճանապարհով, որը հաջողություն կբերի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում