Յուրա Մովսիսյան. Իմ ամենամեծ մրցակիցը ես եմ

Յուրա Մովսիսյան. Իմ ամենամեծ մրցակիցը ես եմ

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Чемпионат.com»-ին տված հարցազրույցում խոսել է ակումբի ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման, վնասվածքից ապաքինվելու, թիմում Մուրատ Յակինի դերակատարության և հիմնական կազմում տեղ ունենալու համար մրցակցության մասին:

-Այս մի քանի օրերն ինձ համար իսկապես շատ կարևոր էին: Բանակցությունները, եթե կարելի է այդպես ասել, իրոք բարդ չէին և շատ արագ ընթացան: Երկրպագուների կողմից ստացած «Ոսկե վարազ» մրցանակը (2013-14թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված մրցանակ «Սպարտակի» ֆան-ակումբի կողմից) ես ընկալում եմ որպես գնահատական այն մարդկանց կողմից, ում համար մենք խաղում ենք: Իսկ երկրպագուհիների կողմից Սուրբ Վալենտինի կապակցությամբ շնորհավորանքների մասին խոսք չկա: Շատ զգացված էի, երբ կարդում էի նրանց նամակները, խոստովանությունները: Այս ամենն իսկապես հաճելի է:

-Անցյալ տարին, հավանաբար, կարելի է անվանել ամենաբարդը Ձեր կարիերայում:

-Կարծում եմ` այո: Մրցաշրջանի հենց սկզբում ստացած վնասվածքը, վերջնական արդյունքն այն դեպքում, երբ մենք բարձր հորիզոնականի ակնկալիք ունեինք. այս ամենը շատ բարդ էր ընդունելը, քանի որ առաջնության վերջում էլ լիովին պատրաստ չէի: Եզրափակիչ խաղերին մասնակցում էի հնարավորություններիս 50% կամ առավելագույնը 60% սահմաններում: Այդ ամենը շատ տխրեցրեց ինձ:

-Այդ ամենին գումարած` Դուք վնասվածք ստացաք, փոխվեց մարզիչը:  Չէ՞ր ճնշում այն, որ Դուք, ի տարբերություն մյուսների, Մուրատ Յակինի աշխատանքի առաջին օրերին Ձեր ընդունակությունները ցուցադրելու հնարավորություն չունեիք:

-Հոգեբանորեն ճնշում էր հենց ապաքինման ընթացքը և մարզավիճակ ձեռք բերելը: Ես այն մարդը չեմ, ով հանգիստ կնստի պահեստայինների նստարանին կամ իր թիմի խաղերին կհետևի տրիբունայից: Այդ ամենն ինձ համար պարզապես անկառավարելի է. ցանկանում եմ անընդհատ խաղալ, պայքարել և տալ իմ ուժերը: Փառք Աստծո, այժմ ամեն ինչ անցյալում է. ինձ լավ եմ զգում, ծունկս չի անհանգստացնում: Իհարկե, դեռ պետք է լավ աշխատեմ մարզասրահում և ստուգողական խաղերում մարզավիճակ ձեռք բերեմ, բայց համոզված եմ` շատ շուտով լիովին պատրաստ կլինեմ:

-Ամեն դեպքում, ինչպե՞ս այդ ամենին արձագանքեց Մուրա Յակինը: Այդ շրջանում նրա հետ հաճա՞խ էիք շփվում:

-Բնականաբար, երբ նոր մարզիչ է գալիս, դու ցանկանում էր առաջին օրվանից ցուցադրել քեզ: Ես չէի կարող դա անել: Անխոս, Մուրատը գիտեր` ինչ ֆուտբոլիստ եմ, քանի գոլ եմ խփել «Սպարտակի» համար, ինչի եմ ընդունակ: Ես այդ ամենը գիտակցում էի, բայց նաև հասկանում էի` գոլերը, փոխանցումները և մնացած ամեն ինչ անցյալում են: Դրանք արդեն արդիական չէին, քանի որ մարզչին չի հետաքրքրում քո երեկվա օրը, նրան հետաքրքրում է միայն ներկան: Ինչ վերաբերվում է Մուրատ Յակինի հետ այդ շրջանում մեր շփմանը, ապա այս մարդը ոչ միայն շատ աջակցեց ինձ, այլև շատ օգտակար բաներ արեց ամբողջ թիմի համար: Նրա շնորհիվ թիմում այժմ հիանալի մթնոլորտ է:

-Վնասվածքների թեման ամփոփենք վերջին հարցով. ի՞նչ վիճակում է Արազ Օզբիլիսը:

-Արազն ապաքինվում է և անհամբերությամբ սպասում է` երբ է խաղադաշտ դուրս գալու: Մենք էլ շատ ենք կարոտել նրան: Ամբողջ թիմի համար Օզբիլիսը շատ կարևոր ֆուտբոլիստ է: Ցավալի է, որ վնասվածքի պատճառով նա երկար ժամանակ բաց թողեց, բայց ես, ճանաչելով Արազին, գիտեմ` վերադարձից հետո նա ավելի կուժեղանա:

-Անցնենք ապագայի թեմային: Փաստացի Դուք մնացել եք թիմում միակ փորձառու ռմբարկուն: Ինչպե՞ս է Ձեզ ավելի հարմար. երբ մրցակցությունը բա՞րձր է, թե՞ հակառակը:

-Իմ ամենամեծ մրցակիցը ես եմ: Իսկապես, ո՛չ թիմում, ո՛չ երկրում, ո՛չ աշխարհում չկա այնպիսի մեկը, ով իմ վրա ավելի մեծ ճնշում կգործադրի, քան ինքս: Բնականաբար, յուրաքանչյուր ակումբ ցանկանում է ունենալ հնարավորինս շատ հարձակվողներ, բայց մենք ունենք երիտասարդներ, ովքեր սովորում են և առաջընթաց են գրանցում: Չնայած մենք նրանց երիտասարդ ենք անվանում` գործում տղաներն արդեն 22-23 տարեկան են: Բնական է, որ նրանք պատասխանատվության պատճառով ճնշում են զգում, բայց ինքս ամեն ինչ կանեմ նրանց օգնելու համար: Այժմ էլ նրանց ցուցադրում եմ ունակություններս, քանի որ դրանից շահում է ամբողջ թիմը, նշանակում է` շահում ենք մենք:

-Ուսումնամարզական հավաքների ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնավածությունը մե՞ծ է: Գլուշակովը և Մակեևն ասում էին, որ վաղուց նման բան չէին տեսել:

-Վազքային վարժություններն իսկապես շատ էին, հատկապես սկզբում: Բայց եթե դատենք վերջնական արդյունքի և թիմի ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից, ապա իմ կարծիքով` հավաքները հիանալի ստացվեցին:

-Իսկ ազատ ժամանակն ինչպե՞ս եք անցկացնում: Ֆիլմե՞ր, սերիալնե՞ր:

-Այո, սիրում եմ նաև հեռուստատեսային շոուներ: Բացի այդ, Թուրքիայում այժմ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում հայկական թիմերը, որոնցում ես լավ ընկերներ ունեմ: Նրանց հետ էլ հաճախ հանդիպում ենք:

-Որքանով տեղյակ եմ` ընկերներ մնացել են նաև «Կրասնոդարում»: Երբ հեռանում էիք թիմից, պատկերացնու՞մ էիք, որ այն այդպես արագ մրցակից կդառնա թոփ-ակումբների համար:

-Վաղուց բոլորին ասում եմ, որ Սերգեյ Նիկոլաևիչն այնպիսի ակումբ է ստեղծել, որի զարգացումն օրինակ է բոլոր երիտասարդ թիմերի համար: «Կրասնոդարում» միլիոններով չեն աշխատում, այլ ճիշտ պահին ճիշտ գործողություններ են կատարում. զարգացնում են ակադեմիան, մարզադաշտ են կառուցում, ներդրումներ են կատարում հիմնական թիմում:

-Կրասնոդարից տեղափոխությունից հետո Մոսկվային հարմարվե՞լ եք, չէ՞ որ շատ տարբեր քաղաքներ են:

-Կրասնոդարն ինձ միշտ դուր է եկել, սակայն Մոսկվայի կյանքն էլ սրտովս է: Մեծացել եմ Լոս-Անջելեսում և ավելի շատ սովորել եմ մեծ քաղաքների կյանքին: Միայն եղանակն է երբեմն անհանգստացնում: Խցանումները ևս խնդիր չեն, քանի որ արագ եմ վարում և կես կամ մեկ ժամից ավելի չեմ մնացել խցանման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում