13 ոչ սնահավատ ֆուտբոլիստ կամ չարագուշակ թիվը ֆուտբոլում

13 ոչ սնահավատ ֆուտբոլիստ կամ չարագուշակ թիվը ֆուտբոլում

Մարզաշապիկնրի համարները հատուկ թեմա է ֆուտբոլի պատմության մեջ: Ինչ-որ ժամանակ դրանք ընդամենը 11 էին, քանի որ հայտագրումներ և փոխարինումներ որպես այդպիսին չկային:

Նույն համարի մարզաշահագուստով հաջորդ խաղի ժամանակ կարող էր բոլորովին այլ ֆուտբոլիստ դուրս գալ դաշտ: Բացի այդ, համարները համապատասխանում էին ֆուտբոլիստների խաղային դիրքերին: Առաջին, ապա երկրորդ փոխարինման թույլատվությունից հետո հայտնվեցին 12, 13 և 14 համարները: Որոշ ֆեդերացիաներ պաշտոնապես թույլատրեցին փոփոխությունների համար օգտագործել 14 համարը, քանի որ սնահավատ ֆուտբոլիստները 13 համարի մարզաշապիկով դաշտ դուրս գալ չէին ցանկանում: Դեռ 1990-ականներին առաջնություններում ֆուտբոլիստները հստակ համարներ չունեին: Ով հենց մեկնարկային րոպեներից դաշտ էր դուրս գալիս, նա էլ ստանում էր 1-11 համարները: Միայն պնդումներից հետո յուրաքանչյուր ֆուտբոլիստի մարզաշապիկին գրեցին իր սեփական համարը: Ներկայացնում ենք հեղինակավոր ֆուտբոլիստների, ովքեր չեն վախեցել հանդես գալ չարագուշակ համարվող 13 համարի մարզահագուստով:

Գերդ Մյուլլեր

Գերմանական ֆուտբոլի լեգենդը, առաջին հայտնի 13 համարն է: Նա խաղացել է այն շրջանում, երբ որոշ առաջնությունում, օրինակ` Իտալիայի առաջնությունում, այդ համարի ներքո կարող էր հանդես գալ միայն փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստը: Ասում են, որ 13-ի հանդեպ սերը Մյուլլերի մոտ ծնվել է այն ժամանակ, երբ ինքն էր դեռ պահեստայինների նստարանին: Այսպես թե այնպես, սուպերռմբարկուն իսկական թրենդ էր հաղորդում գերմանական ֆուտբոլին:

Միխայել Բալաք

Մյուլլերի ամենահայտնի հետնորդներից մեկը Բալաքն է: Նա չէր թաքցնում, որ 13 համարի մարզաշապիկը լեգենդի պատվին է ընտրել: Նա այդ համարի ներքո խաղացել է բոլոր ակումբներում, և նույնիսկ հավաքականում: Թիկունքին այդ համարն ունենալով` Բալաքը լավ կարիերա է կերտել, սակայն նրան հետապնդում էին պարտությունները եզրափակիչներում: Եվ այդտեղ, որոշ սնահավատներ ասում էին, որ Միխայելն իզուր է որոշել մրցակցել Մյուլլերի հետ:

Թոմաս Մյուլլեր

Բունդեսլիգայի ներկայիս աստղին 13 համարով հանդես գալ է պարտավորեցնում նաև ազգանունը: Մյուլլեր` Մյուլլերի հետնորդը: Թոմասն արդեն աշխարհի չեմպիոն է, հաղթել է Չեմպիոնների լիգայում ու եզրափակիչները նրան այնքան էլ բարդությամբ չեն տրվում: Հնարավոր է, որ Գերդի համարը հենց նման մեկին էր սպասում:

Ալլեսանդրո Նեստա

«Երբեք չեմ հասկացել 13 համարի շուրջ ծավալվող այս իրարանցումը,-խոստովանել է Նեստան:- Ինձ վրա նրա համբավը որևէ ազդեցություն չունի: Կարծու՞մ եք` եթե համարս փոխեմ, Սուպերմե՞ն կդառնամ: Ես կասկածում եմ»:

Նեստան պահպանեց հավատարմությունն իր համարին` չնայած վնասվածքներին, որոնք հանդիպեցին կարիերայի ավարտից առաջ: Նրա համարից դժգոհելը մեղք է. Նեստան վաստակել է այն ամենը, ինչի մասին կարող էր երազել:

Ալեքսանդր Գլեբ

Գլեբի կարիերան բաժանվում է 2 փուլի` մինչև «Բարսելոնան» և «Բարսելոնայից» հետո: Այնպիսի հաջողության, ինչպիսին Ալեքսանդրն ունեցավ «Շտուտգարտում» և «Արսենալում», նա այլևս չհասավ ու կարիերայի աստիճանով ցած իջավ: Եվ այստեղ անհասկանալի է` ինչպե՞ս արտահայտվեց 13-ի կախարդանքը. կա՛մ այն անհաջողություն բերեց, կա՛մ դրանից հրաժարվելն էր պատճառը: Իսպանիայում Գլեբն ստիպված էր հանդես գալ 21 համարի մարզաշապիկով: Հետո նա վերադարձավ սատանայական թվին, բայց դա արդեն չօգնեց: Երկրորդ անգամ 13 համարից նա հրաժարվեց անցյալ տարի «Կոնյասպորում»` ընտրելով 19 խաղահամարը: Դա էլ չօգնեց, և այնտեղ Գլեբը մեկ տարուց ավելի այլևս չմնաց: 

Մայկոն

Բրազիլացին 13-րդ համարն առաջին անգամ ընտրեց «Մոնակոյում»: Այնտեղ այդ համարի հետ գործ ունեցողներ չգտնվեցին, ու պաշտպանն այս հարցում մրցակիցներ չուներ: Գործերը հաջող ընթացան, Մայկոնը որևէ խնդիր չունեցավ ու մինչև հիմա հավատարիմ է իր խաղահամարին: Նա «Ռոմայում» ևս 13-րդն է:

Պակ Չժի Սուն

Կորեացին շատ երկար ժամանակ այդ համարի ներքո էր հանդես գալիս ու չէր հասկանում, թե ինչու են կատակում: Ասիայում «13»-ը երջանիկ թիվ է համարվում: Սունն ավելի շուտ կհրաժարվեր հանդես գալ 4 համարի մարզահագուստով, որը ասիացի սնահավատների մոտ սարսափ է առաջացնում:

Ջիբրիլ Սիսե

«13-ը Արլեի այն բաժանմունքի համարն է, որտեղ ես ծնվել եմ: Ակումբ գալուս ժամանակ հարձակվողներին բնորոշ ավանդական բոլոր համարները զբաղված էին, թող որ այս համարն ինձ հաջողություն բերի»,-հայտարարեց ֆրանսիացի հարձակվողը «Կուբան» տեղափոխվելիս: Հաջողությունը չեկավ, Կրասնոդարում նա չփայլեց ու ստիպված էր շուտով հեռանալ:

Լուիշ Նետու

«Ես երբեք զգուշավորություն չեմ ցուցաբերել 13 համարի նկատմամբ: Սիրում եմ 4 թվանշանը, դրա համար էլ հավաքականում խաղում եմ 14 համարի տակ: Խաղացել եմ 26 համարի մարզաշապիկով, քանի որ այն ծննդյանս ամսաթիվն է: Խաղացել են նաև 3 և 33 համարների ներքո, ճիշտ է` դրանք ես չեմ ընտրել, քանի որ Պորտուգալիայում այդ ժամանակ համարները ակումբի նախագահն էր բաժանում` կախված դաշտում ֆուտբոլիստի զբաղեցրած դիրքրց: Երբ տեղափոխվեցի «Սիենա», 4-րդ համարը խնդրեցի, բայց այն արդեն զբաղված էր: Զբաղված էր նաև 26 համարը: Այդ ժամանակ ընտրեցի 13-ը: «Զենիթում» ես պահպանեցի իմ 13 համարի մարզաշապիկը: Չեմ հավատում, որ այն կարող է դժբախտություն բերել, ամբողջ խնդիրը միայն մեր մեջ է, մեր հնարավորությունների ու ջանքերի մեջ»,-այսպես է պորտուգալացի պաշտպանը մեկնաբանել իր ընտրությունը:

Կախա Կալաձե

Բարդ է ասել, թե որտեղից Կալաձեի մոտ սեր առաջացավ 13 համարի նկատմամբ: Սակայն, չնայած անձնական ու մասնագիտական կյանքում անհաջողություններին` Կախային այդ համարը չխանգարեց դառնալ ժամանակակից ֆուտբոլի հաջողակ վրացի խաղացողը:

Կոբի Ջոնս

Անցկացրած խաղերի քանակով ԱՄՆ-ի հավաքականի ռեկորդակիր է և «Լոս-Անջելես Գելաքսիի» լեգենդը: «Ոչ մի սնահավատություն»,-ծիծաղում էր Ջոնսը` ի պատասխան մարզաշապիկի համարի վերաբերյալ հարցին: Երբ նա ավարտեց թիմում իր 11-ամյա կարիերան, «Գելաքսին» օգտագործումից հանեց 13 համարը. ՄԼՍ-ում դա առաջին դեպքն էր:

Դեննի Մերֆի

13 համարի անգլիացի սիրահարը կարող է գոհ լինել իր կարիերայից: Թեև 2002-ի Մունդիալին վնասվածքի պատճառով չմասնակցեց… «Եթե իմ կյանքում որևէ անհաջող բան է պատահել, այդտեղ թիվը որևէ կապ չունի»,-պատասխանել է ֆուտբոլիստը լրագրողների համապատասխան հարցին:

Վլադիմիր Գրանատ

«Հնարավոր է, որ հարձակվողները սարսափում են միայնակ դուրս գալ այն պաշտպանների դեմ, որոնց թիկունքին 13 համարն է գրված, սակայն ես նման բաներին ուշադրություն չեմ դարձնում: Սատանայական թիվը չի վախեցնում: Համաշխարհային ֆուտբոլում բազմաթիվ խաղացողներ հանդես են եկել այդ համարի ներքո: Նրանց թվում` Մայկոնը, Բալաքը, Նեստան: Իտալացին իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն է: Երիտասարդ տարիքում միշտ հարձակվողի կամ կիսապաշտպանի դիրքում եմ խաղացել ու ցանկացել եմ 10 համարի մարզաշապիկը կրել, բայց նրա համար միշտ վեճեր էին ընթանում: 8 համարը, որը ևս ինձ դուր էր գալիս, զբաղված էր, ու ես ընտրեցի 13 համարի մարզաշապիկը, որով մինչև հիմա էլ հաճույքով դուրս եմ գալիս դաշտ»,-ասել է պաշտպանը հարցազրույցներից մեկի ժամանակ:

13 համարը երջանիկ թիվ է եղել Գրանատի համար, սակայն 2014-ին նրան հաջողություն չբերեց. սկզբում հարձակում նրա վրա «Պոտրովսկում», այնուհետև խնդիրներ պայմանագրի հետ, մի քանի ամիս շարունակ էլ նա մեկնարկային կազմում չընդգրկվեց: Եթե պետք լինի հեռանալ «Դինամոյից», հնարավոր է` Գրանատն արդեն այլ համար ընտրի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում