Սուրեն Չախալյան. «Արարատի» խաղի որակը բարելավվում է

Սուրեն Չախալյան. «Արարատի» խաղի որակը բարելավվում է

«Արարատի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է Սոչիում կայացած երկրորդ ուսումնամարզական հավաքը և խոսել է թիմի նպատակներից:

-Ինչպե՞ս անցավ երկրորդ ուսումնամարզական հավաքը Սոչիում և ինչո՞վ էր այն տարբերվում նախորդից:

-Ինչպես և պլանավորված էր, առաջին հավաքի ընթացքում շեշտը դրվել էր թիմի ֆունկցիոնալ և ֆիզիկական վիճակը բարելավելու վրա, իսկ այս հավաքն ավելի շատ տակտիկական ուղղվածություն ուներ: Հիմնականում կողմնորոշվել ենք այն կազմի հարցում, որը հանդես կգա առաջնության երկրորդ հատվածում:

-Այս անգամ «Արարատը» երեք ստուգողական հանդիպում անցկացրեց:

-Կարող եմ ասել, որ գնալով «Արարատի» խաղի որակը բարելավվում է, տեսնում ենք մեր աշխատանքի արդյունքը: Հանդես էինք գալիս տարբեր կազմերով, փորձարկեցինք նոր ֆուտբոլիստների: Բավականին լավ անցկացրեցինք «Աֆիպսի» (0:1) հետ հանդիպումը, իսկ «Խիմիկի» (0:0) հետ վերջին խաղը կառանձնացնեի պայքարի ձգտումով. Չնայած վատ եղանակային պայմաններին և խաղադաշտի որակին, մեր թիմը խաղաց մեծ ցանկությամբ և պայքարեց մինչև վերջ:

-Արդյո՞ք «Արարատն» ավարտել է սելեկցիան: Գո՞հ եք համալրումից:

-Գրեթե լիովին և հաջողությամբ ավարտել ենք կազմի համալրման գործընթացը: Այսօրվա մարզմանը մասնակցեց նաև կամերունցի հարձակվող Ումարու Կաինան:

-Կարելի՞ է ասել, որ «Արարատը» լիովին պատրաստ է մրցաշրջանի երկրորդ հատվածին և ի՞նչ նպատակներ են դրվելու մեր թիմի առջև:

-Այս ժամանակահատվածի համար թիմը գտնվում է լավ վիճակում, սակայն անելիքներ, իհարկե, դեռ կան և վստահ եմ, որ մենք խաղից խաղ կավելացնենք: Յուրաքանչյուր խաղի դուրս ենք գալու հաղթանակի նշանաբանով և ձգտելու ենք ինչքան հնարավոր է շատ միավորներ վաստակել 3-4 շրջաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում