Յակին. Աստիճանաբար բարձրանում է Մովսիսյանի մարտական տրամադրվածությունը

Յակին. Աստիճանաբար բարձրանում է Մովսիսյանի մարտական տրամադրվածությունը

Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Սպարտակն» ընկերական խաղում հաղթել է դանիական «Ակադեմիսկին», իսկ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձել է դուբլի հեղինակ: Մոսկովյան թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Որքա՞ն կարևոր էր առաջնության վերսկսումից առաջ վերջին հանդիպումը: Գո՞հ եք արդյունքից և թիմի խաղից:

-Այս հանդիպումը կարևոր էր` հաշվի առնելով, որ խաղադաշտում 90 րոպե անցկացրեցինք, և ֆուտբոլիստները խաղային պրակտիկա ունեցան: Բացի այդ, «Կրասնոդարի» հետ խաղից առաջ մի քանի մարտավարական ծրագրեր փորձարկեցինք: Կարևոր է այժմ խաղային ռիթմից չընկնելը, մյուս թիմերն այս շաբաթվա ընթացքում էլ ընկերական հանդիպումներ են անցկացնելու: Լավ է նաև, որ այսօր դրական արդյունքի հասանք, խաղացինք արժանի, հարձակման գծում և պաշտպանությունում կատարեցինք նախապես ծրագրածը:

-Այսօր կրկին երկրորդ խաղակեսում շատ փոփոխություններ կատարեցիք: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Արդեն կիրակի օրն առաջնության շրջանակում խաղ ենք անցկացնելու: Կարծում եմ` 70 րոպեն բավարար խաղաժամանակ է, և անհրաժեշտություն չկա, որ ֆուտբոլիստները խաղադաշտում 90 րոպե անցկացնեն: Մենք կազմում 20 ֆուտբոլիստ ունենք, ծանրաբեռնվածությունն այսպես էինք ծրագրել` ընդմիջման ժամանակ երկու փոխարինում կատարեցինք, իսկ երկրորդ խաղակեսում փոխարինեցինք մյուսներին:

-Այսօր Մովսիսյանից 70 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց դուբլ ձևակերպելու համար: Նա վերջապես գոլ խփեց:  Ինչպե՞ս կգնահատեք նրա այսօրվա խաղը:

-Կարծում եմ` Յուրան իհարկե գիտի, թե որտեղ է մրցակցի դարպասը: Որքան մոտենում են պաշտոնական խաղերը, այնքան բարձրանում է նրա մարտական տրամադրվածությունը: Մովսիսյանն ունի այն փորձը, որը բացակայում է հարձակման գծում նրա երիտասարդ մրցակիցների մոտ: Չնայած, մենք, բնականաբար, տեսնում ենք` և՛ Դավիդովը, և՛ Կրոտովը համառ են և ակտիվ, նրանք ունենում են գոլային հնարավորություններ: Երբեմն հենց փորձը չի բավարարում հնարավորությունների 100%-ը ցուցադրելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում