Ռոնալդինյոն կազմել է Չեմպիոնների լիգայի իր խորհրդանշական թիմը

Ռոնալդինյոն կազմել է Չեմպիոնների լիգայի իր խորհրդանշական թիմը

Բրազիլացի Ռոնալդինյոն, ով ժամանակի եվրոպական ֆուտբոլի ամենավառ աստղն էր, կազմել է Չեմպիոնների լիգայի իր երազանքների թիմը: Այս մասին տեղեկանում ենք «Eurosport»-ից:

Ռոնալդինյոյի խորհրդանշական թիմի դարպասապահը «Յուվենտուսի» ավագ Ջանլուիջի Բուֆֆոնն է, ում մասին բրազիլացին ասել է հետևյալը. «Իմ աստղային ժամանակաշրջանում շատ էին լավ դարպասապահները, սակայն նրանց մեծ մասը չկարողացավ երկար մնալ այդպիսին, իսկ Բուֆֆոնը երկար ժամանակ հանդես է գալիս բարձր մակարդակով»:

Ըստ Ռոնալդինոյի` Չեմպիոնների լիգայում հանդես եկած լավագույն պաշտպաններն են Ռոբերտո Կառլոսը, Պաոլո Մալդինին, Ջոն Թերրին և Կաֆուն: Ռոնալդինյոն գովաբանել է նշված ֆուտբոլիստներին` ասելով` ուրախ է եղել, երբ Կաֆուն «Միլանի» կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայում, Մալդինին նման է ավելի շատ կիսապաշտպանի, Կառլոսը ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպաններից է, իսկ Ջոն Թերրին իսկական առաջատար է:

Ռոնալդինյոյի թիմի կիսապաշտպաններն են Կլոդ Մակելելեն, Կական և Ֆրենկ Լեմպարդը: Անդրադառնալով Մակելելեի խաղին` Ռոնալդինյոն ասել է. «Պաշտպաններն իրենց վստահ էին զգում` իմանալով, որ Կլոդն առջևում է: Հարձակվողներն իրենց վստահ էին զգում` իմանալով, որ Կլոդն իրենց հետևում է: Ես երբեք չեմ տեսել, որ Մակելելեն վատ խաղա»: Բրազիլացի ֆուտբոլային կախարդը պատմել է նաև, որ շատ տպավորված է եղել Ֆրենկ Լեմպարդի խաղով և նրան խորհուրդ է տվել տեղափոխվել «Բարսելոնա», սակայն վերջինս հրաժարվել է:

Ռոնալդինյոյի երազանք-թիմի հարձակման եռյակը կազմել են Թյերի Անրին, Ռոնալդոն և Լիոնել Մեսսին: Ուշագրավ է, որ Ռոնալդինյոն չի նշել «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուի անունը, ով անցյալ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի մեկ խաղարկությունում խփած գոլերի քանակով ռեկորդ սահմանեց:

Այս հարձակվողներից հատկապես Ռոնալդոյի մասին Ռոնալդինյոն հիացմունքով է խոսել` նշելով, որ նա եղել է իր կուռքը: Մեսսիին Ռոնալդինյոն բնորոշել է որպես քայլող հրաշքի, իսկ Թյերի Անրիին, ով վերջերս ավարտեց կարիերան, որպես բոլոր պաշտպանների համար իսկական փորձանքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում