Վրանից մինչև ադամանդ. Ի՞նչ տեսք ունեն Մունդիալ-2022-ի մարզադաշտերը

Վրանից մինչև ադամանդ. Ի՞նչ տեսք ունեն Մունդիալ-2022-ի մարզադաշտերը

7 տարի է մեզ բաժանում Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունից, բայց 4 մարզադաշտի նախագիծ արդեն իսկ կարող ենք գնահատել:

«Al Wakrah»

Մարզադաշտը գտնվում է Դոհայից 15 կմ հարավ ընկած տարածության վրա (քաղաքը հայտնի է ձկնորսությամբ ու Քաթարի առևտական կենտրոններից է), Ալ-Քաթր ընտանիքի կառավարման օրոք եղել է երկրի մայրաքաղաքը: Աշխարհի առաջնության ժամանակ արենան կկարողանա 40.000 ֆուտբոլասերի հյուրընկալել, սակայն առաջնության ավարտից հետո այն երկու անգամ կկրճատվի: Կազմակերպիչները վստահեցնում են, որ այս խնդրի լուծումը իրենից լուրջ բարդություն չի ներկայացնում, քանի որ արենան մի քանի մոդուլից է բաղկացած: Շինարարական ամբողջ հրապարակը 585,00 քառ.մ. է և ներառելու է նաև հարակից տարածքները: Մարզադաշտի դիզայնի հեղինակը Զախա Հադիդն է՝ իրաքյան ծագում ունեցող անգլիացի ճարտարապետ, դիզայներ, դեկոնստրուկցիաների վառ ներկայացուցիչ ու առաջին կին դիզայները, ով 2004-ին արժանացավ Պրիտցկերովյան մրցանակին:

«Al Bayt Stadium»

Դոհայից 50 կմ հեռավորության վրա գտնվող արենան կառուցվելու է երկրի հյուսիսային, համեստ քաղաքում՝ Ալ-Հորում (քաղաքն արաբերենից թարգմանաբար նշանակում է ծոց), որտեղ հիմնականում ապրում են նավթի ու գազի արդյունաբերությամբ զբաղվողները: Հետաքրքրական է, որ քաղաքացիների մեծ մասը Ալ-Մոհանադիի գերդաստանից է` բաղկացած բեդվինների 7 տոհիմից, որոնք իշխել են մինչև 1971-ին Քաթարի անկախանալը: 60.000 քառակուսի մետրանոց, ուլտրաժամանակակից՝ վրանի պես ծածկվող տանիքը հսկայական գնդակի տեսք ունի և կոչված է օգնելու պահպանել մարզադաշտի ջերմաստիճանն ամռանն ու ձմռանը: Ինչպես «Ալ-Վակրան», այս մարզադաշատը ևս առաջնությունից հետո կձևափոխվի ու դրա արդյունքում կկարողանա տեղավորել ոչ ավելի քան 32.000 հանդիսականի: Ամենայն հավանականությամբ, այս մարզադաշտը կընդունի առաջնության կիսաեզրափակիչներից մեկը, մարզադաշտի կառուցումը նախատեսվում է ավարտել 2018-ի վերջին:

Հետաքրքիր փաստեր

  • Առաջնության ավարտից հետո բոլոր «ավելորդ» նստարաններն կապամոնտաժվեն և ըստ նախնական համաձայնության` Մունդիալ 2022-ի կազմակերպիչների կողմից կտրվեն ՖԻՖԱ-ին:
  • Մարզադաշտն իր անունը ստացել է ի պատիվ Բաիտ-Ալ Շաար վրանի, որն ավանդաբար օգտագործում են Քաթարի ու հարևան երկրների քոչվորները: Ըստ ձևավորված պատմություն՝ վրանի արտաքին տեսքը (սև սպիտակ գծերով) մի քանի նպատակներով է օգտագործվել. սպիտակ գծերի լայնությունն ու քանակը թույլ էին տալիս ճանաչել վրանի տիրոջ ցեղը, իսկ անապատի ճանապարհից հոգնած մարդիկ հնարավորություն ունեին օգտվել վրանի տիրոջ հյուրասիրությունից՝ անկախ նրան ծանոթ լինելու աստիճանից:

«Qatar Foundation Stadium»

Հերթական հրաշքի հեղինակները մադրիդյան «RFA Fenwick Iribarren Architect» ճարտարապետական ընկերության անդամներն են, որոնց վրձնի տակից արդեն դուրս են եկել Օսլոյի, Տիրանի, Կասաբլանկայի, Բարսելոնայի, Վալենսիայի և աշխարհի այլ քաղաքների գլուխգործոցներ: Վերջին տարիներին ընկերությունը ձեռք է մեկնել մարզական 18 կառույցների աշխատանքներին, իսկ Դոհայի արևմտյան մասում, ծովից 10 կմ հեռավորության վրա գտնվող, 45.350 հանդիսական տեղավորող «ադամանդե մարզադաշտը» դրանցից մեկն է: Աշխարհի առաջնությունից հետո տարողունակությունը կնվազեցվի մինչև 25.000-ի, իսկ մարզադաշտը կդառնա Քաթարի ուսանողական ժառանգությունը: Կառավարությունը նախատեսում է, որ հարակից կառույցներում և տարածքներում կկարողանան մարզվել համալասարանների ուսանողները:

Հետաքրքիր փաստեր

  • Կազմակերպիչները կանխատեսում են, որ արագընթաց երկաթգծի շնորհիվ հարևան Բահրեյնից հնարավոր կլինի 51 րոպեի ընթացքում մարզադաշտ հասնել:
  • Մարզադաշտի տանիքը հատուկ նյութից կպատրաստվի, որը ցերեկը և գիշերը կփայլի՝ օգտագործելով արևի էներգիան:

«Khalifa International Stadium»

Խալիֆ բին Համադ Ալ Տանիի (Քաթարի 6-րդ էմիրը, ում փոխարինեց որդին` Քաթարի էմիր Համադը) անունը կրող արենան բաց էր դեռ 1976-ին ու սկզբում 20.000 հանդիսական էր տեղավորում: 2006-ին տեղի ունեցած Ասիական 15-րդ խաղերի ժամանակ ապամոնտաժվեց ու չվերակառուցվեց: Երբ Քաթարը աշխարհի առաջնությունը հյուրընկալելու թույլատվություն ստացավ, որոշվեց մարզադաշտի տարողունակությունը հասցնել 68.000-ի: Այն կոչված է դառնալու աշխարհի ամենախոշոր ու հարուստ մարզական ակադեմիայի` «Aspire»-ի թագը, որի կառուցման համար ընդամենը 20 ամիս է պահանջվել: Ֆիթնեսի սրահների, լողավազանների ու հատուկ կլինիկայի կողքին, որտեղ մարզիկները կկարողանան բուժզննում անցնել, վերականգնողական բուժում ստանալ, համալիրը իր մեջ ներառում է նաև ֆուտբոլի 14 դաշտ և սպորտի տարբեր ճյուղերի համար նախատեսված ավելի քան 40 հրապարակներ:

Հետաքրքիր փաստեր

  • 2019-ին մարզադաշտը կընդունի աշխարհի թեթև աթլետիկայի բացօթյա առաջնությունը: Կազմակերպիչները վստահեցրել են` շնորհիվ յուրահատուկ մեխանիզմի մարզադաշտի ջերմաստիճանը չի գերազանցի 28 աստիճանը, նույնիսկ, եթե ջերմաչափը ցույց տա 45 աստիճան:
  • Պաշտոնական Քաթարը մտադիր է բանակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներից մեկը 2020-ից սկսած այս մարզադաշտում հյուրընկալելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում