Հայրապետ Ավագյանը բաց կթողնի «Շիրակի» հետ խաղը

Հայրապետ Ավագյանը բաց կթողնի «Շիրակի» հետ խաղը

«Գանձասար-Կապանի» 25-ամյա ֆուտբոլիստ Հայրապետ Ավագյանը չի մասնակցի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի` «Շիրակի» հետ խաղին, որը կայանալու է մարտի 21-ին։

Բացակայության պատճառը նախորդ կիրակի՝ «Ալաշկերտի» հետ խաղում Ֆոֆանա Սեկուի հետ բախման արդյունքում ստացած վնասվածքն է: Այդ ժամանակ Ավագյանը խաղադաշտից շտապ օգնության մեքենայով միանգամից տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները ուղեղի ցնցում էին ախտորոշել։ Հիմա Հայրապետը ապաքինվում է ու շուտով վերսկսելու է մարզումները։ «Գանձասար-Կապանի» Facebook-յան պաշտոնական էջի հետ զրույցում խոսել է առողջական իր վիճակի մասին։

-Ինչպե՞ս ես քեզ զգում «Ալաշկերտի» հետ խաղում տեղի ունեցածից հետո։

-Հիմա մի փոքր գլխացավ ունեմ, աչքերիս հատվածում կապտուկներ կան, անկողնային վիճակում եմ։ Բժիշկներն ուղեղի ցնցում են ախտորոշել ու կարգադրել են ոչնչով չզբաղվել։

-Այդ բախումից ու օգնություն ստանալուց հետո նորից խաղադաշտ մտար, բայց 5 րոպե հետո փոխարինվեցիր, հարվածի պահին չէիր հասկացե՞լ վնասվածքի ծանրությունը։

-Երբ մտա խաղադաշտ գլխի հատվածում ցավեր ունեի, բայց ուզում էի խաղալ, քանի որ «Ալաշկերտին» հաղթելու ցանկությունը մեծ էր, ինքս էլ շատ էի ուզում օգուտ տալ հարազատ թիմիս, բայց չստացվեց։

-Ե°րբ ես սկսելու մարզվել։

-Բժիշկներն ասել են, որ 3-4 օրից կսկսեմ մարզումները: Կարծում եմ, որ ամեն դեպքում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մյուս տուրին պատրաստ կլինեմ։ Իսկ «Գանձասար-Կապանի» հանդիպումը «Շիրակի» հետ դիտելու եմ հեռուստացույցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում