Կական կազմել է իր խորհրդանշական հավաքականը

Կական կազմել է իր խորհրդանշական հավաքականը

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Կական կազմել է բոլոր ժամանակների տասնմեկ լավագույն ֆուտբոլիստներից կազմված իր խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ՝ Դիդա (Ես չորս տարի «Ռեալում» խաղացել եմ Իկեր Կասիլյասի հետ, բայց ինձ համար լավագույն դարպասապահը Դիդան է։ Նրա հետ մենք տիտղոսներ ենք նվաճել Բրազիլիայի հավաքականում և «Միլանում»)

Պաշտպաններ՝ Կաֆու (Շատ բան եմ սովորել Կաֆուից։ Նա երկու անգամ հաղթել էր Աշխարհի առաջնությունում, դարձել Չեմպիոնների լիգայի գավաթակիր, բայց շարունակում էր ամեն օր աշխատել հաղթանակի հասնելու համար։ Նրա մոտիվացիան միշտ հաջորդ խաղում հաղթանակն էր)

Ալեսսանդրո Նեստա (Նա գիտեր՝ որտեղ դիրքավորվել և ինչպես շարժվել, ինչպես նաև կռահում էր մրցակիցների գործողությունները։ Դա նրան շատ ուժեղ և արագ պաշտպան էր դարձնում)

Պաոլո Մալդինի (Նա հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, յոթ անգամ՝ Ա Սերիայում, այնքան մրցանակներ է նվաճել, բայց միշտ առաջինն էր գալիս մարզման ու վերջինը հեռանում։ Նա ֆուտբոլիստի կատարյալ օրինակ էր)

Ռոբերտո Կարլոս (Ինչպիսի՜ հիանալի ֆուտբոլիստ և ձախ պաշտպան։ Ես հաճույք էի ստանում նրա հետ խաղալուց։ Նա արագաշարժ էր, ուժեղ, կարողանում էր անհավանական տուգանայիններ իրացնել և գոլ խփել)

Կիսապաշտպաններ՝ Անդրեա Պիրլո (Ես սիրում էի խաղալ Պիրլոյի հետ։ Կարծում եմ՝ նա մեծագույններից մեկն է։ Նա տեսնում գործողությունները դաշտում բոլորից առաջ։ Նա միշտ գտնում էր ինձ դաշտում, երբ պետք էր)

Զինեդին Զիդան (Երբեք չեմ խաղացել Զիդանի հետ, այլ միայն նրա դեմ։ Նա հոյակապ էր խաղում, տեղաշարժվում դաշտում։ Նա կարծես սահում էր։ Այն, ինչ նա անում էր ֆուտբոլում, հաճախ դժվար էր անգամ երևակայել)

Անդրես Ինյեստա (Սիրում եմ, թե ինչպես է Ինյեստան դաշտում ամենաբարդ բաներն այնքան հեշտությամբ կատարում։ Դաամենամեծ հաճոյախոսությունն է, որ կարող եմ ուղղել նրան։ Երբ նա է խաղում, ամեն ինչ այնքան պարզ է թվում)

Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու (Երբ մենք խաղում էինք «Ռեալում», ես շատ բան էի սովորում նրանից, ինչն օգնեց ինձ կարիերայիս ընթացքում։ Նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, յուրահատուկ ֆուտբոլիստ)

Ռոնալդո (Ես սիրում եմ նրան՝ բրազիլիացի Ռոնալդոյին։ Նա ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից է, նա բոլորից տարբեր է։ Ես կարող էի ասել նաև, որ նա լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ երբևէ խաղացել եմ։ Նրա արագությունը, նրա դրիբլինգը, նրա եզրափակումը, նրա շարժումները…)

Ռոնալդինյո ( Ես խաղացել եմ ընդդեմ Լիոնել Մեսսիի, բայց Ռոնալդինյոն է իմ լավագույնների ցանկում։ Նա հանճար է, կարող է գնդակի հետ անել բաներ, որ դու չես հասկանա)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում