Քրիստինե Նաջարյանը հանդիպել է հարազատ դպրոցի աշակերտների հետ

Քրիստինե Նաջարյանը հանդիպել է հարազատ դպրոցի աշակերտների հետ

Այսօր՝ ապրիլի 3-ին, սամբիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն (1998, 2004), Եվրոպայի եռակի չեմպիոն (1999, 2001, 2004) Քրիստինե Նաջարյանն այցելել է իր հարազատ՝ Երևանի № 45 հիմնական դպրոց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքից:

Աշակերտների հետ հանդիպման ժամանակ Քրիստինեն նշել է, որ դեռևս մանկուց օժտված է եղել ֆիզիկական կարողություններով, համառությամբ, կամքի ուժով, երբեք չի հանձնվել ու չի հիասթափվել սպորտում կրած որևէ անհաջողությունից:

Մարզուհին պատմել է, որ ինքը ընտրել է սամբո մարզաձևը դպրոցում արված հայտարարության շնորհիվ, իսկ առաջին հաղթանակը ձեռք է բերել 14 տարեկանում աշխարհի գավաթի առաջնությունում: Ի պատասխան աշակերտների հարցերին՝ ասել է, որ դպրոցում սիրած առարկան ֆրանսերենն էր, իսկ չիրականացված երազանքը՝ օլիմպիական խաղերին մասնակցությունը, որը չիրականացավ ոտքի վնասվածքի պատճառով, ինչն էլ իր հերթին ստիպեց նրան թողնել ակտիվ սպորտը:

«Այն զգացողությունը, որ ունենում ես, երբ քո երկրի դրոշը վեր է բարձրանում, անբացատրելի է, հպարտությունը, որ զգում ես այդ ժամանակ, բառերով դժվար է նկարագրել»,- իր խոսքում նշել է Քրիստինե Նաջարյանը և հույս հայտնել, որ ապագայում կզբաղվի մարզչական աշխատանքով ու իր գիտելիքները, մարզական փորձը կփոխանցի ապագա սերունդներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում