Աշոտ Բարսեղյան. Երեք միավոր եմ կանխատեսում, իսկ հաշիվը կարևոր չէ

Աշոտ Բարսեղյան. Երեք միավոր եմ կանխատեսում, իսկ հաշիվը կարևոր չէ

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Աշոտ Բարսեղյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի` «Բանանցի» հետ խաղից առաջ պատասխանել է ակումբի մամուլի ծառայության հարցերին:

– Թիմում ի՞նչ մթնոլորտ է:

-Թիմում շատ լավ մթնոլորտ է տիրում, բոլորն իրար հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ են, հարգանքը բարձր մակարդակի վրա է, մի խոսքով` ամեն ինչ նորմալ է:

-Առաջնությունում հայտարարված դադարը օգտաբե՞ր եղավ:

-Իհարկե, այն էլ հատկապես մեզ համար, քանի որ թիմը դեռ չէր հասցրել որոշակի պատրաստվածություն ունենալ: Այս դադարը օգտակար եղավ նրանով, որ շատ մարզումներ անցկացրինք:

– Թիմի ֆունկցիոնալ վիճակի մասին ի՞նչ կասեք:

-Թիմի ֆունկցիոնալ վիճակը լավ է, ճիշտ է մենք քիչ ենք նախապատրաստվել, բայց երբեք չենք մտածել, որ թիմը ֆունկցիոնալ առումով կզիջի մյուսներին:

– Թիմում կա՞ն կորուստներ

-Այո, ավագը` Ալեքսանդր Պետրոսյանը որակազրկված է, ունենք ֆուտբոլիստներ, ովքեր դեղին քարտեր ունեն և պետք է զգույշ գործեն, իհարկե մենք պահեստայինների բավականին զորեղ նստարան չունենք ու ամեն մի կորուստ ճակատագրական է մեզ համար, ամեն խնդրի պարագայում մենք` մարզչական շտաբով, մտածում ենք, թե ինչ քայլերի դիմենք, որպեսզի այդ դիրքը ուժեղացնենք: Դա ցավոտ հարցերից է, քանի որ համապատասխան պահեստայիններ դեռևս չունենք:

– Թիմն ինչպիսի՞ տրամադրվածությամբ է մոտենում առաջիկա խաղին:

-Տրամադրվածությունը շատ մեծ է, անհատապես բոլոր ֆուտբոլիստների հետ էլ զրույցներ են տարվում: Ես` որպես իրենց մարզիչ, կարող եմ ասել, որ տղաներից բոլորն էլ բարձր տրամադրվածություն ունեն: Իհարկե, այստեղ շատ մեծ դեր ունի Սամվել Պետրոսյանի` տղաներին հոգեբանորեն դատիարակելու կարողությունը, նա կարողանում է ճիշտ բառեր գտնել տղաներին ոգեշնչելու համար: Տղաները քաջ գիտակցում են, թե իրենց համար այս հաղթանակը ինչ է նշանակում:

-Ո՞րն է «Բանանցի» ուժեղագույն կողմը:

-«Բանանցը» լավ թիմ է, մենք չենք նայում մրցաշարային աղյուսակում իրենց զբաղեցրած հորիզոնականին, բնական է «Բանանցին» լավ ծանոթ ենք, գիտենք նրանց ենթակառուցվածքներն ու թիմի ներուժը: Մենք չենք ուզում առանձնացնել որևէ մեկին, բայց մենք հարգում ենք մեր մրցակցին, քանի որ պոտենցիալ ունեցող թիմ է:

 

– Դուք լավատե՞ս եք վաղվա խաղի հետ կապված:

-Այո, առավել քան լավատես եմ: Ինչու՞: Որովհետև նայելով տղաների կատարած աշխատանքին, նրանց ունակություններին, թիմի մթնոլորտին, տրամադրվածությանը` ինքս լավատեսությամբ եմ ներշնչվում, բայց այդ լավատեսությանը նաև սպորտային հաջողություն է պետք:

– «Բանանցի» ո՞ր խաղացողից է պետք ամենաշատը վախենալ:

-Մենք որևէ ֆուտբոլիստից չենք վախենում, ինչու՞ պետք է վախենանք, մենք պարզապես առավել վտանգավորների նկատմամբ ուժեղ վերահսկողություն պետք է սահմանենք, ֆուտբոլիստների անուններ չպետք է տալ, գիտենք, թե նրանք ովքեր են, պարզապես պետք է նրանց նկատմամբ ուշադիր լինենք: «Բանանցում» կան անհատական հատկանիշներով լավ ֆուտբոլիստներ, բայց «Բանանցը» կոլեկտիվ ֆուտբոլ է դավանում: Այնտեղ չկա ֆուտբոլիսը, ով մենակով կարող է հարց լուծել, ինչպես Ռոմերոն` «Փյունիկում» կամ Բուգուհին «Շիրակում» Նրանց զենքը կոլեկտիվ ֆուտբոլն է, իսկ մենք բոլորի նկատմամբ պետք է շատ ուշադիր լինենք:

– Ժամանակին մարզել եք «Բանանցը», այսօր «Գանձասարում» եք. նախկին թիմի հետ խաղը յուրահատու՞կ է ձեզ համար:

-Սա ֆուտբոլ է, իսկ մարզչի կյանքն էլ այդպիսին է` մի օր այս թիմում ես, մի օր` լրիվ այլ: Մարզիչը, որ թիմում էլ լինի պարտավոր է պահպանել այդ ակումբի շահերը: Սա սովորական հանդիպում է, որը մենք պետք է խաղանք, իսկ յուրաքանչյուր մարզիչ ձգտում է, որ իր թիմը հաղթի: Մեզ համար այս խաղում տոնած հաղթանակը շատ կարևոր կլինի, քանի որ 2 անընդմեջ պարտությունից հետո այն հնարավոր է հոգեբանորեն բարելավի տղաների վիճակը:

-Ի՞նչ հաշիվ եք կանխատեսում:

-3 միավոր եմ կանխատեսում, իսկ հաշիվը կարևոր չէ (ծիծաղում է):

Հետևեք մեզ նաև Telegram-ում