Ֆուտբոլիստների և մարզիչների հայտնի վիճաբանությունները (տեսանյութեր)

Ֆուտբոլիստների և մարզիչների հայտնի վիճաբանությունները (տեսանյութեր)

Ժամանակակից ֆուտբոլը հաստատուն քայլերով դառնում է բիզնես և նմանվում է թատերական ներկայացման: Դրա հետ մեկտեղ պայքարի ոգին խորտակվում է նորաոճ մարզակոշիկների, մազերի համար նախատեսված գելերի, հեղինակավոր ընկերությունների հետ պայմանագրերի օվկիանոսում: 

Մարզիչ-ֆուտբոլիստ հարաբերությունները ևս հաճախ դառնում են վերոնշյալի ապացույցը: Ներկայացնում ենք ֆուտբոլիստների և մարզիչների հայտնի տարաձայնությունները:

Ջեննարո Գատուզո և Ջո Ջորդան

Ռինոն վիճաբանեց Անչելոտիի և Ալլեգրիի հետ, իր տեղը ցույց տվեց «Սկուադրա Աձուրայի» ոսկե սերնդի գլխավոր պրովոկատոր Կրիստիան Պոուլսենին, բայց այսքանով չսահմանափակվեց: Հատկապես կարիերայի մայրամուտին Ջենարոն ցույց տվեց կիրքն ու անհանդուրժողականությունը:

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Միլանը» նվազագույն հաշվով պարտվում էր «Տոտենհեմին»: Հանդիպման վերջնամասում կոպիտ խաղն անցել էր սահմանը. սկզբում Ֆլամինին քիչ էր մնում կոտրեր լոնդոնյան թիմի ֆուտբոլիստների ոտքերը, իսկ հետո Գատուզոն էր հարաբերություններ պարզում պահեստայինների նստարանից: Ամենաշատը տուժեց Հարրի Ռեդնապի օգնականը. սկզբում իտալացին հրել էր մարզչին, իսկ խաղի ավարտին հարվածեց արդեն գլխով: Հասարակությունը անգլիացու կողմից էր, իսկ Գատուզոն 4 խաղով որակազրկվեց: Ռինոյի գործակալի խոսքերով` օգնական Ջորդանը ֆուտբոլիստին «իտալացի տականք» է անվանել, ինչն էլ հունից հանել է տաքարյուն խաղացողին:

Նայջլ Փիրսոն և Ջեյմս Մակարտուր

Փիրսոնի ջանքերով «Լեսթերը» Պրեմիեր լիգայում հանդես գալու հնարավորություն ստացավ, սակայն անգլիական ֆուտբոլի բարձր հասարակարգում անգլիացու և իր ֆուտբոլիստների գործերը չդասավորվեցին: Թիմը նախ ապշեցրեց բոլորին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ տարած հաղթանակով, ինչպես նաև համարձակվեց արտագնա խաղում կանգնեցնել «Տոտենհեմին», սակայն հիմա ետնապահների թվում է: 

Հնարավոր է` պատճառներից մեկը գլխավոր մարզչի բնավորությունն է: «Քրիսթալ Փելասի» հետ պարտված խաղի վերջնամասում «Լեսթերը» սուր հակագրոհ էր կազմակերպում, սակայն այն կասեցրեց Ջեյմս Մակարտուրը: Փիրսոնը չկարողացավ զսպել բարկությունը և բռնեց ֆուտբոլիստի պարանոցից: Այս դրվագը  դարձավ բրիտանական հաղորդումների գլխավոր թեման: Շատերը Փիրսոնին կոչ էին անում հրաժարական տալ, սակայն ուշագրավն այն է, որ մարզիչը ո՛չ որակազրկվեց, ո՛չ տուգանք վճարեց: Ինչպես ասում են` սա Անգլիան է:

Ռոբերտո Մանչինի և Մարիո Բալոտելլի

Այս միջադեպը նյութից դուրս չի մնում, թեև տեղի չի ունեցել դաշտի սահմաններում: Այդպիսի թեժ պահը չի կարելի անուշադրության մատնել: Երկու իտալացիների փոխհարաբերությունների մասին ոչ թե մեկ հոդված, այլ պատմությունների մի ամբողջ ձեռնարկ կարելի էր տպել: Ամենահայտնին «Վեճ անձրևի տակ»-ը կլիներ:

Մարիոն շատ արգեսիվ էր մարզվում, մարզիչը հրամայեց դադարեցնել, բռնեց նրա մարզաշապիկից, չվարանեց հարվածել ֆուտբոլիստին, իսկ վերջինս էլ պատասխանեց նույն կերպ: Կատարվածից հետո էլ Մանչինին փորձում էր «քավել մեղքերը». ամեն քայլափոխին համակրանք էր ցույց տալիս Բալետելլիի նկատմամբ, իսկ հարձակվողը լռում էր: Ասում են` հենց այդ վիճաբանության պատճառով էլ Մարիոն տեղափոխվեց «Միլան»:

Պաոլո Դի Կանիո և Լեոն Կլարկ

«Սուինդոնի» նոր հարձակվողի համար թեև հարուստ փորձ էր Դի Կանիոյի գլխավորությամբ աշխատելը, սակայն համագործակցությունը երկար չտևեց:
«Սաութհեմփթոնին» հետ Գավաթի խաղարկության հանդիպմանը իտալացին փոխարինեց ֆուտբոլիստին: Որքան էլ տարօրինակ հնչի` Կլարկը համարձակվեց հայհոյել մարզչին: Մի քանի վայրկյան հետո մարզիչը նույն կերպ պատասխանեց: Ռեժիսորները ֆիքսել էին պահն ու եթե բովանդակությունը հասկանալի չլինի, ձայնագրությունը հեշտությամբ կարելի է մաֆիայի ներկայացուցիչների վեճի տեղ ընդունել: Հաջորդ օրը դոն Պաոլոն հրապարակայնորեն երդվեց, որ Կլարկն այլևս չի հագնի «Սուինդոնի» մարզաշապիկը:

Դելիո Ռոսսիի և Ադեմ Լյայիչ

Արտաքնապես Դի Մատեոյին նման մարզիչը ապացուցեց, որ իտալական տաքարյունությունը հորինվածք չէ, իսկ ֆուտբոլային խաղի ժամանակ վիճաբանությունը բնորոշ է ոչ միայն Անգլիային:

«Ֆիորենտինայի» այդ ժամանակվա մարզիչը «Նովարայի» դեմ խաղի ընթացքում փոխարինեց տաղանդավոր Լյայիչին, որին մարզչի որոշումը դուր չեկավ: Նստարանին մոտենալու ճանապարհին նա ծափահարեց ու մատ ցույց տվեց մարզչին, իսկ վերջինս նետվեց ֆուտբոլիստի ուղղությամբ: Ասում են` ֆուտբոլիստը Ռոսսիին վիրավորել է նաև սերբերեն, իսկ իտալացու արձագանքն այնքան արագ էր, որ նրան համարձակորեն կարելի է լեզվաբան համարել:

Ալան Պարդյու և Դևիդ Մեյլեր

Ինչպես արդեն հասկացաք, ԱՊԼ-ում սխալ չեն համարում մարզչի հետ գոտեմարտելը: Ինչ-որ առումով նման դրվագ տեղի ունեցավ նաև «Նյուքասլի» նախկին մարզչի պարագայում:
«Նյուքասլը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթում էր «Հալլ Սիթիին», սակայն դաշտի տերերը հանձնվել չէին ցանկանում գոնե մնացած 20 րոպեներին: Գնդակը հատեց եզրային գիծը և ազդարարեց կողմերի տարաձայնության մեկնարկը: Տեղի ունեցածի համար Պարդյուին 7 խաղով որակազրկեցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում