Աշոտ Բարսեղյան. Չեմ ուրախանա, եթե որդիս գոլ խփի

Աշոտ Բարսեղյան. Չեմ ուրախանա, եթե որդիս գոլ խփի

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի` «Միկայի» հետ խաղի ակնկալիքներից: 

– Ի՞նչ սպասելիքներ ունեք «Միկայի» հետ խաղից:

-Ամեն խաղում մենք խաղադաշտ ենք մտնում լավ խաղ ցուցադրելու ու ամենակարևորը հաղթելու ակնկալիքով:

-Վերջին մեկ շաբաթում «Միկան» երկու ծանր հանդիպում է անցկացրել, ի՞նչ եք կարծում «Գանձասար-Կապանի» հետ խաղին «Միկան» պատրաստ կլինի՞:

-Մենք գիտենք, որ մեկ շաբաթվա ընթացքում «Միկան» 2 շատ ծանր հանդիպում է անցկացրել, բայց տեղյակ ենք նաև, որ «Միկան» ունի լավ կազմ, լավ ֆուտբոլիստներ ու խելացի մարզիչներ, ովքեր կկարողանան այնպես անել, որպեսզի թիմը վերականգնվի ու պատրաստ լինի խաղ անցկացնելուն:

-«Գանձասար-Կապանում» կորուստներ կա՞ն:

-Ոչ, բոլորը կազմ ու պատրաստ են, առաջիկա խաղին մոտենում ենք առանց կորուստների ու խնդիրների:

-Մրցակցի կազմում ամենաակտիվներից մեկը ձեր որդին է` Տիգրան Բարսեղյանը, նրան չեզոքացնելու հատուկ ծրագի՞ր եք մշակել:

-Որքանով որ ես եմ տեղյակ նրա ֆուտբոլային որակներից, այդքան էլ տեղյակ են մեր թիմի մյուս անդամները, իհարկե մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չեզոքացնենք նրան: Այնպես որ, խաղը ցույց կտա, թե որքանով է Տիգրանը պատրաստ մեր դեմ խաղին:

– Եթե Տիգրանը գոլ խփի դուք անձամբ կուրախանա՞ք:

-Իհարկե ոչ, քանի որ մենք ամենքս ներկայացնում ենք այն թիմի շահերը, որոնցում աշխատում ենք:

– Ո՞վ է լինելու խաղի ֆավորիտը:

-Խաղից հետո կասեմ (ծիծաղում է): Ես կարծում եմ, որ երկու թիմերի միջև լավ պայքար է ծավալվելու: Ինչո’ւ, որովհետև երկու թիմերն էլ ազատ ու անկաշկանդ պայքարում են մինչև վերջ: Կանխատեսելը դժվար է, խաղը ամեն ինչ ցույց կտա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում