Վարուժան Սուքիասյանը կրկին կգլխավորի «Արարատը»

Վարուժան Սուքիասյանը կրկին կգլխավորի «Արարատը»

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Վարուժան Սուքիասյանը, ով ընթացիկ մրցաշրջանում ակումբը գլխավորած չորրորդ մասնագետն է։

«Հայկական ֆուտբոլի ամենափորձառու մասնագետներից մեկը` Վարուժան Սուքիասյանը գլխավորեց «Արարատը» և այսօր առաջին մարզումն անցկացրեց մեր թիմի հետ:

Սուքիասյանը հանդիսանում էր «Արարատի» գլխավոր մարզիչը նաև 2006-2008 թթ. ընկած ժամանակահատվածում: Նրա գլխավորությամբ մեր թիմը դարձավ 2008 թ. ՀՀ Գավաթակիր և առաջնության արծաթե մեդալակիր:

Տարբեր տարիներին 58-ամյա մասնագետը գլխավորել է ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականները, Բեյրութի «Հոմենմենը», ինչպես նաև` «Լոռին», «Բանանցը», «Վանը», «Կոտայքը», «Ցեմենտը», «Արաքսը», «Սպարտակը» և «Իմպուլսը»:

«Բանանցի» հետ Սուքիասյանը նվաճել է ՀՀ Գավաթը, առաջնության արծաթե և բրոնզե մեդալները, «Ցեմենտի» հետ երկու անգամ հաղթել է Գավաթի խաղարկությունում, մեկական անգամ նվաճել է առաջնության ոսկե և բրոնզե մեդալները: «Արաքսը» փորձառու մարզչի օրոք նույնպես նվաճել է չեմպիոնական տիտղոսը:

Հուսով ենք, որ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ «Արարատը» կրկին կբռնի վերելքի ուղին և կպայքարի բարձր նպատակների իրագործման համար»,-ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում