Մայրիկ, տատիկ, վարորդ… Ու՞մ են ֆուտբոլիստները նվիրում գոլերը

Մայրիկ, տատիկ, վարորդ… Ու՞մ են ֆուտբոլիստները նվիրում գոլերը

Գոլը վարորդին նվիրելով` Կվինսի Պրոմեսն առիթ տվեց հիշելու նրանց, ում հետ ֆուտբոլիստները կիսել են ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի ուրախությունը (նաև տխրությունը):

Պրոմեսի վարորդ Օլեգն ու «Սպարտակ» ակումբը

Կվինսի Պրոմեսը դուբլի հեղինակ դարձավ «Մորդովիայի» հետ խաղում և թիմին օգնեց վերջ դնել անհաջող ելույթներին: Մոսկվայի ճանապարհին ֆուտբոլիստը ցանկացավ անմահացնել հանդիսավոր պահն ու գրառում կատարեց Instagram-ում, որից հետո բոլորն իմացան` ապրիլի 19-ը Պրոմեսի վարորդ Օլեգի ծննդյան օրն է: Կվինսին առաջին գոլը նրան նվիրեց, երկրորդը՝ ակումբին:

Ռունիի և Բարդսլիի բռնցքամարտը

«Տոտենհեմի» պաշտպաններին հիմարեցնելով` Ուեյն Ռունին ողջունեց բոլոր նրանց, ովքեր ազատ ժամանակն անցկացրել էին «The Sun»-ի հրապարակած տեսանյութը քննարկելով: Տեսանյութում երևում էր, թե ինչպես «Սթոք Սիթիի» պաշտպան Ֆիլիպ Բարդսլին փոքրիկ վեճի ժամանակ խոհանոցում նոկաուտի է ենթարկում Ռունիին:

«Յունայթեդի» հարձակվողը «Օլդ Թրաֆորդում» խփած գոլից հեռո կրկնում էր տեսանյութի գործողությունները՝ բռունցքներով մի քանի անգամ օդում հարվածելով շրջվում էր հետ: Հասարակության արձագանքը չուշացավ: Ռունին նույնիսկ խոստացավ, որ ապագայում նման հնարքներ չի կատարի.

«Կինս որդուս տուն էր բերում դպրոցից, երբ նկատել է, որ փոքրիկս իմ հնարքներն է կրկնում դասարանում: Վախենամ, որ այլևս այդպես չեմ տոնի գոլերը: Միշտ սիրել եմ բռնցքամարտը, սակայն իմ հետաքրքրությունն ինձ հետ չար կատակ արեց: Դեպքը խնդրահարույց չեմ համարում, չէ՞ որ տանն էի և պարզապես ուրախանում էինք ընկերներով: Այնպես պատահեց, որ հարվածը պատահաբար դիպավ ինձ, բայց այդ ժամանակ նոկաուտի չէի ենթարկվել, ինչպես հրապարական մեջ էր նշվում: Մարզչիս հետ խոսել եմ, ու նա ևս խնդիր չի տեսնում: Եթե զգայի, որ ինչ-որ բան այնպես չեմ արել, ներողություն կխնդրեի: Կարծում եմ, որ անցած պատմություն է»,-հայտարարեց Ռունին:

Ֆլորենցիի տատիկն ու Մաուրին

«Կալյարիի» դեմ խաղում «Ռոմայի» խփած երկրորդ գոլից հետո ամբողջ աշխարհն իմացավ Ալեսանդրո Ֆլորենցիի տատիկի մասին: Այդ նրա գրկում 24-ամյա ֆուտբոլիստը հայտնվեց «Ստադիո Օլիմպիկոյի» տրիբունաներում: Քանի դեռ հուզիչ կադրերը հեռուստատեսությամբ ցուցաԴրվում էին, ֆուտբոլիստը վերադարձավ դաշտ ու տեղի ունեցածի համար դեղին քարտ ստացավ: Ֆուտբոլում պատժամիջոցներն արդարացի են, սակայն երբեմն շատ կոպիտ:

Կես տարի անց Ֆլորենցիի գաղափարն օգտագործեց նաև Խոսե Մաուրին: Նա տրիբունաներում չհայտնվեց, այլ սպասեց եզրափակիչ սուլիչին ու ամեն ինչ բառերով բացատրեց. «Աստծուն շնորհակալ եմ ինձ ուժ տալու համար: Գոլս տատիկիս եմ նվիրում: Այսօր կյանքիս ամենաերջանիկ օրն է: Դեռ չեմ կարողանում հավատալ, որ իմ գոլը պատմության գիրկն է անցնելու»:

Ձյուբայի կինն ու քույրը

26 տարեկանում «Ռոստովի» ֆուտբոլիստը մարզիկի համար հնարավոր բոլոր պատմություններում դերակատարություն է ունեցել: Բոլորը չենք մանրամասի, պարզապես կհիշենք, թե ինչ տեղի ունեցավ «Ուրալի» դարպասը խփած գոլից հետո:

«Վերջին շրջանում ամեն ինչ չէ, որ ստացվում էր ինձ մոտ, դրա համար էլ շատ ուրախ եմ խփածս գնդակի համար: Այն կնոջս եմ նվիրում, ում խենթի պես սիրում եմ ու շատ բանի համար եմ շնորհակալ: Ուզում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ լինի ու ամեն բան կանեմ դրա համար»,-ասել էր Ձյուբան ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում:

Ձյուբան մրցաշրջանի սկզբում գոլ նվիրեց նաև քրոջը: Դա տեղի ունեցավ «Սպարտակի»՝ «Ուֆայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո: Արտյոմը դուբլի հեղինակ դարձավ, իսկ խաղից հետո ասաց. «Այսօր ինձ համար կարևոր օր է. քույրս ամուսնանում է: Երկու գոլերն ու հաղթանակը նրան եմ նվիրում»:

Տևեսի որդին

«Միլանի» դարպասը գրավելուց հետո Կառլոս Տևեսը գրպանից անսպասելիորեն հանեց մանկական ծծակն ու տեսախցիկի առաջ բերանում դրեց այն: «Յուվենտուսի» հարձակվողի որդին, ում նվիրված էր գոլը, երևի հիացած էր կատարվածից ու սկսեց ավելի հաճախ դիտել հոր խաղը 🙂

Մարսելոյի զարմուհին

Մարսելոն հաճախ գոլեր չի խփում, սակայն, երբ անում է դա, օգտագործում է պահը: «Շալկե 04»-ի դարպասը խփած շքեղ գոլից հետո բրազիլացին հուզիչ հարցազրույց տվեց, որում ասաց, որ գոլը նորածին զարմուհուն է նվիրում և թիմն ընտանիքի հետ համեմատեց.

«Չեմպիոնների լիգայում ինչ ասես կարող է պատահել: Մենք ամեն դեպքում պետք է աշխատենք հաղթել այս հակամարտությունը: Գոլս նորածին զարմուհուս եմ նվիրում, սակայն կցանկանայի այն յուրաքանչյուրի հետ նշել, քանի որ «Ռեալը» ընտանիք է»:

Ռամոսի մայրը

«Ռեալում» ընտանեկան թեման Մարսելոյի խաղընկեր Սերխիո Ռամոսն է շարունակում: Անցյալ տարվա նոյեմբերին «Ռեալի» պաշտպանը խփեց իր 50-րդ գնդակն ու շտապեց այն մայրիկին նվիրել:

«Մեծ պատիվ է «Ռեալի» կազմում 50 գնդակ խփելը: Ցանկանում եմ այդ գոլը մայրիկիս նվիրել: Երկար եմ սպասել այս խաղին ու այն մեծ սիրով մորս եմ նվիրում»,-հայտարարեց Ռամոսը:

Վնասվածք ունեցող խաղընկերները

Ֆուտբոլում վնասվածքներն անխուսափելի են: Կախված վերականգնման համար անհրաժեշտ ժամանակից` պարզ է դառնում, թե որքան ժամանակ անց ֆուտբոլիստը դաշտում կլինի: Քանի որ այստեղ հոգեբանությունն առաջնային դեր ունի, ֆուտբոլիստները միշտ փորձում են աջակցել վնասվածք ունեցող խաղընկերներին, նրանց հաղթանակներ ու գոլեր են նվիրում խաղի ժամանակ կամ դրանից հետո: Այս մրցաշրջանում նմանատիպ մի քանի դեպք է տեղի ունեցել: Վերցնենք օրինակ Նիկոլաս Պարեխային: «Սելտայի» դարպասը խփած գոլը նա Սեբաստյան Քրիստոֆորին նվիրեց (ծնկի վիրահատությունից հետո ուրուգվայցին 6 ամիս չխաղաց), խաղից հետո էլ նրա հասցեին մի քանի բառ ասաց. «Սեբաստյանը հիանալի տղա է: Մենք նրա հետ ենք ու աջակցում ենք նրան: Նա կամքի զարմանալի ուժ ունի ու հիմա պետք է կամք դրսևորի»:

Թիմային ոգին փորձում են բարձր պահել նաև «Ռոմայում»` հատկապես վերջերս, երբ վնասվածքները շատացել են: Քևին Ստրոտմանն արդեն երկրորդ մրցաշրջանն է, ինչ տանջվում է ծնկի ցավից, սակայն հեռուստացույցը միացնելով` տեսնում է, որ թիմակիցները՝ Ֆրանչեսկո Տոտտիի գլխավորությամբ, հաղթանակ են նվիրում նրան: Նմանատիպ է պատմությունը նաև Լեոնարդո Կաստանի դեպքում: Այս ձմռանը վիրահատեցին բրազիլացու գլխուղեղը: Վիրահատությանը պատրաստվելիս նրան օգնեցին Տոտտին ու թիմակիցները` նվիրելով «Ատալանտայի» նկատմամբ» տոնած հաղթանակը:

Ողբերգական պատմությունները ուշադրութան են արժանի, սակայն դրանք արկածների հետ պատմելը սխալ է: Ուստի դրանք ներկայացնում ենք վերջում:

«Ռուբինի» երկրպագուն

Ֆուտբոլում միշտ չէ, որ գոլերը տոն են առաջացնում: Հատկապես, երբ տեղեկանում ես ցավալի փաստի մասին, որ կատարվել է թիմի՝ դաշտում գտնվելու պահին: «Ռուբինի» 17-ամյա երկրպագուն ընդմիջման ժամանակ վատ զգաց իրեն: Նրան միանգամից հիվանդանոց տեղափոխեցին, սակայն տղան գիտակցության չեկավ: Ողբերգությունը շոկի մեջ գցեց բոլորին: Մահոմեդ Օզդոևը հանդես եկավ բոլորի անունից.

«Խաղի ժամանակ մահացել է մեր երկրպագուն: Այս գոլը քեզ եմ նվիրում: Սա մեզ բոլորիս համար մեծ ողբերգություն է: Ես խոսքեր չունեմ»,-խաղից հետո Twitter-ում գրեց Օզդոևը:

Մաքսիմովի աղջիկը

Իլյա Մաքսիմովի ընտանիքում անցյալ ամիս ողբերգություն տեղի ունեցավ: «Անժիի» կիսապաշտպանի 3-ամյա աղջիկը մահացավ ու այդ մասին գրվեց ակումբի պաշտոնական կայքում. «Մեր սիրելի Իլյա, ցավակցության ու աջակցության որևէ խոսք այս պահին բավական չէ: Մենք սիրում ենք քեզ ու ապրում ենք այս ահավոր ցավը քեզ հետ. սա միակ բանն է, որ կարող ենք ասել: Անեչկային սիրող բոլոր մարդկանց մեր խորին ցավակցությունները: Այս պահին մենք բոլորս ամբողջ հոգով ու սրտով, տքերով ձեզ հետ ենք»:

Անհասկանալի է, թե այդ ամենից հետո ինչպես կարելի է ուժ հավաքել ու կատարել աշխատանքը, սակայն Մաքսիմովը կարողացավ: Մի քանի օր անց Իլյան թիմի հետ էր և «Խիմիկի» դեմ խաղում խփեց թիմի երկրորդ գնդակը: Այն աղջկան նվիրեց ու ցուցադրեց «Դու հավերժ իմ սրտում ես» գրությամբ շապիկը:

Ժունիոր Մալանդա

Ժունիոր Մալանդայի մահը շոկի մեջ գցեց ոչ միայն «Վոլֆսբուրգին» ու Բունդեսլիգային, այլ նաև ամբողջ աշխարհին: Ռոմելու Լուկակուն առաջիններից էր, որ նրա պատվին նվիրեց «Վեսթ Հեմի» դարպասը Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում խփած գոլը: Գոլից հետո նա ձեռքերը բարձրացրեց վերև, այդ կերպ ցույց տալով, որ հիշում է ընկերոջը: Հետագայում պարզվեց, որ այս ֆուտբոլիստները Բրյուսելում միևնույն թաղամասում են ապրել, իսկ նրանց մայրերը մոտ ընկերուհիներ են:

Առաջարկում ենք նաև ընթերցել` «Տոտտիի սելֆին, Ֆաուլերի թմրանյութը և գոլեր տոնելու ևս 9 վառ տարբերակ»:

 

Օգտագործված աղբյուրներ` «Чемпионат», «Marca», «Daily Mail»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում