Սարգիս Հովսեփյանը գոհ է «Փյունիկի» խաղից, Սուրեն Չախալյանը չեմպիոնական հույսեր ունի

Սարգիս Հովսեփյանը գոհ է «Փյունիկի» խաղից, Սուրեն Չախալյանը չեմպիոնական հույսեր ունի

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրը մեկնարկեց «Ուլիս»-«Գանձասար Կապան» խաղով: Առաջին շրջանի առաջատարը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց վերջին շրջանում համեմատաբար հաջող ելույթներ ունեցող կապանյան թիմի հետ:

Հանդիպումից հետո երկու թիմի մարզիչներն էլ արձանգարեցին, որ դժվար է 7-8 օրվա ընթացքում 3 խաղ անցկացնել: «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանն ընդգծեց, որ առջևում դեռ 4 խաղ ունեն, իսկ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, ուստի դեռ ոչինչ կորած չի:

Հաջորդ մրցավեճը «Փյունիկ»-«Ալաշկերտ» խաղն էր: Մրցաշարային աղյուսակի առաջատարն ասես վրեժխնդիր եղավ գավաթային երկրորդ խաղում կրած պարտության համար: «Փյունկի» երեք գոլին «Ալաշկերտը» վերջում պատասխանեց Նորայր Գյոզալյանի խփած հեղինակության գնդակով:

Խաղի և մամուլի ասուլիսի ժամանակ բացակայում էր «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Մարզչի առաջին օգնական Արկադի Չիլինգարյանն ասաց, որ պարտությունը իրենց սխալների հետևանքն էր.

«Մինչև կարողացանք կարգավորել խաղը և դուրս գալ այդ վիճակից, երրորդ գոլը ընդունեցինք»,- ասաց նա:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն ասաց, որ ֆուտբոլիստների առջև խնդիր էր դրված առաջին 15 րոպեում գոլ խփել, և նրանք այդ առադրանքը կատարեցին, իսկ երկրորդ խաղակեսում պետք էր պարզապես հաշիվ պահել:

«Ճիշտ է` որոշ չափով խաղի գեղեցկությունը կորավ, բայց կարևորը մեր վաստակած երեք միավորն է: Այսօրվանից պատրաստվում ենք գավաթային խաղին»:

Սարգիս Հովսեփյանը խոսեց նաև Հայաստանի ազգային և Հայաստանի երիտասարդական հավաքականների մասին: Այն հարցին, թե բարդ չի՞ լինի համատեղել 3 թիմերի մարզում, Հովսեփյանը տվեց հետևյալ պատասխանը. «Իհարկե, հեշտ չի լինի: Ինձ թվում է` մոտ ժամանակներում ՀՖՖ-ն կորոշի, թե ով է գլխավորելու երիտասարդական հավաքականը»:

Այսօր մրցելու են «Արարատն» ու «Բանանցը», իսկ «Միկան» սեփական հարկի տակ ընդունելու է «Շիրակին»: Հաղթանակի դեպքում «Շիրակը» կմոտենա «Փյունիկին»` միավորների տարբերությունը հասցնելով 4-ի, իսկ հաջորդ տուրում Գյումրիում կհյուրընկալի հենց առաջատարին: Այնպես որ, չեմպիոնական տիտղոսի հարցը դեռևս վճռված չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում