Գավաթի եզրափակիչ. «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստների կանխատեսումները

Գավաթի եզրափակիչ. «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստների կանխատեսումները

Մայիսի 6-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստանի գավաթի խաղարկության` «Փյունիկ»-«Միկա» եզրափակիչը: Խաղի վերաբերյալ իրենց կանխատեսումներն են ներկայացրել «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները:

Գեղամ Հարությունյան. «Թող հաղթի ուժեղագույնը, սա եզրափակիչ է, հետաքրքիր հանդիպում է մեզ սպասվելու, երկու թիմերի համար էլ բավականին դժվար է լինելու, բայց ես երկրպագելու եմ «Փյունիկին», քանի որ «Փյունիկի» գավաթակիր դառնալը օգտաբեր կլինի նաև մեզ համար, որպեսզի կարողանանք շարունակել պայքարը 4-րդ տեղի համար: Կարծում եմ` հանդիպումը կավարտվի «Փյունիկի» հաղթանակով` 2:1 հաշվով»:

Ալեքսանդր Պետրոսյան. «Երկու թիմերի հնարավորությունները 50-50 են: Երկրպագելու եմ «Փյունիկին», որովհետև «Փյունիկի» գավաթակիր դառնալու դեպքում, մենք հնարավորություն ենք ունենում պայքարելու 4-րդ հորիզոնականի համար, կարծում եմ, որ «Փյունիկը» հաղթելու է 2:1 հաշվով»:

Ալեն Համբարձումյան. «Ինձ թվում է, որ մեզ շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում, քանի որ սա եզրափակիչ է, իսկ եզրափակիչները միշտ հետաքրքիր են լինում: «Միկան», երբ դուրս է եկել գավաթի եզրափակիչ, միշտ հաջող է հանդես եկել: Ես ականատես եմ եղել, թե ինչպես «Միկան» 2011-ին դարձավ գավաթակիր: Ես կարծում եմ, որ երկու թիմերն էլ արժանի են գավաթին, երկու թիմերին էլ հաջողություն եմ մաղթում: Թող հաղթի այն թիմը, որը տվյալ պահին ավելի ուժեղ է: Կարծում եմ` «Փյունիկն» այս պահի դրությամբ մի փոքր ուժեղ է «Միկայից», ուստի կարծում եմ, որ «Փյունիկը» կհաղթի 2:1 հաշվով»:

Արմեն Դուրունց. «Ինձ թվում է` գավաթային եզրափակչում երկու թիմերի հնարավորություններն էլ հավասար է: Ով ավելի լավ պատրաստվի այս խաղին, նա էլ առավելություն կունենա, բայց ես նախապատվությունը տալիս եմ «Փյունիկին», քանի որ նրանք այս պահի դրությամբ ավելի լավ վիճակում են գտնվում: Ես երկրպագելու եմ «Փյունիկին», որովհետև միայն նրանց` գավաթակիր դառնալու դեպքում կկարողանանք պայքարել Եվրոպա Լիգայի ուղեգրի համար»:

Արթուր Ավագյան. «Իմ կարծիքով լարված հանդիպում է լինելու, երկու թիմերի հնարավորություններն էլ հավասար են, երկու թիմերում էլ լավ կոլեկտիվներ են ձևավորվել: Ով ավելի ուժեղ է թող նա էլ հաղթի, ինձ թվում է, որ հանդիպման հիմնական ժամանակը ավարտվելու է ոչ-ոքի, թե ինչ կլինի լրացուցիչ ժամանակում, չեմ կարող ասել»:

Արսեն Պետրոսյան. «Ես կարծում եմ, որ «Փյունիկը» հաղթելու է 2:0 հաշվով, գոլերն էլ Վարազդատ Հարոյանն ու Տարոն Ոսկանյանն են խփելու, ես շատ վստահ եմ: Վստահ եմ նաև, որ Տարոնն ու Վատոն են գոլերը խփելու: Ես երկրպագելու եմ «Փյունիկին»»:

Հայկ Իշխանյան. «Շատ հետաքրքիր հանդիպում է լինելու, երկու թիմերն էլ արժանիորեն են հասել գավաթի եզրափակիչ: «Միկան» ինձ համար հոգեհարազատ թիմ է, քանի որ խաղացել եմ այնտեղ, կարծում եմ` «Միկան» կհաղթի: Ճիշտ է` «Փյունիկում» նույնպես ընկերներ ունեմ, բայց հաջողություն եմ մաղթում «Միկային»: Խաղի արդյունքը կանխատեսել չեմ սիրում, սրտանց հավատում եմ, որ «Միկան» է հաղթելու: Վերջիվերջո սա գավաթի եզրափակիչն է, և թիմերի հնարավորությունները 50-50 են, բայց ինքս հաղթանակ եմ մաղթում «Միկային»»:

 

Աղբյուր` «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում