«Ռեալ»-«Վալենսիա»` 2:2. «Բարսելոնան» մոտեցավ չեմպիոնությանը (տեսանյութ)

«Ռեալ»-«Վալենսիա»` 2:2. «Բարսելոնան» մոտեցավ չեմպիոնությանը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Ռեալը» հյուրընկալել էր «Վալենսիային»:

Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Պակո Ալկասերը: Ընդամենը 7 րոպե անց «չղջիկները» կրկնապատկեցին առավելությունը. Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը երկրորդ գոլը խփեց Խավի Ֆուեգոն: Կարճ ժամանակահատվածում «Ռեալը» ոչ միայն երկու գոլ բաց թողեց, այլև մեկ այլ լուրջ կորուստ ունեցավ. վնասվածք ստացավ առանցքային ֆուտբոլիստներից Թոնի Կրոսը, ում փոխարինեց Ասյեր Իլյարամենդին:

Նախքան ընդմիջման գնալը Կարլո Անչելոտիի սաներն ունեին հաշիվը կրճատելու և անգամ հավասարեցնելու հնարավորություններ, սակայն վստահ էր խաղում դարպասապահ Դիեգո Ալվեսը: Ամենաիրական հնարավորությունն ուներ Կրիշտիանու Ռոնալդուն, ով չկարողացավ դիպուկ իրացնել Գարեթ Բեյլի նկատմամբ կանոնները խախտելու հետևանքով նշանակված 11-մետրանոց հարվածը:

Երկրորդ խաղակեսը «Ռեալը» վտանգավոր գրոհներով սկսեց: 56-րդ րոպեին Պեպեի գոլի շնորհիվ դաշտի տերերը կրճատեցին հաշվի տարբերությունը: 1:2 հաշիվը պահպանվեց մինչև 84-րդ րոպեն, երբ հրաշալի գոլի հեղինակ դարձավ Իսկոն: Խաղի մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին, և ցուցատախտակին մնաց 2:2 հաշիվը:

Իսպանիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Ռեալն» ունի 86 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Բարսելոնային» զիջելով 4 միավորով, իսկ «Վալենսիան» եզրափակում է լավագույն քառյակը` ակտիվում ունենալով 73 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ռեալ» – «Վալենսիա»` 
Գոլերը` Պեպե 56՛, Իսկո 84՛ – Ալկասեր 19՛, Ֆուեգո 26՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում