Աշոտ Բարսեղյան. Միշտ հավատում եմ մեր տղաներին

Աշոտ Բարսեղյան. Միշտ հավատում եմ մեր տղաներին

«Գանձասար Կապանի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Աշոտ Բարսեղյանն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի` «Շիրակի» հետ խաղից ունեցած ակնկալիքների մասին:

– Ի՞նչ սպասելիքներ ունեք առաջիկա խաղից:

-Յուրաքանչյուր խաղում մենք ակնկալում ենք լավ խաղ ու հաղթանակ: Ամեն անգամ խաղադաշտ մտնելուց ձգտում ենք առավելագույնին, սա հիմա մեր կարգախոսն է:

-Թիմի վիճակն ինչպիսի՞նն է:

-Հիմնականում կորուստներ չունենք, բայց կան ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածք ունեն: Լավն այն է, որ անկախ ստացած վնասվածքներից տղաները իրենց կամային հատկանիշները օգտագործելով կարողանում են դուրս գալ խաղադաշտ և խաղալ, քանի որ հասկանում են` պահեստայինների շատ կարճ նստարան ունենք:

-Վերջին 5 խաղում «Գանձասար-Կապանը» չի կարողանում հաղթել, դա ինչո՞վ է պայմանավորված:

-Ճիշտ եք նկատել… Վերջին 5 խաղում թիմը լավ է գործում, ինչ խնդիր առաջադրում ենք կատարում են միայն կաղում ենք գրոհի եզրափակիչ փուլում: Մենք շատ պահեր ենք ստեղծում, բայց չենք կարողանում այն արդյունքի վերածել: Ես կարծում եմ, որ պահերը չիրացնելը ունի իր պատճառները, առաջինը` սա ֆուտբոլ է, հնարավոր է, որ մի խաղում մի քանի անգամ աչքի ընկնես, բայց կարող է լինել խաղերի շարք, որում չկարողանաս գոլ խփել, դա բնական է, մենք մտածում ենք այդ մասին և ուղիներ ենք փնտրում այդ որակները բարելավելու համար:

-«Շիրակի» մասին ի՞նչ կասեք:

-Կարծում եմ` բոլորի համար էլ պարզ է, որ «Շիրակը» Հայաստանի լավագույն թիմերից մեկն է, չեմպիոնության համար մղվող մրցավազքի մասնակիցներից է: Ես այդ թիմի կոլկտիվի մասին կարող եմ միայն գովեստի խոսքեր շռայել: Մի քանի անգամ խաղացել ենք նրանց դեմ, գիտենք, ճանաչում ենք նրանց ֆուտբոլիստներին: «Շիրակը» զորավոր թիմ է:

-Ինչպե՞ս է պետք գործել «Շիրակի» դեմ:

-Մենք յուրաքանչյուր թիմի հետ խաղում ունենում ենք առանձին մտահդացումներ, որը կախված է, թե’ մրցակցի ֆուտբոլիստներից, թե նրանց ֆունկցիոնալ վիճակից: Նրանց փիլիսոփայությունը իմանալով` պետք է խաղանք նրանց դեմ: Մենք գիտենք, որ «Շիրակը» տեխնիկապես լավ ֆուտբոլ է խաղում` կարճ ու միջին փոխանցումներով, գիտենք, որ ունեն ֆուտբոլիստներ, ովքեր գրոհի եզրափակիչ փուլում լավ են գործում, օրինակ` Ժան-Ժակ Բուգուհին, նրանք ունեն սևամորթ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ֆուտբոլային իրենց որակներով հարցեր լուծել, այնպես որ առաջնայինը պետք է աչալուրջ լինենք «Շիրակի» ֆուտբոլիստներր նկատմամբ և կարողանանք արագ հակագրոհներով աչքի ընկնել:

-Առաջնության գլխավոր ռմբարկուն` Ժան-Ժակ Բուգուհին ժամանում է Կապան, նա իսկական գլխացավա՞նք է «Գանձասար-Կապանի» պաշտպանների համար:

-Երբ վերջին անգամ խաղացինք «Շիրակի» դեմ Գյումրիում, մենք շատ լավ էինք ուսումնասիրել նրան, յուրացրել էինք նրա` գոլահարի որակները և նախապատրաստվել էինք,արծում եմ` կարողացանք նրան չեզոքացնել այդ խաղում, եթե վաղն էլ նույն կերպ գործենք, ապա շատ ուրախ կլինեմ, որովհետև մենք Գյումրիում կարողացանք այդ հարցը լուծել, չնայած մենք այնտեղ շատ արագ ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք ու կարծում եմ, որ հավասար խաղ էր, այնպես որ, եթե մենք կարողանանք Բուգուհիի հետ խաղալ այնպես, ինչպես Գյումրիում խաղացինք, ապա շատ լավ կլինի:

– Դուք լավատես եք:

-Իհարկե լավատես եմ, ես միշտ լավատես եմ ու միշտ հավատում եմ մեր տղաներին :Մարզումային պրոցեսի ժամանակ ես տեսնում եմ, թե նրանք ինչ նվիրումով են մարզվում ու տրամադրվում և դրանից մենք ոգևորվում ենք, այսինքն տղաների կատարած աշխատանքով մենք ոգևորվում ենք և հույս ունենք, որ լավ ենք խաղալու…

Հետևեք մեզ նաև Telegram-ում