«Արարատ»-«Փյունիկ». Մարզիչների մեկնաբանությունները

«Արարատ»-«Փյունիկ». Մարզիչների մեկնաբանությունները

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին՝ 27-րդ տուրի «Արարատ»-«Փյունիկ» (2:2) խաղից հետո թիմերի գլխավոր մարզիչները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ բավականին բարդ է եղել ֆուտբոլիստներին այս հանդիպմանը տրամադրելը:

Սարգիս Հովսեփյան. «Դժվար էր տղաներին տրամադրել այս խաղին: Ես շատ կուզեի, որ առաջնության վերջին խաղերում նոր պարզ լիներ չեմպիոնը: Իրականում ոչինչ չեմ կարող ասել, քանի որ թիմում կան հավաքականի թեկանածուներ, ովքեր չեն ուզում ռիսկի դիմել և վնասվածքներ ստանալ միջազգային խաղերից առաջ:

Խոսելով թիմի առաջատար ֆուտբոլիստների վնասվածքների մասին «Փյունիկի» գլխավոր մարզիչն ասաց հետևյալը. «Կամո Հովհաննիսյանը արդեն ապաքինվում է, Լևոն Հայրապետյանը պետք է մեկնի Գերմանիա, ինչից հետո պարզ կդառնա, թե ինչքան կտևի ապաքինումը, իսկ Մասիս Ոսկանյանի և Դավիթ Մանոյանի վնասվածքները լուրջ են. նրանք չեն հասցնի վերականգնվել մինչև հավաքականի առաջիկա խաղը»:

Վարուժան Սուքիասյան. «Երկու թիմերի համար էլ շատ բարդ էր տրամադրվել այս խաղին. «Փյունիկն» արդեն չեմպիոն է, մենք՝ հետնապահ: Սակայն պայքարով հետաքրքիր խաղ եղավ: Գոհ եմ թիմի խաղային կարգապահությունից, իսկ «Փյունիկն» այս պահին շատ արագ, կարգապահ և խաղակցված թիմ է»:

Վարուժան Սուքիասյանը նշեց, որ հակառակորդ թիմը հատկապես ուժեղ է եզրերում. «Մենք գիտեինք, որ «Փյունիկը» ուժեղ է եզրերում, դրա համար ամեն ինչ արել էինք, որպեսզի կարողանայինք չեզոքացնել նրանց եզրային անցումները»:

«Արարատի» գլխավոր մարզիչը նաև ասաց, որ գրեթե 80% պարզ է, թե ում հետ կշարունակի աշխատել հաջորդ մրցաշրջանում և հաջողություն մաղթեց «Փյունիկին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում