6 բան, որ իմացանք Պաոլո Մալդինիի` Ջեյմի Կարրագերին տված հարցազրույցից

6 բան, որ իմացանք Պաոլո Մալդինիի` Ջեյմի Կարրագերին տված հարցազրույցից

Իտալացի լեգենդար պաշտպանը նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարրագերին պատմել է, թե ինչպես են իրեն մի քանի անգամ Անգլիա հրավիրել, ինչու Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Միլանը» պարտվեց «Լիվերպուլին» և ինչու է հարազատ թիմը հայտնվել ճգնաժամում: Պաոլո Մալդինիի` Ջեյմի Կարրագերին տված հարցազրուցից որոշ հատվածներ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

2005 թվականին «Միլանը» պարտվեց Չեմպիոնների լիգայում, որովհետև վաղաժամ հաղթանակ տոնեց:

«Մենք սկսեցինք տոնել ընդմիջման ժամանակ և կարծում էինք` «Լիվերպուլին» հնարավոր չէ 0:3 հաշվով պարտվել: Մենք մտանք հանդերձարան ու խենթությունը սկսվեց: Ֆուտբոլիստները գոռում էին ու քաշքշում իրար, քանի դեռ Անչելոտին չգոռաց. «Լռե՛ք: Առաջիկա 5 րոպեներին ձեզանից որևէ մեկի ձայնը լսել չեմ ցանկանում: Ոչ մի խոսք չլսեմ»:

Դրանից հետո լռեցինք, հանգստացանք, հետո սկսեցինք խոսել այն մասին, թե ինչպես խաղացինք, ինչն էր լավ և ինչը՝ վատ: Հետո երկրորդ խաղակեսը սկսվեց: Ինքս մտածում էի` չեմպիոն դառնալու մեծ հնարավորություն ունենք, սակայն այդ մասին չբարձրաձայնեցի: Հավանաբար բոլորն էին այդպես մտածում: Երկրորդ խաղակեսը ցույց տվեց, որ իսկապես պետք չէր բարձրաձայնել»:

Մալդինին հրաժարվեց մարզել «Չելսին»:

«Առաջարկը ստացվեց «Միլանի» կազմում իմ վերջին խաղից հետո: Ես պատրաստ չէի: Ես չէի ցանկանում ընտանիքիս Լոնդոն բերել: Սակայն ես մեկնեցի Լոնդոն, որպեսզի խոսեմ Ռոման Աբրամովիչի և Ռեյ Ուիլկինսի հետ: Չգիտեի` ինչպես վարվել, ինչպե՞ս էի մարզելու: Արդյունքում որոշեցի չընդունել առաջարկը»:

Մադինին կարող էր խաղալ նաև Անգլիայի թոփ-ակումբներում:

«Ես գիտեի, որ ինձանով հետաքրքված է «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն որևէ մեկն ինչ հետ կապ չհաստատեց: Իսկ Լուկա Վիալլին, ով այդ ժամանակ «Չելսիում» էր աշխատում, խոսել է ինձ հետ: Շփումներ են եղել նաև «Արսենալի» հետ, սակայն նրանց հետ ոչ մի անգամ նորմալ չեմ խոսել: Ցանկացած դեպքում ես բոլորին կմերժեի: Միայն ընկերս՝ Վիալլին մտածելու տեղիք տվեց: Այդ ժամանակ խնդիրներ ունեի ակումբի և երկրպագուների հետ: Սկզբում մտածեցի. «Իսկ ի՞նչ, եթե համաձայնեմ»: Հետո հասկացա՝ ոչ»:

Վան Բաստենը լավագույն խաղացողն է Մալդինիի համար:

«Ամեն ինչ սկսվեց Արիգո Սակիից: Մեզ մոտ եկան հոլանդացի երեք ֆուտբոլիստներ, սակայն Կապելոյի ժամանակ լավ խաղացողներն ավելի շատ էին: Գուլիտը, Տասոտին, Վան Բաստենը, Մասարոն, Պապին, Բոբան, Սավիչևիչը:  Բայց Վան Բաստենը լավագույնն էր. Փայլում էր ձախ եզրում, աջում, վստահ էր գնդակը խաղարկելիս, արագ էր…Նա կարող էր գոլ խփել կամ կարևոր փոխանցում կատարել: Նրա խաղային ոճը ժամանակից դուրս էր: Ցավոք նա 28-ում ստիպված եղավ կանգնել: Ոտնաթաթի հիմար վիրահատություն»:

«Միլանը» կորցրեց կապն ավանդույթների հետ:

«Տխրում եմ, երբ տեսնում եմ այսօրվա «Միլանը»: Մյուս ֆուտբոլիստների հետ մենք ինչ-որ յուրահատուկ բան ենք արել, իսկ հիմա որևէ մեկը չի գիտակցում այն պատասխանատվությունը, որն ընկած է «Միլանի» կազմում խաղացող ֆուտբոլիստների ուսերին: Նախկին ֆուտբոլիստներից միայն Ֆրանկո Բարեզին է աշխատում ակումբում: Սա ցավալի է, որովհետև «Միլանը» լավ ավանդույթներ ունի, սակայն հիմա մոռացել է դրանց մասին: Նոր սերունդը ոչինչ չի հասկանում:

Հիմա Իտալիայում զգալիորեն քիչ գումար կա, սհավոր մարզադաշտեր, խնդիրներ ագրեսիվ երկրպագուների հետ, ընտանիքները երեխաներին մարզադաշտ չեն տանում: «Միլանը» փորձում է նոր մարզադաշտ կառուցել, բայց ես չգիտեմ, թե դա երբ տեղի կունենա: Բարձրակարգ ֆուտբոլ խաղալու համար ակումբը պետք է 60.000-անոց մարզադաշտ ունենա: «Սան-Սիրոն» նախկինի պես գեղեցիկ է, բայց շատ ծեր է»:

Մալդինին ցանկանում է աշխատել «Միլանում»:

«Ես ֆուտբոլային ծրագիր ունեմ Մայամիում, սակայն ղեկավար լինելն ինձ դուր չի գալիս, դա իմը չէ: Ես սիրում եմ ֆուտբոլն ու մինչև հիմա ընկերներիս հետ դիտում եմ «Միլանի» խաղերը: Հնարավոր է, որ երբեք ակումբում չաշխատեմ: Հիմա էլ ամբողջությամբ նվիրված եմ հայր լինելուս պարտականություններին, սակայն «Միլանում» աշխատելու հնարավոր տարբերակն ինձ համար ակումբին շնորհակալություն հայտնելու միջոց է»:

Աղբյուր` «Daily Mail»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում