Ի՞նչ պետք է հիշել Իսպանիայի 2014-15թթ. առաջնությունից

Ի՞նչ պետք է հիշել Իսպանիայի 2014-15թթ. առաջնությունից

Իսպանիայի` 2014-15թթ. առաջնությունն այլևս անցյալում է. «Բարսելոնան» չեմպիոն է, «Ռեալը» բավարարվեց երկրորդ հորիզոնականով, նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Ատլետիկոն» այս անգամ երրորդն էր: Սակայն միայն «Բարսելոնա»-«Ռեալ» հակամարտությունը, Լիոնել Մեսսիի` Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկու դառնալը, Ռոնալդուի գոլերը կամ Դիեգո Սիմեոնեի թիմի նահանջը չէ, որ այս խաղարկությունում արժանի են հիշատակման: Ամփոփում ենք Իսպանիայի առաջնությունը` ներկայացնելով մրցաշարի մի փոքր անտեսված, բայց կարևոր դեպքերը:

Գորկա Իրայսոսի չհաշված գոլը

Տարվա գլխավոր հիասթափություններից մեկը գրանցվեց մրցաշարի առաջին տուրում, երբ «Մալագայի» դեմ խաղի ավարտին «Ատլետիկի» դարպասապահ Գորկա Իրայսոսը ստանդարտի իրացման ժամանակ տեղափոխվեց մրցակցի տուգանային հրապարակ: Հենց նրան հաջողվեց գլխով գրավել գործընկերոջ դարպասը: Ի զարմանս բոլոր երկրպագուների՝ մրցավարը գոլը չհաշվեց` պատճառաբանելով, որ «Ատլետիկի» խաղացողներից մեկը խաղից դուրս դիրքում էր և խանգարում էր պաշտպաններին:

Լավագույն դարպասապահների սարսափելի վնասվածքները

Մրցաշարի եզրափակիչ տուրերն իսկական դժոխք դարձան դարպասապահներից երկուսի համար: Սկզբում «Վիլյառեալի» դարպասապահ Սերխիո Ասենխոն անհաջող վայրէջք կատարեց ոտքի վրա ու կարիերայի ընթացքում երրորդ անգամ ծնկի վնասվածք ստացավ. դաշտում վաղուց նման գոռոցներ չէին լսվել: Նրանից հետո «Վալենսիայից» Դիեգո Ալվեսը մրցակցի հետ բախման հետևանքով նույն վնասվածքը ստացավ, ինչի արդյունքում բաց կթողնի Ամերիկայի գավաթի խաղարկությունը:

Իկեր Կասիլյասի հարաբերությունները «Սանտյագո Բեռնաբեուի» հանդիսականի հետ

Խաղային առումով «Ռեալի» դարպասապահի համար մրցաշրջանը միանշանակ չէր: Հաջողված պահեր կային, սակայն նաև անհաջողություններ կային, որոնք հիվանդագին ընդունվեցին մադրիդյան ակումբի երկրպագուների կողմից: Ի՞նչը կարող է ավելի վատ լինել, քան այն, որ «Սանտյագո Բեռնաբեուն», որտեղ դու 15 տարի խաղացել ես, սուլում է քեզ: Իկերին աջկացեցին թիմակիցները, արդեն նախկին մարզիչ Կարլո Անչելոտին, և մրցաշրջանի վերջին տուրերին քմահաճ երկրպագուները մի փոքր հանգստացան:

Դևիդ Մոյեսի իսպաներենը

Լա Լիգան մեծ հետաքրքրությամբ դիմավորեց բրիտանացի մարզչին: «Ռեալ Սոսյեդադի» նախորդ մարզչից հոգնած իսպանացի լրագրողները կատակների առիթ ունեցան` խոշորացույցի տակ առնելով Դևիդ Մոյեսի իսպաներենը: Մոյեսը լրագրողներին ուրախացրեց իսպաներենով, իսկ իր թիմը երկրպագուներին կարողացավ ուրախացնել միայն առանձին հաջող ելույթներով, բայց ոչ դրական առաջընթացով:

Լուիս Սուարեսը կարծես տարիներ շարունակ խաղացել էր «Բարսելոնայում»

Մի՞թե կարելի էր կասկածել այս տղայի ունակությունների վրա: «Լիվերպուլին» չեմպիոնական տիտղոսին չհասցնելով` նա երկարատև որակազրկումից հետո տեղափոխվեց այլ առաջնություն ու կարողացավ հիանալի մրցաշրջան անցկացնել: Նրա շնորհիվ «Բարսելոնան» հարձակվողների ֆանտաստիկ եռյակ կազմեց, իսկ ինքը՝ Սուարեսն իրեն ցույց տվեց ոչ միայն մրցակցի դարպասի մատույցներում, այլ նաև գեղեցիկ գոլային փոխանցումներ կատարելիս:

Ոչ թե Ժոնատասն էր խաղում «Էլչեի» համար, այլ «Էլչեն» Ժոնատասի

«Մեկ ֆուտբոլիստի թիմ» անվանակարգում հաղթեց «Էլչեն» և նրա բրազիլացի հարձակվող Ժոնատասը: Մրցաշրջանում խփած 35 գնդակներից 21-ում Ժոնատասն իր ներդրումն ունեցավ` խփելով 14 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում: 

Ֆերնանդո Տորրեսի վերադարձը

Եվրոպական շրջագայության երկարատև տարիներից հետո երիտասարդ տարիքում «Ատլետիկոյի» ավագի թևկապը կրած Ֆերնանդո Տորրեսը տուն վերադարձավ: «Վիսենտե Կալդերոնը» նրան հերոսի պես դիմավորեց: Անկախ ցուցադրած խաղից` Ֆերնանդոն միշտ ծափահարությունների էր արժանանում, ասես ազգային հերոս լիներ: Ավարտված մրցաշրջանում Տորրեսն առաջին անգամ զգաց, թե ինչ բան է հաղթանակը մադրիդյան դերբիում, ու երկրպագուներին կարողացավ երախտապարտ լինել խփած գնդակով:

Միանգամից 4 դարպասապահ գոլ բաց թողեց մեկ խաղում

Յուրահատուկ դեպք արձանագրվեց 21-րդ տուրի «Սևիլյա»-«Էսպանյոլ» խաղի ժամանակ: Հանդիպման ընթացքում 4 դարպասապահ դաշտ դուրս եկավ և նրանցից յուրաքանչյուրը առնվազն մեկ գնդակ բաց թողեց: 40-րդ րոպեին հյուրերի կազմից հեռացվեց Կիկո Կասիլյան (բաց էր թողել 2 գնդակ), նրան փոխարինեց Պաու Լոպեսը (89-րդ րոպեին գոլ բաց թողեց): Ընդմիջումից հետո «Սևիլյայի» դարպասապահ Բետուն (1 գնդակ 11-մետրանոց հարվածով) վնասվածքի պատճառով փոխարինվեց: Խաղը շարունակեց Սերխիո Ռիկոն (գոլ բաց թողեց 77-րդ րոպեին):

«Ատլետիկոն» դերբիում հաղթեց «Ռեալին»

Սկզբում երկրպագուները հարմարվեցին այն մտքին, որ Դիեգո Սիմեոնեի թիմը կարողացավ դերբիներում ընդհատել «Ռեալի» հաղթարշավը, իսկ հետո «Ատլետիկոն» կարողացավ իր խաղը թելադրել և դառնալ Անչելոտիի թիմի ամենանհարմար մրցակիցներից մեկը: «Ատլետիկոյի» 4:0 հաշվով տոնած հաղթանակը «սերուցքայիններին» և նրանց երկրպագուներին ամաչելու իսկական առիթ տվեց:

Չավի Գարսիան դիպլոմ պաշտպանեց «Ինչպես հաղթել «Բարսելոնային» թեմայով

Իսպանացի երիտասարդ մարզիչ Չավի Գարսիան անցյալ մրցաշրջանում աշխատում էր «Օսասունայում» և կարողացավ միավորներ խլել «Բարսելոնայից»: 2014-15թթ. մրցաշրջանում Գարսիան տեղափոխվեց «Մալագա» ու նշաձողն ավելի բարձրացրեց` տանը ոչ-ոքի ապա «Կամպ Նոուում» նվազագույն հաշվով հաղթանակ: Դա հատկապես հիանալի էր դիտվում Անգլիայի այդ ժամանակվա չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի»՝ Չեմպիոնների լիգայում «Բարսելոնային» պարտվելու ֆոնին:

Սանտի Մինան պոկերի հեղինակ դարձավ 19 տարեկանում

«Սելտայի» երիտասարդ հարձակվող Մինան «Ռայո Վալեյկանոյի» դեմ խաղում կարողացավ 4 անգամ աչքի ընկնել ու ռեկորդ սահմանել Լա Լիգայում: Թեև «Ռայոն» նման հաջողություն գրանցելու համար քիչ թե շատ հարմար ակումբ է, այնուամենայնիվ Մինան արժանի է գովասանքի: Բացի այդ, նա գոլեր է խփել նաև ավելի լուրջ մրցակիցների հետ խաղերում:

Չավին վերջին խաղն անցկացրեց Լա Լիգայում

«Բարսելոնայի» և իսպանական ֆուտբոլի լեգենդը Իսպանիայի առաջնության վերջին տուրում հրաժեշտ տվեց հարազատ մարզադաշտին, երկրպագուներին ու մյուս բոլորին: Արդյոք որևէ այլ բառեր են անհրաժեշտ այստեղ….

Հետգրություն` որոշ տեսանյութեր նախատեսված են միայն Youtube-ում դիտման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում