Յուրա Մովսիսյան. Ցանկանում եմ ցույց տալ` դեռ ընդունակ եմ գոլեր խփել

Յուրա Մովսիսյան. Ցանկանում եմ ցույց տալ` դեռ ընդունակ եմ գոլեր խփել

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Известия»-ին տված հարցազրույցում նշել է, որ 2014-15թթ. մրցաշրջանը վատագույնն էր իր կարիերայում: 

-Ցանկանում եմ հնարավորինս շուտ մոռանալ նախորդ մրցաշրջանը, որն ինչպես «Սպարտակի», այնպես էլ անձամբ ինձ համար ծայրահեղ վատ ստացվեց: Իմ կարիերայի վատագույն մրցաշրջանն էր: Արդեն հետևություններ արել եմ: Անգամ այս վատ փորձն ինձ ավելի ուժեղ է դարձնում:

-Կարո՞ղ եք նշել «Սպարտակի» անհաջողությունների գլխավոր պատճառը:

-Բարդ է նշել մեկ պատճառ: Ես ունեմ թիմի ոչ դիտարժան խաղի պատճառները, բայց նման թեմաների քննարկումը դեմ կլինի ակումբի ղեկավարությանը:

-Այդ դեպքում խոսենք Ձեր խաղի մասին: Բացի վնասվածքից, կա՞ն այլ օբյեկտիվ պատճառներ, որոնցով պայմանավորված էր ցածր արդյունավետությունը:

-Այո՛, վնասվածքները նշանակություն ունեցան, սակայն գլխավոր մարզչի անվստահությունը ևս ազդեցություն ունեցավ: Միանշանակ էր, որ ես Մուրատ Յակինի խաղային փիլիսոփայության մեջ տեղ չունեի: Նման պայմաններում դժվար է լավագույն որակները ցույց տալը:

-Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր և Յակինի հարաբերությունները:

-Սկզբում ամեն ինչ հիանալի էր, ոչ մի խնդիր չկար: Ժամանակի ընթացքում մեր հարաբերությունները վատացան: Զգացվում էր, որ մեջ լարվածություն կա: Ես շատ ծանր էի տանում, որ մեկնարկային կազմում չէի ընդգրկվում, իսկ մարզիչը ոչինչ չէր բացատրում: Արդյունքում մենք գրեթե դադարեցինք շփվել: Ցանկանում եմ ընդգծել, որ Յակինի դեմ ոչինչ չունեմ: Պարզապես այնպես ստացվեց, որ նրա մարտավարությունների համար ես համապատասխան ֆուտբոլիստ չէ:

-«Սպարտակում» կարիերան շարունակելու ցանկություն ունե՞ք:

-Անխոս: Ես վճռական եմ տրամադրված, ցանկանում եմ ցույց տալ, որ դեռ ընդունակ եմ գոլեր խփել և օգնել թիմին ռուսական ֆուտբոլում վերադառնալ առաջատար դիրքեր: Իմ կարիերայի բոլոր վատ պահերն արդեն անցյալում են:

-Այլ ակումբներից առաջարկներ ունե՞ք:

-Վերջին տարիներին կարիերայիս շարունակության համար շատ տարբերակներ եմ ունեցել: Ինձանով հետաքրքրված են եղել եվրոպական ակումբներ, բայց չեմ ցանկանում ավելի մանրամասնել: Այժմ լիովին կենտրոնացած եմ «Սպարտակի» ելույթների վրա և մտադիր եմ տիտղոս նվաճել հենց այս ակումբի մարզաշապիկով:

-Կարո՞ղ եք Ձեզ պատկերացնել ԲԿՄԱ-ում:

-Ռուսաստանում ցանկանում եմ հանդես գալ միայն «Սպարտակում»: Ռուսական այլ ակումբում ինձ չեմ պատերացնում, առավել ևս ԲԿՄԱ-ում:

-ԱՄՆ վերադառնալու և կարիերան MLS-ում շարունակելու ցանկություն չկա՞:

-Չեմ բացառում, որ որ երբևէ կխաղամ MLS-ում, բայց այդ ժամանակը դեռ չի եկել: Այժմ ԱՄՆ-ում եմ բուժզննման նպատակով: Պետք է վնասածքից լիովին ապաքինվեմ, որպեսզի «Սպարտակի» նախամրցաշրջանային մարզումներին պատրաստ լինեմ: Բնականաբար, MLS-ի ակումբների հետ ոչ մի բանակցություն չեմ վարում:

-Ֆուտբոլային ի՞նչ երազանք ունեք:

-Ցանկանում եմ Հայաստանի հավաքականի հետ մասնակցել աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում