Միհրան Հարությունյան. Ես զգում էի բոլորի աջակցությունը

Միհրան Հարությունյան. Ես զգում էի բոլորի աջակցությունը

Բաքվում շարունակվում են առաջին Եվրոպական խաղերը, իսկ Հայաստանից առաջինը պայքարի մեջ մտած հունահռոմեական ըմբիշներ Ռոման Ամոյանը, Միհրան Հարությունյանը, Կարապետ Չալյանը և Մաքսիմ Մանուկյանը հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանի և Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ վերադարձան Երևան։ Նրանց համար ընդունելություն էր կազմակերպել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ընդունելությանը ներկա էին հայկական սպրտի բազմաթիվ ներկայացուցիչներ, Սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը:

Առաջին եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 66կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը լրագրողների հետ զրույցում պատմեց իր տպավորությունների մասին Բաքվից, ընդունելությունից, դահլիճում լսված սուլոցներից և արծաթե մեդալը նվաճելու զգացողություններից:

«Բաքու մեկնած մեր ամբողջ թիմը շատ համերաշխ էր և միասնական, օգնում էին իրար: Ինչ վերաբերում է դահլիճում երկրպագուների կողմից հայ մարզիկներին ցույց տված վերաբերմունքին, ապա այո, կային գոռոցներ և սուլոցներ, բայց չեմ կարող ասել, որ հոգեբանական լարվածություն կար, ես միշտ որպես պատասխան նրանց ժպտում էի, անգամ չարություն չկար, իրականում դա ավելի էր ինձ մոտիվացնում»,- ասաց Միհրանը:

Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը հավաստիացրեց, որ Բաքու մեկնելուց առաջ էլ էր վստահ՝ հեշտ հաղթանակներ չեն լինում, և ինքը լավ գիտակցում էր՝ ուր է գնում:

«Ցանկացած ըմբիշ այնտեղ էր գնացել պայքարելու և իր պետությունը հնարավորինս լավ ներկայացնելու: Բախտս բերեց, և ես կարողացա մեդալ նվաճել, իհարկե ափսոս, որ այն ոսկե չէ, բայց ինձ թվում է՝ կարողացա ուրախացնել բոլորին: Իհարկե, արդարացումներ չեմ փնտրում, աշխատելու տեղեր շատ կան: Առջևում աշխարհի առաջնությունն ու օլիմպիական խաղերն են, և ես գտնում եմ, որ այս մեդալը ևս մեկ քայլ էր դեպի այդ նպատակները»:

Այս հաղթանակը Միհրանին էլ ավելի մեծ վստահություն է ներշնչել: Նա նշեց, որ մինչ այդ էլ վստահություն կար, սակայն այս մեդալով թե´ իրեն, և թե´ մնացածին ապացուցեց, որ կարող է հաղթել գրեթե բոլոր մրցակիցներին.

«Սա ըմբշամարտ է, ու լինում են գոտեմարտեր, որ հեշտ չեն տրվում: Թվում է՝ տվյալ ըմբիշը այնքան էլ տիտղոսակիր չէ, բայց նրա հետ գոտեմարտը ավելի բարդ է ստացվում, դրա համար պետք է ավելի շատ աշխատել: Մտածում եմ՝ այս մեդալը ինձ ավելի առաջ կմղի»:

Միհրանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց իր հետ Բաքվում գտնվող ըմբիշներին և մարզիչներին՝ շեշտելով, որ նրանք միշտ օգնում էին միմյանց. «Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ողջ Հայաստանին. ես զգում էի բոլորի աջակցությունը»:

Անդրադառնալով եզրափակչում տեղի ունեցած մրցավարությանը՝ Միհրանը ասաց, որ չի ուզում մեկնաբանել այն, քանի որ կային ըմբշամարտից հասկացող մասնագետներ, ովքեր ամեն ինչ սեփական աչքերով են տեսել:

«Համոզված եմ՝ եթե գոնե մեկ անգամ գոտեմարտի ժամանակ մրցակցիս ծնկած դրություն իջեցնեին, և ես հնարավորություն ստանայի վերևից աշխատել, գոտեմարտի ելքը այլ կլիներ, բայց երբ ես գնում էի, գիտեի ու պատրաստ էի, որ այդպիսի մրցավարություն կլինի, ու հենց եզրափակչում էլ պետք է ավելի ուժեղ գործեի և կարողանայի հնարք կատարել կանգնած դրությունից, բայց սա արդեն պատմություն է, պետք է առաջ նայել»:

Խոսելով այս տարվա Հայաստանի առաջնությունում իր բացակայության մասին՝ Միհրանը նշեց, որ ինքը բաց է թողել այն առողջական խնդիրների պատճառով, բայց հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ Հայաստանը աշխարհի առաջնությունում կներկայացնի այն մարզիկը, ով լավ հանդես կգա միջազգային մրցաշարերում.

«Ինձ թվում է՝ էական չէ՝ ես կլինեմ, Արամը (նկատի ունի Արամ Ջուլֆալակյանին, ով այս տարի 66 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը-Sport.Times.am), թե մեկ ուրիշը, եթե այս պահին մարզիչները որոշեն՝ ինչ-որ մեկն է, ապա նա պետք է գնա: Այս պահին մտածում եմ, որ դժվար ինչ-որ մեկը կարողանա ինձ հաղթել Հայաստանում իմ քաշային կարգում, բայց եթե մարզիչները գտնեն, որ ես ինչ-ինչ առումներով պատրաստ չեմ, չեմ գնա»:

Վերջում Միհրանը խորհուրդ տվեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ըմբիշներին, ովքեր արդեն Բաքվում են, ունենալ լավ տրամադրություն և ներսում պատրաստ լինել դահլիճի բացասական վերբերմունքին. «Ցանկանում եմ՝ նրանք գտնեն գորգի վրա իրենց լավագույն որակները, և ես հույս ունեմ, որ մեդալներ կլինեն»,- եզրափակեց նա:

Գլխավոր լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Հետևեք մեզ նաև Telegram-ում