Բաքու 2015. Հայտնի են հայ մարզիկների առաջիկա մրցակիցները

Բաքու 2015. Հայտնի են հայ մարզիկների առաջիկա մրցակիցները

Հունիսի 18-ին` Բաքվում անցկացվող Եվրոպական առաջին ամառային խաղերի մրցումային 6-րդ օրը, պայքարի դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ: Նրանցից երեքն ազատ ոճի ըմբիշ են:

61 կգ քաշային կարգում հանդես կգա մինչև 23 տարեկանների այս տարվա Եվրոպայի չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանը: 1/8-րդ եզրափակչում նա ուժերը կչափի ադրբեջանցի Ալիևի հետ: 86 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Եվրոպայի բազմակի մրցանակակիր Մուսա Մուրթազալիևը: 1/16-րդ եզրափակչում նա կմրցի թուրք Բիլիջիի հետ: Գերծանր քաշային կարգում էլ հանդես կգա Լևան Բերիանիձեն: Մեր մարզիկը պայքարը կսկսի 1/8-րդ եզրափակչից և ուժերը կչափի Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, ռուսաստանցի Հաջիմուրադ Գացալովի հետ: Մրցման մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով առավոտյան 9-ին: 

Ժամը 11-ի սահմաններում տատամի դուրս կգա թեքվանդիստ Արման Երեմյանը: Նրա առաջին փուլի մրցակիցը թուրք Յունուս Սարին է:  Բռնցքամարտիկ Նիկոլ Արությունովը հանդես է գալիս 81 կգ քաշային կարգում: Վաղը ժամը 12-ի սահմաններում նա դուրս կգա ռինգ և կմենամարտի լեհ Յորդան Կուլինսկիի հետ: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում